Առաջնությունը Հայաստանում

13/06/2008

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահ Չինգ Կուո Վուին: Ինչպես տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից, նախագահն ասել է, որ Պեկինի օլիմպիական խաղերին մասնակցելու են հայաստանցի չորս բռնցքամարտիկներ, եւ հույս է հայտնել, որ նրանք հաջող հանդես կգան` վերականգնելով հայկական բռնցքամարտի բարի համբավը: Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահը նշել է, որ երկօրյա այցի ընթացքում հնարավորություն է ունեցել ծանոթանալ Հայաստանում բռնցքամարտի զարգացման պայմաններին: Ընդգծելով հայկական բռնցքամարտի լավ պատմությունը, Չ. Կուո Վուն ասել է, որ միջազգային ասոցիացիան ցանկություն ունի հաջորդ տարի Հայաստանում անցկացնել սիրողական բռնցքամարտի երիտասարդական միջազգային առաջնությունը: Ս. Սարգսյանը ողջունել է նման մտադրությունը: Նա ասել է, որ ցանկացած սպորտաձեւի զարգացման ամենամեծ խթանը հաղթանակներն են, որոնք ոգեւորիչ օրինակ են դառնում շատերի համար եւ մեծացնում ձգտումը դեպի տվյալ սպորտաձեւը: Իսկ Չ. Կուո Վուն նշել է, որ Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիան մշտապես պատրաստ է ըստ ամենայնի աջակցել ՀՀ-ում սպորտաձեւի զարգացմանը: