ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին
ՀՀ Գլխ. դատախազ Աղվան Հովսեփյանին
ՀՀ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին
ՀՀ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանին
Սկսած 2001թ. մինչեւ օրս 2100 օր անընդմեջ հարյուրավոր դիմում-բողոքներով ես եւ իմ որդի Ա. Նաջարյանը ահազանգում ենք վերը նշված ղեկավար պաշտոնյաներին, որ իմ որդու՝ Արմեն Նաջարյանի 700.000 դրամ (1100 ԱՄՆ դոլար) ապրանքի պարտքի դիմաց «Փեթակ» տոնավաճառի բիզնեսմեն Վազգեն Մարդոյանի եւ նրա քենակալ՝ Էրեբունի թաղապետարանի վարչության պետի տեղակալ Լեւոն Քոչինյանի կողմից ձեռնարկված բռնությունների, շանտաժի եւ ահաբեկությունների միջոցով՝ իմ որդուց կորզած պարտքի ստացականի եւ պարտքը չմարելու դեպքում նաեւ տունը օտարելու լիազորագրի հիման վրա, հանցավոր համաձայնության գալով եւ համագործակցելով Վեդու պետնոտարի, Կադաստրի, ԴԱՀԿ-ի եւ գյուղապետարանի աշխատակիցների հետ, կեղծ եւ ժամկետանց փաստաթղթերի հիման վրա, ինչու չէ` օգտագործելով նաեւ իրենց պաշտոնական դիրքը եւ ֆինանսական միջոցները, վաճառել են իրար մեջ եւ անաշխատ ճանապարհով հարստացել մեկ ուրիշի հաշվին, եւ նրա ընտանիքի 11 անդամին թողել փողոցում։ Այդ կապակցությամբ հարյուրավոր դիմումներ եւ բողոքներ ենք ներկայացրել վերը նշված ղեկավարներին, սակայն ոչ մեկի ստորագրությամբ դիմումի պատասխան չենք ստացել, քանի որ ղեկավարները դիմումներ չեն կարդում, լավագույն դեպքում, կարդում են նրանց ընդհանուր բաժնի վարիչները եւ տնօրինում մեր առանց այն էլ քայքայված եւ տանջված ժողովրդի ճակատագիրը։
Այսպես գրում ենք եւ գրում ենք, առայժմ հավատը չկորցնելով մեր ղեկավարների հանդեպ, եւ այդ դիմումների պատճենները կշռում են 6 կգ, որը պատրաստվում եմ հանձնել Պատմության թանգարանին, ի ցույց դնելու մեր ղեկավար այրերի աշխատաոճը։
Վերջապես ՀՀ Դատախազության նախաքննության հետաքննության օրինականության նկատմամբ հսկողության իրականացման վարչության պետի հանձնարարությամբ Արարատի մարզի դատախազության կողմից 2004թ. հոկտեմբերի 26-ին քրեական գործ հարուցվեց Վեդու պետնոտարի, Կադաստրի, ԴԱՀԿ-ի եւ գյուղապետարանի աշխատակիցների նկատմամբ ՀՀ Քր. օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ Արմեն Նաջարյանի սեփականություն հանդիսացող, առանձնապես խոշոր չափերի հասնող գույքի՝ «Բնակելի տան տնամերձ հողամասի նկատմամբ վստահությունը չարաշահելու եղանակով, իրավունք ձեռք բերելով կատարված հափշտակության դեպքի առթիվ»։ Սակայն քր. գործը հարուցվելուց հետո անցել է չորս տարի, այդ տարիների ընթացքում քր. գործը շրջել է Երեւան քաղաքի եւ Երեւան քաղաքի մարզերի համարյա բոլոր դատախազություններ, յուրաքանչյուր դատախազությունում գործը պահվել է մեկ տարուց ոչ պակաս, ոչ մի կասկածյալ որպես պոտենցիալ հանցագործ չի քննվել, այլ մի դատախազություն, մյուսից արտագրելով որոշումները, ոչ մի նոր երեւան եկած հանգամանքներ չավելացնելով, խաղացել են մեր ընտանիքի ճակատագրի հետ, հիմնովին քայքայել են իմ ընտանիքը, ցաք ու ցրիվ արել ապրելու տեղ չունենալու պատճառով եւ 11 անձի թողել բաց երկնքի տակ։
Վազգեն Մարդոյանը եւ նրա քենակալ Լեւոն Քոչինյանը չբավարարվելով դրանով, որ մեր 80.000 դոլար արժողությամբ նորակառույց եռահարկ տունը եւ 1000 քմ տնամերձ հողամասը վաճառել են 4000 ԱՄՆ դոլարով, 2006թ. դեկտեմբեր ամսին կոտրել են նաեւ մեր երկաթյա տան դռներն ու փականները եւ մեր 50 տարվա դժվարություններով ստեղծված տան գույքը եւ որոշ արժեքավոր իրեր տեղափոխել են անհայտ հասցեով, այդ այն դեպքում, երբ 2006թ. դեկտեմբերի 25-ին Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը լսեց նույն համայնքի դատախազության քննիչ Գ. Գեւորգյանի կողմից կարճման վերաբերյալ իմ որդի Ա.Նաջարյանի հայցը եւ կարճումը վերացրեց։ Այդ պահից սկսած քր.գործի քննությունը շարունակվում է, սակայն Լ. Քոչարյանը, չենթարկվելով դատարանի վճռին, որին, իհարկե, անձամբ մասնակցում էր, հենց հաջորդ օրը տունը 40.000 դոլարով վաճառեց Գոռավան գյուղի մեկ ուրիշ բնակչի` կատարելով հանցագործ արարք։
Հարգելի ղեկավարներ, մինչեւ ե՞րբ պետք է շարունակվեն Դատախազության համակարգում այս անօրինականությունները, որքա՞ն ժամանակ մեր ընտանիքի անդամները պետք է թափառեն փողոցներում եւ ընկնեն սրա-նրա դռները։ Միթե՞ մեր իշխանությունները չունեն այդքան ուժ, որպեսզի կանխեն այս հանցագործությունները եւ անօրինականությունները, երբ մենք կառուցում ենք ժողովրդավարական պետություն, եւ կատարվում է դատական համակարգի վերափոխում։ Մի՞թե սա է բարեփոխումը։
Հուսով եմ, որ այս անգամ կկարդաք Ձեզ ուղղված դիմումը եւ կձեռնարկեք միջոցներ, մեր ընտանիքը վերականգնելու եւ միավորելու համար։
Սպասում եմ մեծ հույսերով Ձեր արձագանքին։
Դիմող՝ Վեդի, Գոռավան գյուղի բնակիչ, ներկայիս հասցեն՝ ՀՀ Գլխավոր դատախազության դիմացի այգու նստարան (որտեղ նաեւ քնում եմ):
ՄԵՋԵՐԻՏԱ ՊԱՊՅԱՆ
Հ.Գ. Տիկին Մ. Պապյանի հետ կարելի է կապ հաստատել նաեւ բարեկամուհու տան 010 26-50-55 քաղաքային հեռախոսահամարով: