Երեկ բավական հետաքրքիր տեղեկատվություն է տարածել «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը: Վկայակոչելով Հայաստանի կառավարական աղբյուրները, «Ասոշիեյթեդ փրեսը» տեղեկացրել է, որ Հայաստանի սահմաններից դուրս ապրում է 5,7 միլիոն հայ: Ըստ գործակալության, Ռուսաստանում բնակվում է` 2 միլիոն, ԱՄՆ-ում՝ 1,4 միլիոն, Վրաստանում՝ 460 հազար, եւ Ֆրանսիայում՝ 450 հազար հայ: Նույն աղբյուրի համաձայն՝ 1992-94 թվականներին Հայաստանից հեռացել է 500 հազար մարդ, որոնց մեծ մասը մեկնել է Ռուսաստան: Մինչդեռ, ըստ պաշտոնական տվյալների, վերջին 4 տարում ներգաղթածների թիվը 33 հազարով գերազանցել է արտագաղթածների թիվը: