Օկտավիո Պաս

13/06/2008

Անդրե Բրետոնի մեջ ասես երկու մարդ էր ապրում` ամբողջական, բայց, դրա հետ մեկտեղ, բացարձակապես չնմանվող անհատականություններ: Առաջինը` հենց ինքը՝ անհանդուրժողականությունն էր, խռովարարը, «իր ասածի կալանավորը»: Երկրորդը` մարմնավորված խանդավառությունն է ու անզուսպ էներգիան` մեր առջեւ մի մարդ է, ով զգայուն եւ ընկալունակ է հափշտակվածության գաղտնի կանչին, որ հավատում է ընդհանրական գործին, իսկ ավելի շատ` ներշնչանքին, ինչպես տիեզերքի շնորհ, որ ամենքին է բնորոշ: Նրա կյանքը բաժանումների ու վեճերի, ինչպես նաեւ՝ հանդիպումների ու հավատարիմ ընկերության երկար շարան էր: Սյուրռեալիզմը որպես ուղղություն՝ վճռականորեն կտրում էր կապը Արեւմուտքի հիմնական ավանդույթների հետ, հաստատվելով այլ արժեքների որոնումներում, այլ քաղաքակրթությունների հայտնաբերման մեջ, եւ Բրետոնի ամենաներթափանցված տողերը լուսավորված են

«Ոսկե դարի» ավանդույթով` կորուսյալ դրախտի մասին, որը մի ժամանակ հասանելի էր ամենքին: Սյուրռեալիզմի համանման ընկալմամբ, որպես խզում (միջնաբերդ. մի խումբ դավանակիցների կատակոմբներում` խրամատային պատերազմ)՝ հաճախ հառնում է այլ մի պատկեր, որն առաջինին, ի դեպ, դույզն-ինչ չի ծածկում` կամրջի կամ ստորգետնյա հոսանքի պատկերը: Սյուրռեալիստներին` գիշերային մարդկանց` ավելի ճիշտ կլիներ նկարագրել (եւ բացատրել) որպես համաստեղություն` աստղաբույլք, ույսի փունջ` գիշերվա մեջ: