Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի իրավապաշտպանները դիմել են Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովին (ԵԽ ԽՎ)՝ 3 երկրներում քաղբանտարկյալների հարցերով հատուկ զեկուցող նշանակելու խնդրանքով: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել է Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը. «Այս նախաձեռնությունը բխում է ԵԽ ԽՎ-ում դեռ 2001-ին ընդունված բանաձեւից, որում ամրագրված էր, որ Հարավկովկասյան 3 երկրներում քաղբանտարկյալների առկայության շուրջ զեկույց պետք է պատրաստվի: Այս տարվա ապրիլին Կիեւում կայացած՝ World Movement for Democracy կոնգրեսի ժամանակ 3 երկրների 6 իրավապաշտպան կազմակերպությունների ղեկավարներով եկանք համաձայնության, որ պետք է հանդես գալ նման նախաձեռնությամբ: Արձագանքը ԵԽ ԽՎ-ից դեռ չենք ստացել»: ՀՀ-ից դիմումը ստորագրել է նաեւ Հելսինկիի Քաղաքացիական ասամբլեայի Հայաստանի Ազգային կոմիտեի ղեկավար Անահիտ Բայանդուրը: