1. Ինչպե՞ս է այժմ արտահայտվում «աշխարհաքաղաքական շահերի հավասարակշռությունը» ղարաբաղյան հակամարտության շուրջ եւ ի՞նչ նշանակություն ունի այդ հավասարակշռությունը կարգավորման գործընթացի համար։
2. Ի՞նչ գլխավոր եզրակացությունների կարելի է հանգել Կոսովոյի անկախության ճանաչումից հետո, կարո՞ղ է այդ ճանաչումը դառնալ բացառություն ընդունված միջազգային կանոններից։
3. Ձեր կարծիքով՝ միջազգային ո՞ր ինստիտուտները կարող են իրապես նպաստել հայ (ադրբեջանցի) ժողովրդի անվտանգությանը, եւ ո՞րն է հիմա միջազգային միջնորդության՝ հայկական եւ ադրբեջանական կողմերի համար լավագույն ձեւաչափը։
4. Աշխարհաքաղաքականության նշանակության վերաբերյալ կա երկու կարծիք. հակամարտ կողմերից ոչինչ կախված չէ, եւ կարգավորումը կլինի այն ժամանակ, երբ ձեռք կտա գերտերություններին, իսկ երկրորդ կարծիքն այն է, որ կարգավորումը կախված է միայն հակամարտության կողմերից, եւ կարգավորմանը խանգարող բարդ աշխարհաքաղաքական գործընթացներն ընդամենը հարմար արդարացումներ են կողմերի համար։ Ձեր կարծիքով՝ այս բացատրություններից ո՞րն է ավելի հիմնավորված։
5. Ի՞նչ ընդհանրություններ եւ տարբերություններ ունեն հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունները (ղարաբաղյան, աբխազական, հարավօսական, չեչենական, մերձդնեստրյան)։
Այս հարցերն էինք ուղղել հայ եւ ադրբեջանցի փորձագետներին (յուրաքանչյուր կողմից` չորսական հարցվածի), նպատակ ունենալով ներկայացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ արտահայտվող աշխարհաքաղաքական շահերի ու խնդիրների մասին մեր երկրում եւ Ադրբեջանում եղած կարծիքները: Ասօր ներկայացնում ենք հարցված վերջին երկու փորձագետների պատասխանները:
«Ռեգիոն» կենտրոն
Այս պահին կարեւորը հրադադար պահպանումն է
Մեր հարցերին պատասխանում է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը
1. Աշխարհաքաղաքական շահերում հավասարակշռություն իսկապես գոյություն ունի: Սա արտահայտվում է նրանով, որ Ղարաբաղում դեռեւս շարունակում է պահպանվել զինադադարի կարգավիճակը: Բայց կա նաեւ մեդալի հակառակ կողմը. նույն այդ աշխարհաքաղաքական շահերի հավասարակշռության պատճառով է, որ մինչեւ հիմա գոյություն չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջնական տարբերակ: Այս հանգամանքը մի կողմից՝ օգնում է, մյուս կողմից` խանգարում: Այս պահին, իմ կարծիքով, ավելի կարեւոր է, որ հավասարակշռության հաշվին պահպանվում է զինադադարը: Հավասարակշռությունը հիմնականում պահպանվում է Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, ԱՄՆ-ի ու Եվրամիության հաշվին:
2. Կոսովոյի ճանաչման փաստն ունի երկակի նշանակություն: Մի կողմից` առաջին անգամ միջազգային իրավունքում կիրառվեց ազգերի ինքնորոշման սկզբունքը, եւ սա, կարծես թե, հույս է ներշնչում, որ ղարաբաղյան հարցում նույնպես կլինեն նմանատիպ մոտեցումներ: Սակայն, մյուս կողմից էլ՝ տեսնում ենք, որ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը, որոնք հիմնական դերակատարներն էին Կոսովոյի ինքնորոշման իրավունքի իրականացման հարցում, լի են վճռականությամբ՝ այլեւս թույլ չտալու, որ Կոսովոյի դեպքը դառնա նախադեպ, եւ բավական լուրջ ճնշումներ են կիրառում նմանատիպ բոլոր դեպքերը կանխելու համար: Նույնիսկ կարելի է եզրակացնել, որ նրանք ներքին համաձայնություն ունեն թույլ չտալու, որ «կոսովոներն» աշխարհում շատանան: Եթե միջազգային իրավունքի իրականացման տեսակետից Կոսովոյի նախադեպը բարենպաստ ազդեցություն ունի ղարաբաղյան հիմնահարցի լուծման համար, ապա քաղաքական հարթությունում, ընդհակառակը` ազդեցությունն անբարենպաստ է:
3. Ես կարծում եմ, որ ԵԱՀԿ-ի առաջադրած միջնորդական ձեւաչափն այս պահի տարբերակներից լավագույնն է: Չեմ կարծում, որ որեւէ այլ ձեւաչափ ավելի հարմար կլիներ, քանի որ ցանկացած մեկ ուրիշի դեպքում կխախտվի հավասարակշռությունը: Կարող է լինել նաեւ ՄԱԿ-ի կողմից նշանակված միջնորդ: Այդ հարցը դեռ բաց է: Տեսականորեն հնարավոր է, որ ՄԱԿ-ի ձեւաչափը չազդի բանակցային գործընթացի վրա, բայց կարող է նաեւ ազդել: Փոխել ձեւաչափը եւ նորը կիրառել, նշանակում է՝ մի քանի տարով ետ գցել բանակցային գործընթացը: Բացի այդ, վստահ եմ, որ միջնորդությունը կարող է նպաստել, բայց ոչ որոշիչ դեր ունենալ հակամարտության կարգավորման հարցում: Որոշիչ դերակատարում ունեն հակամարտության մեջ ներգրավված կողմերը:
4. Սովորաբար ճշմարտությունը մեջտեղում է լինում: Երկու տարբերակները բեւեռային են: Հակամարտությունը կարգավորելու համար մի կողմից՝ պետք է լինի դրանում ներգրավված կողմերի պատրաստակամությունը, վճռականությունը եւ կամքը, իսկ մյուս կողմից` պետք է լինի աշխարհաքաղաքական հավասարակշռությունն ապահովողների դրական մոտեցումը: Բայց, ինչպես ցույց տվեց վերջին տարիների բանակցային փորձը, համանախագահներից յուրաքանչյուրը ցանկության դեպքում միշտ կարողացել է խափանել բանակցային գործընթացը: Անգամ Թուրքիան, որը չունի միջնորդի առաքելություն, Ադրբեջանի վրա ունեցած մեծ ազդեցության շնորհիվ կարողացել է միջամտել գործընթացին: Այսինքն` եթե անգամ տարածաշրջանում լինի համաձայնություն, ապա չի կարելի վստահ ասել, որ համաձայնություն կլինի աշխարհում:
5. Միանգամից կարող եմ ասել, որ ի տարբերություն մյուս չորսի, Ղարաբաղում պետականությունը շատ ավելի հստակ է կայացել: Եվս մի տարբերակող հանգամանք. բոլոր թվարկված հակամարտություններում, ի տարբերություն ղարաբաղյանի, Ռուսաստանը փորձում է ինքնուրույն գործողություններ իրականացնել, եւ հակամարտության կողմերից մեկը միանշանակ կողմնորոշված է դեպի Ռուսաստանը: Ղարաբաղյան հակամարտության մեջ նման բան չկա: Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է, եւ Ղարաբաղը միակողմանի չի դիմում Ռուսաստանին, հույսը չի դնում այդ երկրի վրա: Իսկ ընդհանրությունն այն է, որ բոլոր նշված հակամարտությունների հիմքում ընկած է ազգային ինքնորոշման հարցը: