Վեց երեխաների մայր Կարինե Առաքելյանի ընտանիքում կարճ ժամանակում մարդիկ են ծնվում ու մահանում, եւ այս երեւույթին համակերպված 48-ամյա կինն իրենց կյանքը մի տեսակ սառնասրտորեն է ներկայացնում: Որդիներից մեկը շատ պատահաբար է մահացել. քնել եւ չի արթնացել, իսկ մահվան պատճառը հետագայում պարզվել է. սրտի արատ: 17-ամյա մյուս որդին էլ դժբախտ պատահականությամբ սպանվել է: Միջամտելով հարեւանների վիճաբանությանը՝ դանակի հարվածից մահացել է: Անցյալ տարի տիկին Կարինեն կորցրել է ամուսնուն, ում մոտ շատ կարճ ժամանակահատվածում բժիշկները թոքերի քաղցկեղ են հայտնաբերել, որն անխուսափելիորեն ունեցել է մահվան ելք: Այս դժբախտությունների շարքը համալրել է
4-րդ կարգի վթարային շենքում ապրող տիկին Կարինեի հետ տեղի ունեցած դեպքը։ «Ամուսնուս մահվանից շատ չանցած, դուրս եկա պատշգամբ, որ երեխային տուն կանչեմ: Պատշգամբը փլվեց՝ ես երկրորդ հարկից ցած ընկա: Մեջքս, ողնաշարս ջարդուփշուր եղավ, մինչեւ հիմա գոտի եմ կապում: Տեղաշարժվելն անհնար ա դարձել, ոսկորներս էդ օրվանից բանի պետք չեն»,- ասում է տիկին Կարինեն, ով կյանքում այնքան դառնություն է տեսել, որ ընտանիքի անդամների մահվան մասին այլեւս խոսում է առանց աչք թարթելու: Տիկին Կարինեն ինձ հրավիրել էր իրենց տուն՝ իրենց մասին թերթի միջոցով բարձրաձայնելու համար: Սակայն տիկին Կարինեի դժբախտ կյանքի պատմությունն այնքան ցավոտ է, որ նա աշխատում է զգացմունքները խեղդել իր մեջ, այլապես արտաբերված բառերն է՛լ ավելի են թարմացնում վերքերը: Ասում եմ՝ «Մի քիչ պատմեք ձեր մասին»: Խոր լռությունը շփոթեցնում է, որովհետեւ պատմելու ժամանակ ձեւ է անում, իբրեւ թե ուժեղ է, եւ, որ դիմադրում է ցավին, բայց ամեն դեպքում ներսում կուտակված վիրավորանքն ու հարազատների կորստի զգացումն արտահայտվում են նրա աչքերի քարացած արտահայտությամբ: «Մենք լավ բնակարան ենք ունեցել: Տղաս որ մահացավ, մենք գումար չունեինք թաղման արարողությունը կազմակերպելու համար: Տոկոսով փող վերցրեցինք, որ հուղարկավորենք, հետո էդ սգից դուրս չեկած՝ տոկոսներն ավելացան ու ավելացան»,- պատմում է նա՝ ասելով, որ բազմանդամ իր ընտանիքը մի անզգույշ քայլի պատճառով հայտնվեց անդունդում: Այդուհանդերձ, տիկին Կարինեն վստահեցնում է, որ այլ տարբերակ չի եղել, անգամ դագաղ գնելու գումար չեն ունեցել, եւ երիտասարդ որդուն ինչպես հարկն է հուղարկավորելու համար դիմել են ծայրահեղ քայլի: Վաճառելով բնակարանը` մարել են տոկոսներն ու պարտքերը եւ հայտնվել փողոցում: «Անօթեւան, սոված-ծարավ վիճակում, երեխեքիս, թոռներիս ձեռքները բռնած` հայտնվել էի փողոցում: Չգիտեինք` ո՞ւմ դիմել, ո՞ւր գնալ, մինչեւ Աստծո կամքով էս սենյակը գտանք»,- ասում է նա: Այնուհետեւ տեղավորվել են Աէրացիայի թիվ 7 հանրակացարանում, որտեղ ապրելու համար մեծ համարձակություն է պետք ունենալ, քանի որ շենքը կիսափուլ, վթարային եւ քանդման ենթակա է: Կարինեն երեխաներին ու թոռներին խնամում, դաստիարակում է մի միջավայրում, որտեղ կոմունալ պայմաններն ընդհանուր են, ու որտեղ ընդհանուր խոհանոցը գրեթե ոչնչով չի տարբերվում զուգարանից: Մանկահասակ երեխաներն օգտվում են մի զուգարանից, որտեղ անթիվ-անհամար որդեր են բնակվում: Որդին՝ 30-ամյա Գարիկը, տուբերկուլյոզով հիվանդ է, դիսպանսերի հսկողության տակ է ու դեղորայքով է գոյատեւում: 23-ամյա Արսենի լյարդն է հիվանդ, նրա ամբողջ հաշմանդամության թոշակը ծախսվում է դեղորայքի վրա: Տիկին Կարինեն վախենում է այն մտքից, որ տուբերկուլյոզով հիվանդ Գարիկը կարող է վարակել քույրերին ու եղբայրներին, քանի որ բժիշկները միանշանակ խորհուրդ են տվել մեկուսացնել տղային: Ասում է, որ դիմել է Երեւանի քաղաքապետարան՝ խնդրելով հանրակացարանի բազում ազատ սենյակներից մեկը տրամադրել հիվանդ որդուն, այլապես վարակն անխուսափելի է: «Պարետն ասաց, որ հարցը կլուծեն, բայց մինչեւ հիմա ոչ մի բան էլ չեն արել: Ախր անչափահաս, մանկահասակ երեխեք կան, շատ վտանգավոր ա»,- պատմում է նա՝ վստահեցնելով, որ հանրակացարանի իրենց փոքրիկ սենյակի ամբողջ հատակը երեկոյան զբաղված է լինում, որովհետեւ երեխաներն ու թոռները շարքով քնում են հատակին: Այս բազմանդամ ընտանիքն ապրում է 26.000 դրամ ընտանեկան նպաստով եւ Կարինեի աղջկա` որպես միայնակ մոր տրվող 13.000 դրամ թոշակով: «Աղջիկս՝ երկու երեխաների հետ, տղաս՝ երեխաների հետ, իմ անչափահաս երեխաները, բոլորս էս մի սենյակում ենք ապրում: Երեխեքիս հին, ուրիշի տված շորերով եմ ուղարկում դասի, ամաչում են»: Ասում է, որ այս շենքում հարեւանները հարազատների նման օգնում են միմյանց, ու, եթե մեկն ինչ-որ կարիքի մեջ է՝ մարդիկ պատրաստակամ են օգնել: Ասում եմ՝ «Բայց հիմա աշխատանքը լիքն է, երեխաներից մի քանիսն էլ մեծ են, կարող են աշխատել, օգնել»: «Հա՛, աղջիկս շուտով անձնագիր կհանի ու կաշխատի: Տղաս թոքերի հիվանդ ա, ոտքի վրա հազիվ ա քայլում, էնքան ա հյուծվել, որ նա ի վիճակի չի աշխատելու: Ես էլ ընկա ջարդուխուրդ եղա: 6 ամիս ողնաշարիս պատճառով գամվեցի անկողնուն, հիմա հազիվ կարողանում եմ նստել»,- ասում է տիկին Կարինեն՝ խնդրելով որդու համար հանրակացարանում սենյակ հատկացնելու հարցում միջամտել, քանի որ իր համար ամենամեծ խնդիրը երեխաներին վարակից ապահովագրելն է: Մեր զրույցի ընթացքում մոտենում է 3-ամյա Կարինեն ու հիացմունքով արտահայտվում. «Ես ուզում եմ, ավելի ճիշտ՝ տատիկիս խոստացել եմ, որ մեծանամ՝ բժիշկ դառնամ: Անպայման պիտի բժիշկ դառնամ, որ բոլորին բուժեմ: Էս տանը բոլորը հիվանդ են, ու մեզ բժիշկ ա պետք»: