«Հայէկոնոմբանկը» 2007 թվականի ընթացքում բավականին խոշոր նվաճումների է հասել, կնքել բազմաթիվ միջազգային պայմանագրեր: Շաբաթ օրը լրագրողներին ներկայացնելով բանկի 2007 թվականի տարեկան արդյունքները` հայտարարեց «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրեն Դավիթ Սուքիասյանը:
Ըստ այդմ, նախորդ տարվա փետրվարին «Moode’s investors» միջազգային վարկանիշային ընկերությունը Հայաստանում առաջին անգամ տրամադրել է բանկային ռեյտինգ` «Հայէկոնոմբանկին», իսկ ապրիլին բարձրացրել է այդ վարկանիշը: «Հայէկոնոմբանկը» 2007-ի փետրվարին Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ (IFC) կնքել է 2 մլն դոլար ծավալով վարկային պայմանագիր` փոքր եւ միջին բիզնեսի ծրագրով, մասնակցել է գերմանական հիմնադրամի կողմից հիպոթեքային վարկավորման ծրագրին, շահել եւ 2007-ին իրականացրել խոշոր ծավալի վարկավորում: Իսկ Եվրոբանկի հետ կնքվել է 3 մլն դոլարի չափով պայմանագիր:
«Դեկտեմբերին Եվրոբանկի հետ համատեղ մենք կնքեցինք սինդիկացված վարկի պայմանագիր` ներգրավեցինք 15 մլն ԱՄՆ դոլար: 6 կոմերցիոն բանկեր մասնակցեցին ծրագրին, որոնք Հայաստանում ներկայացված չէին որպես վարկ տրամադրող բանկեր: 2007-ի ընթացքում միջազգային փոխանցումների արագ եւ որակյալ կատարման համար միջազգային արտարժութային փոխանցումների սերտիֆիկատ ստացանք: «Western Union»-ը մեզ շնորհեց պատվոգիր: Միացանք վճարային փոխանցումների «Moneygram» համակարգին եւ հիմնեցինք «Նորագավիթ» եւ «Իջեւան» մասնաճյուղերը»,- ասաց Դ. Սուքիասյանը` նշելով, որ իրենք շատ են կարեւորում «Moode’s investors»-ի կողմից «Հայէկոնոմբանկին» շնորհված վարկանիշները: «Դա բացում է նոր ճանապարհ դեպի միջազգային շուկա: Միջազգային կոմերցիոն բանկերը առանց վարկանիշի շատ մեծ դժվարությամբ են աշխատում այլ կոմերցիոն բանկերի հետ եւ վարկային ծրագրեր իրականացնելիս նրանք առաջնորդվում են այդ վարկանիշերով»,- ասաց նա: Դ. Սուքիասյանի խոսքերով` 2007-ին «Հայէկոնոնմբանկն» ունեցել է հաճախորդների մոտ 45 տոկոս աճ: Անդրադառնալով 2008-ի նախագծերին` Դ. Սուքիասյանը նշեց, որ իրենք նախատեսում էին իրականացնել սինդիկացված նոր վարկի պայմանագիր: «Պայմանավորվածությունները կային, սակայն կապված փետրվարյան իրադարձությունների հետ` այդ ծրագրերը մի փոքր հետաձգվեցին: Ակնկալվում է, որ այդ ծրագրերը կիրականանան հուլիս-օգոստոս ամիսներին: 2008-ին Սեւծովյան բանկի հետ 5 միլիոն դոլար վարկի պայմանագիր ենք կնքել: Մենք նոր պրոդուկտ ենք առաջարկելու մեկ ամսից: Բանն այն է, որ խնդիր առաջացավ չեկերի սպասարկման համար: Չեկերը մեր հաճախորդները սկսեցին օգտագործել իբրեւ փոխանցման միջոց, գնում էին 100.000 ԱՄՆ դոլարի չեկեր, գնում Դուբայ, կանխիկացնում դրանք: Սակայն Արաբական Էմիրություններում գործընթացները խստացան, չեկերը 10.000 դոլարը չպիտի գերազանցեն: Այդ պատճառով մենք նոր ծառայություն կմատուցենք մեր հաճախորդներին, նրանք հնարավորություն կունենան ունենալ «Հայէկոնոմբանկի» այցեքարտը եւ Արաբական Էմիրություններում կկարողանան բացել ոչ ռեզիդենտի հաշիվներ եւ իրենց փոխանցումները կատարել ոչ կանխիկ ձեւով»,- ասաց նա` նշելով, որ բանկի ակտիվները կազմում են 48 միլիարդ դրամ: Այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին արձանագրվել է ակտիվների` 5-6 միլիարդ դրամի աճ: «Աճն ամբողջությամբ պայմանավորված է տեղական ռեսուրսներով, տեղական հաճախորդներով»,- հայտարարեց Դ. Սուքիասյանը: Նրա խոսքերով` վարկային տոկոսադրույքը նվազել է, քանի որ Հայաստանում նոր բանկեր են սկսել վարկավորում իրականացնել` բավական խոշոր գումարներով, ցածր տոկոսադրույքներով: «Մենք չենք կարող վարկային տոկոսադրույքները պահել, պետք է իջեցնել: Բացի այդ` մեզ համար ռազմավարական խնդիր է նոր հաճախորդներ գրավելը»,- ասաց նա: Անդրադառնալով բանկի ռիսկերին` Դ. Սուքիասյանը նշեց, որ բանկի հիմնական ռիսկն իրացվելիությունն է: «Մենք բավականին վարկային ծավալի աճ ունեինք, ու մեր իրացվելիությունը նոյեմբեր ամսին կազմեց 62 տոկոս` թույլատրված 60 տոկոսի դիմաց: Մենք շատ արագ կարողացանք այն կարգավորել, ու այսօրվա դրությամբ մայիսին մեր իրացվելիությունը 105 տոկոս է, այսինքն՝ թույլատրելիից 45 տոկոս ավելին: Դա մեր ռազմավարությունն է, մոտ ժամանակներս մենք այն կիջեցնենք 80 տոկոսի, որը մեզ համար նպատակահարմար է: Մնացած ռիսկերը մեր պրոֆեսիոնալիզմից է կախված. եթե կարողանանք ճիշտ կանխատեսել փոխարժեքները, արտարժութային դիրքից շահույթ ենք ստանում, հակառակ դեպքում` վնասներ ենք կրում»,- ասաց նա: