Օմբուդսմենն ու ակումբը

08/06/2008 Գեւորգ ԱԼԹՈՒՆՅԱՆ

Սահմանադրության մեջ ոսկե տառերով ամրագրված է, որ իշխանությունը ՀՀ-ում պատկանում է ժողովրդին, այսինքն` քաղաքացիներին:

Սակայն մարտի 1-ի իրադարձություններից հետո երկրում սկսված ձերբակալությունների հիմնական մասի պարագայում ձերբակալվողներին առաջադրվել է «իշխանության ներկայացուցչի հանդեպ կիրառված բռնություն» մեղադրանքը: Այստեղ տրամաբանական կազուս կա. եթե իշխանությունը պատկանում է քաղաքացուն, ապա, ըստ տրամաբանության, իշխանության ներկայացուցիչը հենց քաղաքացին է: Իրավաբանների համար այս թեզը կարող է ծիծաղելի թվալ, մանավանդ, երբ ինքս իսկապես էլ շատ հեռու եմ իրավագիտությունից: Սակայն ասելիքը ոչ թե բուն այդ թեզի մեջ է, այլ խորքային իմաստով՝ պետություն-քաղաքացի հարաբերությունների ստվերային, չգրված կողմերի, որոնք, սակայն, էական ազդեցություն են թողնում հանրային կյանքի վրա: Եթե հավատալու լինենք աշխարհի նույնիսկ ամենազարգացած ժողովրդավարական երկրների իշխանություններին, ապա նրանց հիմնական առաքելությունը կայանում է պետության քաղաքացու համար արժանավայել կյանքի պայմաններ ստեղծելու, անվտանգությունն ապահովելու եւ մի շարք այլ խնդիրների մեջ: Այսինքն` պետությունը, որպես պետական կառավարման համակարգ` իշխանության իր բոլոր օղակներով, լծակներով, կարողություններով եւ այլն, կոչված է ընդամենը սպասարկել քաղաքացուն: Պետությունը` քաղաքացուն: Իսկ այդ գործառույթն արդյունավետ իրացնելու լավագույն նախապայմանը ժողովրդավարության բաղադրիչների առկայությունն է: Դասական իմաստով ամեն ինչ նորմալ է, սակայն, եթե փորձենք «խորանալ» պետություն-քաղաքացի հարաբերությունների մեջ, կհասկանանք, որ պետությունը միշտ, որպես կանոն, հանդիսացել է «պետական իշխանությամբ օժտված մարդկանց ակումբի» գրեթե սեփականությունը: Ինչո՞ւ, օրինակ, եթե փորձեք կեղծել, ասենք` Մարտիրոս Սարյանի որեւէ գլուխգործոց, իսկ մեկ ուրիշը փորձի կեղծել քսանհազարանոց թղթադրամը, միեւնույն` կեղծիք անող երկու տարբեր հանցագործները կդատապարտվեն իրարից տրամագծորեն տարբեր պատժաչափերով: Ի վերջո, Մարտիրոս Սարյանի գործերը համազգային մշակութային հսկայական արժեք են ներկայացնում, իսկ քսանհազարանոց թղթադրամը կոնվեերից դուրս եկած թղթի մի կտոր է, որին պետությունը նոմինալ արժեք է տվել: Ինչո՞ւ շարքային քաղաքացու հանդեպ բռնություն իրականացրած մեկին կպատժեն անհամեմատ խիստ, քան ոստիկանի հանդեպ բռնացողին: Ինչո՞ւ պետական ունեցվածքի հանդեպ ուշադրությունն անհամեմատ մեծ է, քան մասնավորի: Ընդ որում, այս ամենն ամրագրված է օրենսդրությամբ: Իսկ օրենսդրությունից բացի, օրինակ, եթե ոստիկան են ծեծում, ապա, Աստված մի արասցե, որ ծեծողն ընկնի ոստիկանների ձեռքը: Իսկ եթե ծեծվողը սովորական քաղաքացի է, ապա, մեղմ ասած, համապատասխան վերաբերմունք երբեւէ չի լինի: Իրականում ամեն ինչ առավել քան պարզ է. պետությունը, դասական իմաստով, երբեք չի եղել քաղաքացունը, այն եղել է, կա եւ միշտ կլինի հիշյալ «իշխանական ակումբի» գործիքը: Ընդ որում, այդպես է ոչ միայն Հայաստանում: Երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերը երկրի օրենսդիր մարմնին էր ներկայացնում բրիտանական MI 6 գաղտնի ծառայության կողմից պատրաստված զեկույցը Իրաքում իբր առկա զանգվածային ոչնչացման զենքի մասին՝ շատ լավ իմանալով, որ նման զենք չկա, եւ որ այդ զեկույցը վերից վար կեղծիք է, դժվար է հավատալ, որ վերջինս առաջնորդվում էր Մեծ Բրիտանիայի քաղաքացիների շահերով: Երբ Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերը բարեկամական հարաբերություններ էր հաստատում ռուսական «Գազպրոմի» հետ, այդ ընկերությանը Գերմանիայում գործելու համար որոշակի նախապայմաններ տրամադրելով՝ պարզվեց, որ նա առաջնորդվում էր բացառապես սեփական շահերով, քանի որ նրան վիթխարի աշխատավարձ ենթադրող պաշտոն էին խոստացել նույն «Գազպրոմում»: Երբ Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը պատերազմ էր հայտարարում Իրաքին կամ էլ ռմբակոծում էր Եվրոպայի սրտում գտնվող Բելգրադը, կրկին` դժվար է հավատալ, որ նա առաջնորդվում էր Միացյալ Նահանգների շարքային քաղաքացիների շահերով: Եթե ուշադրություն դարձրեցիք, ես մատնանշեցի այն երկրները, որոնք ընդունված է համարել որպես ժողովրդավարության կղզյակներ կամ առաջամարտիկներ: Այս շարքը կարելի է շարունակել: Սակայն ասվածի ամբողջ իմաստն այն է, որ քաղաքացի-պետություն փոխհարաբերությունը երբեք չի եղել, չէ եւ չի լինի իրավահավասար կամ փոխլրացնող:

Պաշտպան Արմեն Հարությունյանի դեմ իշխանության որոշակի շրջանակներից ամենաիսկական որս է սկսվել: Ամբողջ խնդիրը նրանում է, որ պետական մեխանիզմը, իշխանությամբ օժտված մարդկանց «ակումբը» չի կարողանում մարսել օմբուդսմենի ինքնագործունեությունը. ինչպե՞ս կարող է մարդը, ով դուրս է եկել նույն այդ «ակումբից», այսինքն` պետական կառավարման համակարգից, փաստացի ձեռնոց նետել ամբողջ համակարգին: Դա ակումբի համար դավաճանությանը հավասարազոր արարք է: Նույն տրամաբանությամբ, ինչո՞ւ Գագիկ Ջհանգիրյանի ինչպես՝ ձերբակալության գործողությունը, այնպես էլ՝ հետագա ամբողջ զարգացումներն այդպիսի շեշտադրումներ ունեցան, որովհետեւ «ակումբի» անդամը դուրս էր եկել «ակումբի» դեմ: Նույնը` Մանվել Գրիգորյանը, Խաչատուր Սուքիասյանը եւ այլք: «Ակումբային» տրամաբանության տեսանկյունից` այդպես էլ պետք է լիներ, դրանք իսկապես էլ դավաճանությանը հավասարազոր քայլեր էին: Ի՞նչ է արել իրականում Արմեն Հարությունյանը. փաստացի` ընդամենը իր գործը, այն, ինչի համար էլ կոչված է: Եվ ինչո՞ւ է ընդամենը սեփական գործն անելը վերածվել քաղաքական նշանակալի եւ սկանդալային տարրեր պարունակող մի իրադարձության: Ինչո՞ւ է Դատախազությունն իրար խառնվել այն դեպքում, երբ, ըստ տրամաբանության, Արմեն Հարությունյանի հրապարակած զեկույցը պետք է որոշակի իմաստով օգներ նույն Դատախազությանը` մարտի մեկի դեպքերի հետաքննությունն իրականացնելու գործում: Եթե գործեր քաղաքացի-պետություն բնականոն փոխհարաբերությունների սկզբունքը, ապա որեւէ նման բան տեղի չէր ունենա: Եթե պետությունն իրականում լիներ ոչ թե «ակումբինը», այլ քաղաքացունը, եթե իշխանությունը երկրում պատկաներ հենց քաղաքացուն, այլ ոչ թե «ակումբի անդամներին», կրկին` այդպես չէր լինի: Իսկ այս պատմության ամբողջ ցավը նրանում է, որ, ինչպես արդեն վերեւում տեսանք, չափազանց դժվար, եթե չասենք՝ անհնար է գտնել մի քանի երկիր, որտեղ հիշյալ սկզբունքներն իսկապես էլ առանցքային են: Եվ մենք այս առումով այնքան էլ չենք տարբերվում մնացածից: Միգուցե դրսեւորումների առումով մենք դեռեւս «վայրենի» ենք, սակայն խորքային, բովանդակային առումով տարբերություններն այնքան էլ էական չեն: