Ինքը՝ հասարակությունն, անազատ է

13/06/2008

«Հետընտրական շրջանում մարդկանց մեծ մասը կալանավորվել է քաղաքական դրդապատճառներով»,- «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Վերջինս ասել է, որ հետընտրական շրջանում ձերբակալված գործիչների հետ կապված իրավական խնդիրներ քննարկելը շեղում է «բուն քաղաքական թեմայից»: «Այստեղ մարդիկ են, որոնք մեկուսացվել են միայն իրենց քաղաքական հայացքների, իրենց քաղաքական գործունեության համար, որովհետեւ վտանգված է եղել այն իշխանությունը, որը ի սկզբանե ապօրինի է, եւ այդ ապօրինի իշխանությունը հաշվեհարդարի այս ձեւն է ընտրել: Մենք ընդունել ենք այս խաղի կանոնները, որովհետեւ չենք պատրաստվում թողնել Հայաստանը կամ մի կողմ կանգնել այս պրոցեսներից»,- հայտարարել է Արարատ Զուրաբյանը: Պատասխանելով իր հետագա գործունեության վերաբերյալ հարցին՝ ՀՀՇ վարչության նախագահն ասել է. «Ես կարծում եմ, որ շարունակելու եմ իմ գործունեությունը՝ անկախ նրանից` կլինեմ ազատությա՞ն, թե՞ անազատության մեջ, որովհետեւ Հայաստանում դա շատ հեղհեղուկ հասկացություն է, Հայաստանում ոչ ոք չգիտի` ինքն ազատությա՞ն մեջ է, թե՞ անազատության, ինքը՝ հասարակությունը, անազատ է»: Ա. Զուրաբյանի կարծիքով՝ «Հայաստանում շատ նորմալ պրոցեսներ են ընթանում»: «Իշխանությունները ստիպված են լինելու գնալու երկխոսության: Ընդ որում, երկխոսության հիմքում հետեւյալն է ընկած լինելու. նրանք «փաթեթո՞վ», թե՞ «փուլերով» են թողնելու իշխանությունըգ Կարծում եմ, որ այսօրվա Հայաստանը դա մեկ տարի առաջվա Հայաստանը չէ: Եվ համոզված եմ, որ մեկ տարի հետո Հայաստանը կլինի լրիվ ուրիշ»,- հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահը: Վերջինս մեղադրվում է Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված «պետական իշխանությունը յուրացնելու» եւ «սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու» համար: