1. Այսօր տարածաշրջանում կա ղարաբաղյան հակամարտության լուծման ընթացքի վրա ազդեցություն ունեցող ուժերի աշխարհաքաղաքական որոշակի հավասարակշռություն։ Եվ այդ ազդեցությունը մշտապես դրական չէ։ Օրինակ՝ Ռուսաստանը, որը հայտարարում է ղարաբաղյան հակամարտության լուծմանն աջակցելու իր ձգտումների մասին, իրականում դրանով շահագրգռված չէ, ընդ որում՝ օբյեկտիվ պատճառներով։ Չէ՞ որ գաղտնիք չէ, որ հակամարտության լուծման դեպքում Ռուսաստանը պարզապես դուրս կմղվի տարածաշրջանից։ Այսօր այդ երկիրը հայերի կողմից դիտվում է՝ որպես հենարան ընդդեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Ղարաբաղյան հակամարտության լուծումը կհանգեցնի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սահմանների բացմանը, նրանց հետ Հայաստանի հարաբերությունների բարելավմանը։ Եվ այստեղ անպայման կառաջանա Հայաստանում ռուսական զորքերի հետագա ներկայության անհրաժեշտության հարցը։ Ի՞նչ իմաստ կունենան դրանք եւ ո՞ւմ դեմ կլինեն ուղղված։ Պարզ է նաեւ, որ ֆինանսապես ավելի հզոր ԱՄՆ-ը եւ Արեւմտյան Եվրոպայի երկրներն ի դեմս Ռուսաստանի՝ չեն հանդուրժի մրցակցի ներկայությունն այս տարածաշրջանում։
Կարելի է շարունակել խնդիրների եւ աշխարհաքաղաքական տարաձայնությունների ցանկը, որոնք կապված են հատկապես ամերիկաիրանական փոխհարաբերությունների եւ կասպիական էներգապաշարների հետ, եւ այդ ժամանակ պարզ կդառնա, որ չենք կարող մոտ ապագայում ավելի բարենպաստ արտաքին քաղաքական իրադրության հույս ունենալ։
2. Կոսովոյից հետո այլեւս իրավական դաշտ գոյություն չունի։ Եթե մինչեւ հիմա լսել էինք մոլորակի այլ մասերում ի հայտ եկած նախադեպերի մասին (Աֆրիկայում` Էրիթրեա, Ասիայում` Թիմոր եւ այլն), ապա այժմ առաջին անգամ նախադեպ ստեղծվեց ԵԱՀԿ տարածքում։ Եվ Կոսովոյի գլխավոր վտանգը դա է։ Տեսեք, թե միջազգային իրավունքի տեսանկյունից ինչպես զարգացան իրադարձությունները Կոսովոյում. սկզբում Կոսովո ուղարկվեցին խաղաղապահներ, փաստորեն՝ անջատողականներին պաշտպանելու համար։ Անհեթեթ պարադոքսն այն է, որ անջատողականությունից տուժած Ադրբեջանը եւս շտապեց այնտեղ ուղարկել խաղաղապահների իր վաշտը։ Խաղաղապահների մուտքից հետո, հիմա արդեն նրանց պաշտպանության ներքո կատարվեց ինքնիշխան պետության տարածքի բռնազավթում, ընդ որում՝ առանց հարգելու եւ՛ այդ պետության` Սերբիայի դիրքորոշումը, եւ՛ միջազգային իրավունքը, հանուն որի 30 տարի առաջ պայքարում էին ամերիկացիներն ու եվրոպացիները։ Ի՞նչ երաշխիք կա, որ այդ նույն մոտեցումը չի դրսեւորվի Ադրբեջանի նկատմամբ. եթե ալբանացիներին կարելի է, ապա ինչո՞ւ չի կարելի հայերին։ Ոչ հիմա, բայց թեկուզ մի 10 տարի հետո, երբ, ասենք, ադրբեջանական էներգապաշարների կարիքն այլեւս չի զգացվի, եւ կտրուկ փոխված կլինի տարածաշրջանի իրադրությունը։ Միջազգային իրավունքի պահպանման մասին Ադրբեջանի փաստարկները պարզապես կանտեսվեն, ինչպես արվեց Սերբիայի դեպքում։ Ըստ էության, Ռուսաստանի իշխանությունների վերջին գործողությունները, հատկապես Վ. Պուտինի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերաբերյալ այս տարվա ապրիլի հրամանագիրը, բացահայտորեն վկայում են այն մասին, որ Կոսովոյի անկախության ճանաչումը լուրջ սպառնալիք ստեղծեց միջազգային անվտանգության համար։
3. Եթե անվտանգության հարցը դիտարկենք ղարաբաղյան հակամարտության առումով, ապա Ադրբեջանում շատ դժգոհ են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից, եւ ավելի ու ավելի հաճախ են լսվում կոչեր այդ ձեւաչափը փոխելու մասին։ Բայց ես վստահ չեմ, որ ձեւաչափն արմատապես փոխելն (ասենք՝ ԵԱՀԿ-ն փոխարինելով ՄԱԿ-ով) ինչ-որ լուրջ բան կտա Ադրբեջանին, հատկապես նրա անվտանգության տեսանկյունից։ Իհարկե, Մինսկի խմբի ցածր արդյունավետության հիմնական պատճառն այն է, որ համանախագահներն արտահայտում են իրենց երկրների դիրքորոշումները։ Իսկ այստեղ շահերը ոչ միշտ են համընկնում։ Հենց այդ պատճառով էլ, մինչեւ հիմա ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը չեն տվել եւ հազիվ թե տեսանելի ապագայում որեւէ իրական եւ, կարեւորը, դրական արդյունք տան։ Գուցե ավելի լավ կլինի, եթե միջնորդների դերում հանդես գան այնպիսի երկրների ներկայացուցիչներ, որոնք տարածաշրջանում շահեր չունեն։ Կամ գոնե, եթե հավասարակշռվի միջնորդների կազմը։ Չէ՞ որ այսօր միջնորդներից երկուսը՝ Ռուսաստանը եւ Ֆրանսիան, գործնականում հայամետ դիրքորոշում ունեն, եւ պատահական չէ հայերի` նրանց նկատմամբ մեծ վստահությունը։ ԱՄՆ-ը շահագրգռված է մեր էներգապաշարներով, բայց, միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ում շատ ակտիվ եւ ուժեղ է հայկական սփյուռքը։ Արդյունքում, ԱՄՆ-ի քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ավելի հավասարակշռված է։ Անկասկած, Ռուսաստանը ոչ միայն ակտիվ խաղացող է մեր տարածաշրջանում, այլեւ տարածաշրջանի մաս է կազմում, եւ հազիվ թե հնարավոր է նրան բացառել Մինսկի խմբի կազմից։ Դա անիմաստ էլ է։ Բայց չէր խանգարի, որպես Ռուսաստանի հակակշիռ, ներգրավել Թուրքիային։
Արդյունքում մենք կստանանք համանախագահների այլ կազմ. էներգապաշարների եւ հայկական սփյուռքի միջեւ հավասարակշռություն փնտրող ԱՄՆ, հայամետ Ռուսաստան եւ ադրբեջանամետ Թուրքիա։
4. Իրականում չի կարելի այդ երկու մոտեցումներն անջատել իրարից։ Իհարկե, երկուսն էլ հիմնավորված են։
Օրինակ՝ Սերբիայի կամքին հակառակ՝ Կոսովոյի անկախության ճանաչումը խոսում է այն մասին, որ այսօր իրոք գերտերություններից կախված է շատ բան։ Դրա հետ միասին, սերբերի բախտը չբերեց, քանի որ նրանք գտնվում են Եվրոպայում, եւ Կոսովոյի հակամարտության չկարգավորվածությունը խիստ անհանգստացնում էր արեւմտաեվրոպացիներին։ Իսկ ԱՄՆ-ը ելնում էր այն բանից, որ Սերբիան Ռուսաստանի դաշնակիցն էր։ Ղարաբաղյան հակամարտության մեջ ամեն բան մի քիչ այլ է։ Մենք շատ հեռու ենք Եվրոպայից, սպառնալիք չենք ներկայացնում արեւմտյան երկրների անվտանգությանը, ուստի՝ հազիվ թե կարելի է սպասել այդպիսի ուժեղ ճնշման հակամարտության կողմերից մեկի վրա։ Առնվազն՝ տեսանելի ապագայում։ Եվ հենց այդ պատճառով էլ ջանքեր են թափվում երկու կողմերի համար ընդունելի փոխզիջումներ գտնելու նպատակով։ Այլ կերպ ասած՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ որոշում ընդունելու համար անհրաժեշտ են այնպիսի պայմաններ, որպեսզի կարողանան համաձայնության գալ ոչ միայն երկու երկրների նախագահները, այլեւ ժողովուրդները։ Ուստի, կարծում եմ, որ հակամարտությունը պետք է լուծվի այդ երկու գործոնները հաշվի առնելու դեպքում։
5. Ընդհանուրն այն է, որ այդ բոլոր հակամարտությունները «դուրս են եկել Խորհրդային Միության շինելից»։ Մյուս ընդհանրությունն այն է, որ դրանք բոլորն էլ, եթե մի կողմ նետենք քարոզչական աճպարարությունը, անջատողական շարժումներ են, անկախություն ստանալու նպատակ են հետապնդում։ Այստեղ ամենաշատը չբերեց չեչենների բախտը. ամեն դեպքում շատ բարդ էր դիմանալ ռուսական հզոր բանակի հարվածին։ Մյուս անջատողականների բախտն այդ իմաստով բերեց, որովհետեւ նրանց դեմ դուրս եկան երիտասարդ անկախ պետությունների շուտափույթ ստեղծված բանակները։ Ավելին, Ադրբեջանում, Վրաստանում եւ Մոլդովայում նույն ռուսական բանակը բացահայտորեն բռնեց անջատողականների կողմը։ Դրա հետ միասին, այս հակամարտություններն ունեն նաեւ տարբերություններ։ Ղարաբաղյան հակամարտությունն ունի բացահայտ իռեդենտիստական բնույթ, այսինքն՝ հետապնդում է հարեւան երկրների տարածքներում ապրող նույն ժողովրդի հատվածները մեկ պետության մեջ միավորելու նպատակ։ Պատահական չէ, որ Ղարաբաղը, ներկայանալով որպես անկախ պետություն, տնտեսական տեսանկյունից ամբողջովին Հայաստանի մաս է կազմում։ Այսինքն՝ Ղարաբաղի անկախության մասին հայտարարություններն ունեն բացահայտ քարոզչական բնույթ եւ նախատեսված են արտասահմանցիների համար։ Իրականում հայերն ընկալում են Ղարաբաղը որպես Հայաստանի մաս եւ այդ ուղղությամբ էլ վարում են իրենց քաղաքականությունը։ Հենց այդ պատճառով էլ Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտությունը գնահատում է որպես Հայաստանի ագրեսիա եւ ադրբեջանական տարածքը զավթելու իռեդենտիստական քաղաքականության մի փուլ։ Ուստի՝ Ադրբեջանը բանակցություններ է վարում հենց Հայաստանի հետ եւ միաժամանակ հրաժարվում է ամեն տեսակի բանակցություններից Ղարաբաղի հայկական համայնքի առաջնորդների հետ։ Ոչ մի նման բան չկա Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի դեպքում։ Բայց այնտեղ կա Ռուսաստանը, որը ձգտում է այդ հակամարտություններն օգտագործել հանուն իր պետական շահերի, որն է` այդ տարածաշրջաններում իր ազդեցության վերականգնումը։