Սա այն իրականությունն է, որում, ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի, մենք այժմ ապրում ենք։ Այս գնահատականը նա տվեց երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Ըստ նրա, դեռեւս չի ավարտվել այն իրականությունը կամ ժամանակաշրջանը, որը սկսվել է փետրվարի 19-ին կամ մարտի 1-ին, կամ անգամ՝ 2007թ. սեպտեմբերի 21-ին։ Սակայն Ա. Իսկանդարյանի կարծիքով, այդ ժամանակաշրջանը կավարտվի կամ կընդհատվի ամռանը, քանի որ տարվա այդ եղանակին քաղաքական կրքերը սովորաբար մարում են։ Սակայն շատերն այլ կարծիքի են այս ամառվա մասին՝ նկատի ունենալով ընդդիմության` հունիսի 20-ին կայանալիք հանրահավաքը։ Պրն Իսկանդարյանը թեեւ ոչ այնքան համոզված, բայց կարծում է, որ իշխանությունները հանրահավաքը կարտոնեն. «Եթե ես նրանց տեղը լինեի, կարտոնեի»,- ասաց նա։ Իսկ ինչպես է Ա. Իսկանդարյանը մեկնաբանում այն խոսակցությունները, թե ընդդիմությունը «կարող է արհեստականորեն լարել իրավիճակը», ինչը կարող է բերել նոր բախումների, որոնց համար ընդդիմությունը պատասխանատու կհամարի իշխանություններին։ Լրագրողներից մեկի այս հարցին ի պատասխան՝ Ա. Իսկանդարյանը նախ ասաց, թե նման ձեւակերպման հետ համաձայն չէ՝ նախեւառաջ այն պատճառով, որ «արհեստական» բառն այդտեղ տեղին չէ։ «Ի՞նչ է նշանակում՝ արհեստական։ Այդ գործընթացները մարդիկ են կազմակերպում, դա ոչ որոտ է, ոչ կայծակ, որ համարենք ոչ արհեստական»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այդ դեպքում մարդկանց կողմից կատարված բոլոր քայլերը կարելի է համարել արհեստական։ Իսկ վերացե՞լ է արդյոք այն դժգոհությունը, որը մարդկանց փողոց էր դուրս բերել եւ ստիպել 9 օր շարունակ մասնակցել հանրահավաքների։ Ոչ, չի վերացել, միանշանակ պնդում է նա։ Նրա խոսքերով, այդ դժգոհությունը միշտ կա՝ բոլոր երկրներում, սակայն որպեսզի այդ դժգոհությունը կազմակերպված ձեւով արտահայտվի, դրա համար պետք է ինչ-որ խողովակ (ՍՈվՈս)։ Մեր դեպքում, ըստ նրա, այդ խողովակը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, որի միջոցով հասարակությունն այսօր կարողանում է իր բողոքն արտահայտել: «Միամտություն կլինի կարծել, որ, եթե չլիներ Տեր-Պետրոսյանը՝ ալիքի բարձրացման միտում չէր լինի: Այլ բան է, որ նա կարողացավ դա իրականացնել»,- նշեց քաղաքագետը։
Լրագրողներին նաեւ հետաքրքրում էր քաղաքագետի կարծիքը Հայաստանում արտահերթ ընտրությունների հավանականության մասին։ Պրն Իսկանդարյանը միանշանակ պատասխան չտվեց այս հարցին՝ նշելով, որ դա կախված է իրավիճակի հետագա զարգացումներից՝ թե՛ տնտեսական, թե՛ այլ ոլորտներում։ Սակայն մի բանում բանախոսը վստահ է՝ իշխանությունների լեգիտիմությունը շատ ցածր մակարդակի վրա է։ Հենց դա էլ նրան հիմք է տալիս չբացառել դեպքերի այդպիսի ընթացքը. «Ցածր լեգիտիմության պայմաններում ամեն ինչ հնարավոր է»։ Այսինքն, ըստ Ա. Իսկանդարյանի՝ դժգոհության ալիքը միշտ կա եւ մնալու է՝ անկախ ընդդիմության քայլերից։ Սակայն այդ ալիքն իշխանափոխության կամ արտահերթ ընտրությունների կարող է բերել այն դեպքում, եթե իշխանության լեգիտիմությունն է՛լ ավելի նվազի։ Պատասխանելով այն հարցին, թե սրանից ավելի ցածր լեգիտիմություն նա ինչպե՞ս է պատկերացնում, կամ, ինչպես ժողովուրդն է ասում՝ էլ ո՞ւր սրանից ցածր լեգիտիմություն, պրն Իսկանդարյանը սկզբում կեսկատակ սրտնեղեց՝ թե լրագրողներն իրեն ներքաշում են քաղաքականության մեջ, հետո, սակայն, շատ պատկերավոր եւ համոզիչ բացատրեց, թե ինչպես կարող է իշխանության լեգիտիմությունը եղած մակարդակից էլ ավելի նվազել։ «Հայաստանում կա՞ն գոնե 2 հոգի, ովքեր պաշտպանում են Սերժ Սարգսյանին։ Կա։ Եթե նրանցից մեկի կարծիքը փոխի՝ երկուսից մնա մեկը, կլինի լեգիտիմության նվազում»։