Խորհրդային ժամանակներում կրթության համար չէինք վճարում (խոսքս ռեպետիտորներ վարձելու կամ կաշառատվության մասին չէ, այլ օրինականորեն սահմանված ուսման վարձի), այսօր
վճարում ենք։
Եվ վճարում ենք մեր գրպանի համեմատ ահռելի գումարներ, սակայն արդյո՞ք ստանում ենք այն, ինչի համար վճարում ենք, կամ ի՞նչ ենք ստանում դրա դիմաց.
1. Կրթության նոր որակ։
2. Վերանորոգված մաքուր, հարմարավետ լսարաններ։
3. Նոր տեխնոլոգիաներով հագեցած կաբինետներ։
4. Փորձարարական լաբորատորիաներ։
5. Բարձրորակ դասախոսական կազմ՝ համապատասխան աշխատավարձով։
6. Որակյալ մասնագետներ։
Այս շարքը, ինչքան ասես, կարելի է լրացնել, սակայն դրանից որեւէ բան չի փոխվի, քանի որ, ըստ էության, կրթության ոլորտում արմատական (չհաշված որոշ բացառություններ) փոփոխություններ չեն եղել, այսինքն՝ այն գումարը, որ բնակչությունը ծախսում է այդ ոլորտի համար, իրականում դերակատարություն չունի, կամ ակնհայտ է դրա նեգատիվ դերակատարությունը։ Նախ, որ քաղաքացին ստիպված է սեփական եկամուտը տասնյակ անգամ գերազանցող վճարումներ անել, արդեն իսկ սահմանափակվում է կրթություն ստանալու բնակչության գերակշիռ մասի իրավունքը։ Երկրորդ, ընտանիքում անգամ մի երեխայի բարձրագույն կրթության տալու համար հաճախ ընտանիքի միակ կերակրողը ստիպված է բռնել պանդխտության ճամփան. սրա հետեւանքներն առավել սուր են արտահայտված շրջաններում։ Վերջին տարիների բուհական ընդունելության քննություններին հետեւելով, արձանագրվում էր, որ տոկոսային հարաբերությամբ բուհ ընդունվողների մեծ մասը Հրազդանի, Եղեգնաձորի, Լոռվա մարզի, հետո Երեւանի դիմորդներն են, այսինքն՝ մայրաքաղաքը զիջում է շրջաններից եկած դիմորդներին գիտելիքների որակով։ Փաստենք, որ եթե մայրաքաղաքում դիմորդը, ասենք, անգլերեն պարապելու համար ռեպետիտորին վճարում է ամսական 70 դոլարին համարժեք դրամ, ապա շրջաններում՝ 10 դոլարին համարժեք, սակայն, ինչպես տեսնում եք, փողն այստեղ գիտելիք չի դառնում, ուղղակի մայրաքաղաքում կյանքը թանկ է, սակայն մյուս կողմից՝ այդ 10 դոլարն ավելի թանկ է շրջանում ապրողի համար, քանի որ Հրազդանի պես արդյունաբերական խոշոր քաղաքն այսօր կաթվածահար վիճակում է, որը ոչ գյուղատնտեսություն կարող է զարգացնել, ոչ քաղաքային կյանքով ապրել (այն դեպքում, երբ մութ ու ցուրտ տարիներին Հրազդանն ապահովված էր թե՛ լույսով, թե՛ ջեռուցմամբ ու գազով, եւ մարդիկ էլ մի ձեռքո՛վ չէին լողանում)։ Եթե Հրազդանում շրջենք շենքից շենք, մուտքից մուտք, ապա կտեսնենք, որ դատարկ տները գերազանցում են բնակեցվածներին, ոմանք ընտանիքներով են լքել տներն ու գնացել արտագնա աշխատանքի, ոմանց էլ աշխատողներն են դրսում. քաղաքը կորած է աղբի մեջ, իսկ բնակիչներն ամառվա շոգին կենցաղային կարիքների համար ջուր են կրում դույլերով, իսկ տնամերձը ջրելու խնդիրը մնում է օդում կախված։ Այսինքն՝ կարիքը խեղդում է մարդկանց, բայց կրթության հարցը համարում են առաջնահերթ, եւ, վերջին շապիկը հանելով, ցանկանում են այդ հարցը լուծած լինել։ Սակայն այս զոհողությունները պետության միտքը չեն զբաղեցնում, կամ նա ձեւացնում է, թե զբաղեցնում են։
Եթե չենք կարողանում առաջ գնալ, գոնե կարողանանք ետ նայել (չեմ կարծում, թե այսօր հեծանիվ հնարելու կարիք կա)։ Խորհրդային շրջանում աշխատողից գանձված եկամտահարկն ու արհմիութենական վճարը բավարարում էր ոչ միայն անվճար կրթություն ապահովելու (չոտնահարելով որեւէ մեկի կրթություն ստանալու իրավունքը), այլեւ շոշափելի կրթաթոշակ տալու ուսանողության զգալի մասին (նաեւ ապահովելով հանրակացարանով ու հանգստյան ուղեգրերով): Այսինքն՝ հարկերը մտնում էին պետական բյուջե եւ վերադառնում ժողովրդին։ Այսօր, չնայած այն բանին, որ յուրաքանչյուր աշխատողից գանձվում են առավել բարձր հարկեր, քան նախկինում (էլ չասեմ, որ աշխատավարձ կոչվածը չի բավականացնում կենցաղային հարկերը վճարելուն), չնայած այն բանին, որ յուրաքանչյուր քայլի համար (նաեւ յուրաքանչյուր թղթի) առանձին հարկեր են վճարվում, պետական բյուջեն լցվելու ոչ մի ցանկություն չի արտահայտում, առավել եւս, այդ պետական բյուջեն ոչ մի ցանկություն չունի հաշվի նստելու իր հարկատուի հետ. բնակչության զգալի մասն օտարված է պետությունից, աշխատանքի հրավեր ստանում են հիմնականում մինչեւ 35 տարեկան անձինք: 35-45 տարեկանները հրավիրվում են հավաքարարի աշխատանքի. այստեղ կրթությունն ու հմտությունը կարեւոր չեն (աշխատանքը տեսակավորվում է՝ ըստ տարիքի ու արտաքին տվյալների): 45-63 տարեկաններն ընդհանրապես բանի պետք չեն (արդեն ավե՛լ էլ չեն կարող վերցնել), եւ միայն 63 տարեկանից (եթե կենդանի մնան) մի երկու կոպեկ ողորմավճար կստանան։ Եթե բնակչության թվաքանակից հանենք 45-63 տարեկաններին եւ այն բոլոր գործազուրկներին, ովքեր որեւէ տեղ գրանցված չեն եւ որեւէ ողորմավճար չեն ստանում, կմնան նրանք, ում հետ պետությունը շահավետ գործարքի մեջ է (միակողմանի շահավետ)։ Միայն կրթահարկի օրինակը բավական է հասկանալու համար ասվածը: Կրթավճարով սովորող ուսանողներն ուսանողության 90%-ն են կազմում, իսկ պետությունից թոշակ ստանում են 5%-ը, 90 %-ը վճարում է նվազագույնը հազար դոլարին համարժեք դրամ, իսկ ուսանողն առավելագույնը ստանում է 15 դոլարին համարժեք դրամ. ոչ միայն պետությունն ու հարկատուն են անհավասար դաշտում, այլեւ հարկատուներն էլ՝ միմյանց նկատմամբ: Եթե մեկի համար, ասենք, հազար դոլարը գրպանի մի օրվա ծախս է, ապա մյուսի համար՝ տարվա զրկանքների հետեւանքով ձեռք բերված թիվ է։
Դասախոսների աշխատավարձը համեմատության եզր չունի խորհրդային ժամանակների հետ, եւ նրա աշխատաոճում էլ, ըստ էության, ոչինչ չի փոխվել: Նոր մեթոդներ մշակելու, նոր տեխնոլոգիաներին ծանոթանալու փոխարեն՝ նա ստիպված է ռեպետիտորություն անել, կուրսայիններ ու դիպլոմայիններ գրել, կաշառք վերցնել։ Լսարանները փոշու մեջ կորած են, նստատեղը մաքրելու համար ուսանողը թաց լաթով պիտի մտնի լսարան, բայց մի՞թե սա մի հոդվածի նյութ է…