Արմավիրի մարզի Նորավան համայնքը 164 հա անտառ ուներ: Տարիներ առաջ մարզպետարանը 4 հա տրամադրեց գյուղի գերեզմանոցին, իսկ մնացած 160 հա-ն, հաշվեկշռից հաշվեկշիռ փոխանցվելով եւ այդ ընթացքում մաս-մաս վաճառվելով՝ վերացավ:
Անտառից 5,5 հա վարձակալել էր Նորավանի բնակիչ Սմբատ Աբգարյանը` 1993թ. վարձակալական պայմանագիր կնքելով Անտառտնտեսության հետ. գյուղմթերք էր արտադրում: Ավելի ուշ իր վարձակալած տարածքի 4 հա-ի վրա, համաձայնության գալով եւ պայմանագիր կնքելով Գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի հետ, Սմբատը գիտափորձի նպատակով հիմնել է ամերիկյան եւ կանադական արագաճ բարդու անտառ: Համաձայն պայմանագրի` գիտափորձն ավարտվելու էր 2010թ.: Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ գիտափորձն էլ, 1,5 հա գյուղմթերքի արտադրության համար տրամադրված հողն էլ վարձակալի ձեռքից վերցրին: Մարզային իշխանությունները նախապես էին պատրաստվել անտառի վաճառքին. սնանկ էին ճանաչել Անտառտնտեսությունը, ինչի արդյունքում 2004 թվականին կառավարության որոշմամբ անտառն անցել էր Արմավիրի մարզպետարանի հաշվեկշռին: Սնանկ ճանաչված ընկերության հետ կնքած պայմանագրերն էլ հայտարարվել էին առոչինչ: Իսկ հողն անտառնշանակությունից դարձրել էին գյուղնշանակության եւ որակել 5-րդ կարգի, ասել է` մշակման համար ոչ պիտանի: «Հողի կարգն այնքան են իջեցրել, որ նոր տերերը հիմա 1 հա-ի դիմաց 2700-3000 դրամ են վճարում, իսկ մեզանից կրկնակին էին գանձում»,- ասաց նախկին վարձակալ Ռազմիկ Խաչատրյանը: 2005-ի գարնանը սկսվել էր անտառն աճուրդով վաճառելու գործընթացը, որի մասին տեղյակ չէին պահել հողի վարձակալներին: Սմբատ Աբգարյանն ասաց, որ նույնիսկ առաջին աճուրդ չի հայտարարվել, եղել է ձեւական կրկնաճուրդ, ու անտառը վաճառվել է պաշտոնյաների մի մեծ խմբի: «Եթե ես այդ աճուրդի մասին իմանայի, ինքս կգնեի իմ վարձակալած տարածքը: Այդ ո՞նց եղավ, որ քաղաքապետ Խլղաթյանի զարմիկը Թալինի Ոսկեպար գյուղում թերթ կարդաց ու իմացավ` եկավ հողը գնեց, կամ` նախկին ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի 73-ամյա զոքանչը Երեւանի իր տանը նստած` տեղեկացավ աճուրդի մասին, իսկ մենք ամբողջ գյուղով չիմացանք»,- ասաց նախկին վարձակալ Ռուզաննա Հակոբյանը:
Արմավիրի մարզպետարանի իրավաբան Յուրա Մանվելյանը, ում անմիջական մասնակցությամբ է «կայացել» աճուրդը, անհիմն համարեց նորավանցիների բողոքը` ասելով. «Եվ առաջին, եւ երկրորդ աճուրդների մասին հայտարարությունները տրվել են «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթով: Որ իրենք աճուրդին չեն մասնակցել, դրա համար իրենց հիմնավորումն ունեն. համոզված էին, որ տարիներ շարունակ իրենց մշակած հողը պետությունն իրենց էր թողնելու»:
Նկատենք, որ ՀՀ Հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասը մեկնարկային գնով հողի վաճառքն արտոնում է նրան, ով 10 եւ ավելի տարի մշակել է տվյալ հողը, ինչը կարողանում է ապացուցել փաստերով: Նորավանի անտառի կեղծ աճուրդը չեղյալ հայտարարելու հայցով Աբգարյանը եւ այլ վարձակալներ դիմել էին դատարան: Դատական երեք ատյանները` Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը, վերաքննիչ դատարանը, ինչպես նաեւ՝ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատը մերժել էին հայցը: «Իբր չեմ կարողանում ապացուցել, որ 5,5 հա ես մշակել եմ: Ապացուցելն էլ ո՞նց է լինում, երբ իմ աճեցրած անտառը փաստացի կա»,- ասաց Սմբատ Աբգարյանը, ում նկատմամբ բարոյական ճնշում կիրառելու ձեւ է գտել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Վերջինս Աբգարյանի երբեմնի վարձակալած հողի ներկայիս սեփականատերն է: Ս. Աբգարյանի փոխանցմամբ` քաղաքապետի ցուցումով Արմավիրի ոստիկանությունում իր նկատմամբ նյութեր են նախապատրաստվում` գույքը դիտավորյալ ոչնչացնելու մեղադրանքով: «Գույք կոչվածը չորացած ծառերն են, որոնք գարնանային էտի եմ ենթարկել` նոսրացման միջոցով մնացած ծառերի աճը կարգավորելու համար»,- ասաց Սմբատ Աբգարյանը: Նրա համոզմամբ` իշխանություններն այդ քայլով իրեն հրահրում են ձեռք բարձրացնել իր իսկ աճեցրած անտառի վրա, որպեսզի տարածքն ազատվի եւ երեւա որպես վարելահող: «Թող չսպասեն, այդ ծայրահեղությանը չեմ գնա»,- ասաց Սմբատը:
Նորավանի անտառը, որ Լուկաշինի քարհանքից` 2 կմ, իսկ ատոմակայանից 7 կմ հեռավորության վրա է, քամիների ժամանակ պաշտպանում է Արմավիրն ու հարակից գյուղերը քարհանքի փոշիներից ու ճառագայթումից: Անտառի ոչնչացումով մեծ վնաս կհասցվի նաեւ այդ տարածաշրջանի էկոլոգիային: Այս մտահոգությունը Սմբատ Աբգարյանը փոխանցել է Կանաչների միությանը: Խնդրել է, որ հնարավորության դեպքում հանձնաժողով կազմեն եւ ուսումնասիրեն Նորավանի գործը: «Բնապահպանություն կամ էկոլոգիա ասելով՝ միայն Երեւան, Սեւան ու Թեղուտ են հասկանում, մինչդեռ ատոմակայան ունեցող տարածքն իր էկոխնդիրներով ուշադրությունից դուրս է մնացել»,- ասաց Ս. Աբգարյանը:
Երեք տարի առաջ ծագած Նորավանի գործը գյուղացիները նորից են թարմացնում. կարծում են, թե նոր իշխանությունները խնդրին ծանոթ չեն: Իսկ մարզային եւ քաղաքային իշխանությունների պահվածքը Սմբատ Աբգարյանը որակում է հանցավոր` ասելով, թե ոտնահարել են իրենց սահմանադրական իրավունքը:
www.hetq.am