Պատռել են մանդատները

13/06/2008

Հունիսի 7-ին Վրաստանի նորընտիր խորհրդարանը սկսել է իր աշխատանքները: Նույն օրը խորհրդարանի խոսնակի պաշտոնում ընտրվել է Վրաստանի նախկին արտգործնախարար Դավիթ Բաքրաձեն: Իսկ որոշ ընդդիմադիր գործիչներ խորհրդարանի առջեւ կազմակերպած հանրահավաքում պատռել են իրենց պատգամավորական մանդատները` հայտարարելով, թե չեն մասնակցելու խորհրդարանի աշխատանքին: Նշենք, որ նախապես հայտարարված էր, թե նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանը պետք է սկսվեր այս շաբաթվա սկզբում, սակայն Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ուրբաթ օրն, ուշ երեկոյան հայտարարել էր հաջորդ օրը նստաշրջան հրավիրելու մասին` այդպիսով ժամանակ չտալով ընդդիմությանը՝ մեծ հանրահավաք կազմակերպելու համար: Այդուհանդերձ, ընդդիմության հանրահավաքը կայացել է, սակայն, ըստ տարբեր գնահատականների, մասնակիցների թիվը չի անցել մի քանի հարյուրից: Իսկ նորընտիր խորհրդարանի նստաշրջանի բացման արարողությանը ներկա է եղել նաեւ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը: Սակայն նա դուրս է եկել ընդդիմության հանրահավաքի մասնակիցների մոտ եւ միասնության կոչ է արել Վրաստանի ժողովրդին: Իսկ ընդդիմության առաջնորդները, որոնք ավելի վաղ խոստացել էին շրջափակել խորհրդարանի շենքը եւ պատգամավորներին ներս չթողնել, շաբաթ օրը բավարարվել են միայն խորհրդարանի շենք մտնողներին «դավաճան» վանկարկումով դիմելով։