Կրթական բարեփոխումներ

08/06/2008

12-ամյա կրթական համակարգը, որ կիրառվում է եվրոպական երկրներում, այսօր ներդրվում է
նաեւ Հայաստանում:

Այս նորամուծության համատեքստում առանձնացվում է նաեւ ավագ դպրոցը` աշակերտներին մասնագիտական կողմնորոշում եւ խորացված գիտելիքներ տալու նպատակով: Սակայն պարզվում է, որ անհասկանալի պատճառներով՝ ոչ բոլոր աշակերտներին են անհրաժեշտ այդ գիտելիքները. պարտադիր կրթությունը, որ մինչ այժմ համարվում էր 10 տարի, փոփոխվում է` պարտադիր եւ հիմնական են համարվում միայն տարրական եւ միջին դպրոցները, այսինքն` ուսումնառության 9 տարիները: Կրթական բարեփոխումների շրջանակներում 2006թ. սեպտեմբերի 1-ից անցում կատարվեց 12-ամյա կրթության, որի արդյունքում ՀՀ-ում միջնակարգ ընդհանուր կրթությունն իրականացվում է եռաստիճան դպրոցում` կրտսեր դպրոց, միջին դպրոց եւ ավագ դպրոց: Այսօր մշակվում են ավագ դպրոցի ինստիտուցիոնալ եւ բովանդակային մի շարք բարեփոխումներ: Ակնհայտ է, որ ներկայումս խիստ անհամապատասխանություն կա դպրոցական ծրագրերի եւ բուհական ընդունելության քննություններով պահանջվող գիտելիքների միջեւ, իսկ այդ անհամապատասխանությունը լրացվում է դպրոցից դուրս անհատական պարապմունքների միջոցով: Թիվ 78 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Մարիա Գեւորգյանը որոշել է տնտեսագետ դառնալ եւ դպրոցից դուրս առանձին ուսուցչի մոտ պարապում է մաթեմատիկա։ «Զգում եմ, որ դպրոցի գիտելիքները թերի են համալսարան ընդունվելու համար, դասագիրքն էլ ավելի թեթեւ է` համեմատած նրա հետ, ինչ ես եմ հիմա պարապում»,- ասում է նա: Ավագ դպրոցի հիմնական նպատակն է՝ հեշտացնել դպրոցականների նախնական մասնագիտական կողմնորոշումը եւ նրանց զինել բուհական քննությունների պահանջներին համապատասխան գիտելիքներով: Կրթության եւ գիտության նախարարության Կրթական ծրագրերի իրականացման վարչության պետ Կարեն Մելքոնյանը բացատրում է, որ ինստիտուցիոնալ փոփոխությունների շրջանակներում նախատեսվում է, որ այն բնակավայրերում, որտեղ գործում է միակ միջնակարգ դպրոց, շարունակում է գործել նույն կարգով` իրականացնելով ավագ դպրոցի ընդհանուր հոսքի կրթական ծրագիր: Իսկ այն բնակավայրերում, ուր գործում են մեկից ավելի միջնակարգ դպրոցներ, հիմնադրվում են կրթահամալիրներ կամ ավագ դպրոցներ` որպես առանձին գործող ուսումնական հաստատություններ:

Փոփոխությունների առաջին` փորձնական փուլը սկսվել է 2008թ. փետրվարի 1-ից։ Այս փուլում մի քանի մարզերում գործող դպրոցներից ընտրվել են մոտ 30 դպրոցներ, որոնք 2008-ից վերակազմավորվել են որպես առանձին գործող ավագ դպրոցներ։ 2009թ. հուլիս-օգոստոս ամիսներին, փորձնական փուլի արդյունքների ամփոփումից հետո, կառավարության որոշմամբ՝ կհաստատվեն առաջին փուլով վերակազմավորվող դպրոցների ցանկը եւ այդ աշխատանքների ժամանակացույցը։Այս փոփոխությունների արդյունքում 10-ամյա հիմնական պարտադիր կրթությունը կրճատվում է` դառնալով 9-ամյա պարտադիր: Կ. Մելքոնյանը նշում է, որ եթե հիմնական պարտադիր կրթությունը, ըստ նոր նախագծի, 10-ամյայից անցնում է 9-ամյա տեւողության, ապա հիմնական դպրոցի նպատակը` երկրի համար գիտակից քաղաքացի դաստիարակելու, կձախողվի. 9 տարիները դրա համար քիչ են: Իսկ հիմնական դպրոցն ավարտող 9-րդ դասարանցին տարիքով դեռ փոքր է նման կարեւոր հրամայականի իրականացման համար. չէ՞ որ, ըստ 12-ամյա կրթակարգի, դպրոց են ընդունվում 6 տարեկանից: Կրթության նախկին փոխնախարար Աիդա Թոփուզյանի գնահատականով` 10-ամյա հիմնական կրթությունն 9-ամյայով փոխարինելը լուրջ հետընթաց է մեր կրթական ոլորտում: «Դժգոհում ենք սովետական դպրոցից, բայց նրա կարեւորագույն առանձնահատկություններից մեկն այն էր, որ պարտադիր էր համարվում դպրոցական 10-ամյա կրթությունը»,- ասում է Ա. Թոփուզյանը:

Արագածոտնի մարզի Լեռնահովիտ գյուղի դպրոցի տնօրեն տիկին Մնացականյանը համոզված է, որ իրենց դպրոցն առաջիններից մեկը կլինի, որ չի ունենա ավագ դպրոց: Նրա խոսքերով` աշակերտները ստիպված են լինելու ոտքով գնալ մինչեւ ամենամոտ Կոշ գյուղը: Չնայած ասում են, թե ավտոբուսներ կլինեն, բայց տնօրենը թերահավատորեն է վերաբերվում այդ հարցին, որովհետեւ «հո բոլորը նույն ժամին չե՞ն սկսում ու ավարտում, ի՞նչ պիտի անեն աշակերտները, սպասե՞ն, ոտքով գնա՞ն»: Կրթության եւ գիտության նախարարության Ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Կարինե Հարությունյանի խոսքերով` դա արվում է ռեսուրսների օպտիմալ բաշխման նպատակով. «Ինչո՞ւ պիտի ամեն գյուղում դպրոց լինի: Հաշվարկներ են արվել, որ եթե միայն 50 կետում ստեղծվեն դպրոց-կենտրոններ, կարելի է 15 րոպեում ավտոբուսով ցանկացած տեղից հասնել այնտեղ»: «Ձմեռները Դիլիջանի այս ոլորապտույտ ճանապարհները գրեթե միշտ փակ են լինում,- տագնապում է Լեռնահովիտի դպրոցի տնօրենը,- չէ, մեր երեխեքը կրթություն չեն ստանա, ես չեմ տեսնում այդ հնարավորությունը, վերեւից բաներ են ասում, որ իրենք էլ լավ չեն պատկերացնում: Սա նույն օպտիմալացման ծրագրի շարունակությունն է, դա չկարողացան անել, այս ձեւն են կիրառում»: