ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը` ի պատասխան մեր թերթի մայիսի 30-ի թիվ 53/521 համարում տպագրված` «Քաղաքապետարանը մսխում է բյուջեի փողերը» հոդվածի, որտեղ հեղինակն անդրադարձել էր Ալավերդու գերեզմանների բարեկարգման համար 2007թ. քաղաքապետարանին հատկացված 41 մլն դրամի իրացմանը՝ նշելով, որ այն նպատակային չի օգտագործվել, հաղորդագրություն է ուղարկել, որտեղ մասնավորապես ասված է. «Տեղեկացնում եմ, որ Լոռու մարզի դատախազությունը, 2008թ. առաջին կիսամյակի աշխատանքային ծրագրի շրջանակներում, ուսումնասիրել է ՀՀ պետական բյուջեից պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին հատկացված գումարների ծախսման ոլորտում պետական շահերի պաշտպանության վիճակը։ Ուսումնասիրությունների ընթացքում տեղեկություններ են ստացվել, որ մի շարք համայնքներում պետական բյուջեից ստացված միջոցների ծախսման ժամանակ թույլ են տրվել չարաշահումներ, մասնավորապես՝ Ալավերդու գերեզմանների բարեկարգման համար 2007թ. քաղաքապետարանին հատկացված 41 մլն դրամը նպատակային չի օգտագործվել։ Ստացված տեղեկությունները ստուգելու համար Լոռու մարզի դատախազության կողմից 29.05.08թ. հանձնարարվել է ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնին՝ նախապատրաստել նյութեր։ Տեղեկացնում եմ, որ հոդվածը «Քաղաքապետարանը մսխում է բյուջեի փողերը» խորագրով ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին՝ դրանում նշված փաստերն արդեն նախապատրաստվող նյութերի հետ համատեղ ստուգելու եւ ընթացքը լուծելու համար։ Արդյունքների մասին կտեղեկացնեմ լրացուցիչ»։