Այն ծրագիրը, որին ձեռնամուխ են եղել ՀՀ նոր իշխանությունները, տանում է դեպի հարկապետություն։ Երեկ «Հայելի» ակումբում այս միտքն արտահայտեց «Պոլիտէկոնոմիա» իրավական, քաղաքական եւ տնտեսական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը:
Խոսելով այն մասին, որ կառավարությունն իր գործունեության հիմքում դրել է հարկային վարչարարության ուժեղացումը, բյուջեն լցնելը՝ նա կարծիք հայտնեց, որ արդյունքում ունենք տնտեսություն՝ հանուն բյուջեի, ոչ թե բյուջե՝ հանուն տնտեսության։ Երբ բյուջեի կատարումը դառնում է գերնպատակ, այսինքն՝ երբ ամեն ինչ արվում է, որպեսզի 1.7 միլիարդից 2.5 միլիարդի հասած բյուջեն կատարվի, դա, Ա. Թեւանյանի կարծիքով՝ վտանգավոր է, եւ իրենից ներկայացնում է թաքնված նեոբոլշեւիզմ։ «Իշխանությունը հայտարարում է՝ իմ տնտեսական քաղաքականությունը հետեւյալն է. ես հավաքում եմ բյուջե փող, եւ բաժանում եմ աղքատներին: Սա մոտավորապես նույն 1917 թվականի հայտարարությունն է՝ հողը՝ գյուղացուն, գործարանը՝ բանվորներին, բայց արդյունքում ոչ գյուղացին եւ ոչ էլ բանվորը հող ու գործարան չստացան: Հիմա մեր իշխանությունն ասում է՝ մենք պետք է մաքսիմալ գումարներ հավաքենք, որպեսզի բաժանենք սոցիալապես անապահով շերտերին»,- ասաց բանախոսը՝ ավելացնելով, որ դրանից տուժում են թե՛ բիզնեսմենները, թե՛ չինովնիկները, թե՛ անապահով խավը։ Տրամաբանությունը հետեւյալն է. երբ հարկային վարչարարությունն ուժեղանում է, գործարարը ստիպված բարձրացնում է իր կողմից մատակարարվող ապրանքների եւ ծառայությունների գինը, ինչից, ի վերջո, տուժում է սպառողը։ Իսկ չինովնիկները տուժում են թեկուզ նրանով, որ խիստ վարչարարության պայմաններում կաշառքներ վերցնելը դժվար կլինի։
Ա. Թեւանյանը մի քանի անգամ փորձեց իրեն ապահովագրել սխալ հասկացված լինելուց, կրկնելով, որ ինքը ոչ թե դեմ է ստվերի դեմ պայքարին, այլ գտնում է, որ պետք է նախեւառաջ խաղի պայմանները փոխվեն, օրինակ՝ մտցվի պրոգրեսիվ հարկ։ Որպեսզի ընթերցողին ավելի հասկանալի լինի, օրինակով խոսենք։ Ենթադրենք, գործարարն օրենքով պարտավոր է մուծել 20 դրամ հարկ։ Հարկային տեսուչի հետ պայմանավորվելով՝ նա բյուջե մուծում է 10 դրամ, 5 դրամը տալիս է որպես կաշառք, 5-ը խնայում է։ Հիմա իշխանությունը ցանկանում է գանձել իր 20 դրամն ամբողջությամբ, բայց ոչ մի երաշխիք չկա, որ հարկային տեսուչն իր հասանելիքը չի ուզի։ Այսինքն՝ նախկին 15-ի փոխարեն՝ գործարարն այժմ փաստացի «դուրս է տալիս» 25 դրամ։ Սա նրա համար նշանակում է՝ հարկային բեռի ավելացում, ինչին ի պատասխան՝ գործարարը թանկացնելու է իր ապրանքներն ու ծառայությունները։ Դրանից խուսափելու համար, Ա. Թեւանյանն առաջարկում է նախ միջոցներ ձեռնարկել` թեթեւացնել հարկային բեռը (որպեսզի գործարարն ավելորդ ճնշում չզգա), հետո նոր անցնել խիստ վարչարարության։ Եվ ոչ մի դեպքում, ըստ Ա. Թեւանյանի, չի կարելի ուրախանալ, երբ Հարկայինը պատժում է որեւէ խոշոր գործարարի, որովհետեւ դա ոչ մեկին օգուտ չէ։
Պրն Թեւանյանի այս տեսակետին՝ մասնավորապես այն պնդմանը, որ հարկավոր է նախ՝ թեթեւացնել հարկային բեռը, ապա նոր՝ խստացնել վարչարարությունը, դեմ էր նրա ընդդիմախոսը՝ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։ Վերջինիս համոզմամբ, նախեւառաջ անհրաժեշտ է կիրառել գործող օրենքը, որից հետո միայն կարելի է պարզել դրա արդյունավետությունն ու որոշել՝ փոփոխություն անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: «Ես համաձայն եմ, որ հասարակության շատ անդամների ձեռք է տալիս առանձին դեպքերում մտնել ստվերային համաձայնության մեջ, այդ թվում՝ հարկային, մաքսային մարմինների հետ, որովհետեւ դա իրենց լրացուցիչ արտոնություն, մրցակցային առավելություն է տալիս: Բայց արդյո՞ք այդ դժգոհությունը բավարար է, որպեսզի մենք չփորձենք բարեփոխվել: Ես կողմ եմ, որ միանշանակ օրենքի ամբողջ կատարումը պետք է ապահովվի, որից կերեւա նաեւ մեր հայաստանյան շուկայում մրցակցային առավելությունները»,- ասաց Ա. Մինասյանը:
Ա. Թեւանյանն ընդդիմացավ՝ թե այդ դեպքում տնտեսությունը կարող է մահանալ, սակայն բանախոսներից յուրաքանչյուրն այդպես էլ մնաց իր կարծիքին։
Բանավեճի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ մեր հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող մեկ այլ թեմայի՝ այն օրինագծին, որով առաջարկվում է կրկնապատկել բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը։ Ա. Մինասյանն, ով այդ նախաձեռնության հեղինակներից է, այդ քայլը հիմնավորում է աշխատավարձի վճարման միասնական ռազմավարության ստեղծման անհրաժեշտությամբ: Իսկ այդ միասնական ռազմավարությունը խախտվում է թեկուզ հենց նրանով, որ երկրի թիվ մեկ պաշտոնյան՝ ՀՀ նախագահը, ստանում է 400 հազար դրամ աշխատավարձ, ավելի քիչ, քան Վերահսկիչ պալատի նախագահը՝ 780 հազար դրամ։
Ա. Մինասյանին հատկապես դուր չէր եկել, որ ԶԼՄ-ներում, քննադատելով այդ նախաձեռնությունը, բոլորին ընդհանրացնում են՝ ասելով, որ այդ մարդիկ չեն մնացել 200-300 հազար դրամի հույսին։ Մինչդեռ ինքը՝ պրն Մինասյանը, գիտի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր ապրում են հենց իրենց աշխատավարձով, օրինակ՝ ՀՅԴ երկու նորանշանակ նախարարները եւ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։ Ըստ պատգամավորի, թեկուզ այդ քիչ թվով մարդկանց հարկավոր է խրախուսել, նրանք չպետք է տուժեն մյուսների անպարտաճանաչության պատճառով։ Իսկ ինչ վերաբերում է բուն անպարտաճանաչներին, ապա իրենք վերահսկելու են, որ աշխատանքից անհարգելի բացակայող պատգամավորների աշխատավարձը պահվի։
Հ.Գ. Մեր թերթի առաջիկա համարներից մեկում կարող եք կարդալ Արծվիկ Մինասյանի հետ հարցազրույցը, որում մանրամասն կանդրադառնանք վերը նշված օրենսդրական նախաձեռնությանը, դրա հիմնավորումներին եւ սպասվող արդյունքներին։