Կաննում Հայաստանի հանդեպ մեծ հետաքրքրություն կա

08/06/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հայաստանում կինո նկարահանելու համար առաջին հերթին ոչ թե ֆինանսներ ու գաղափարներ են հարկավոր, այլ՝ քաջեր։ Ընդ որում, այդ քաջերը պիտի խորամանկ ու բանիմաց լինեն։ Համատեղ ֆիլմարտադրության դարում հետաքրքիր կինոնախագծեր ֆինանսավորել ցանկացողներ կգտնվեն եւ՛ Եվրոպայում, եւ՛ Ասիայում։ Տեխնիկական համապրոդյուսերներ կարելի է գտնել, պարզապես պետք է ծանոթ լինել աշխատանքային այն մոդելին, որը վաղուց արդեն ոչնչով չի հիշեցնում խորհրդային ֆիլմարտադրության մոդելը։ Շատ քիչ հայ պրոդյուսերների ու ռեժիսորների է ծանոթ այն ճանապարհը, որով կարելի է գրագետ ներկայացնել սեփական նախագիծն ու կինոպարտնյորներ գտնել աշխարհի տարբեր կինոֆոնդերի միջոցով։ Ամերիկյան ֆիլմերի գերշխանության պարագայում եվրոպական ու ասիական ֆիլմարտադրողները միավորվում են՝ էկրաններին ցուցադրվող ֆիլմերի հավասարակշռությունը պահպանելու համար։ Խոշոր ստուդիաներն ու ֆոնդերը իրենք են հետաքրքրված մեր տարածաշրջանում նկարահանման պրոցեսը խթանելու մեջ։ Պարզապես մենք ենք ուշանում ու չենք կողմնորոշվում, չենք ուզում ընդունել, որ միայն պետբյուջեի վրա ապավինելու ժամանակը վաղուց անցել է եւ հարկավոր է նոր ուղիներով առաջ շարժվել, որպեսզի հնարավոր լինի ամենաթանկ արվեստի ճյուղում՝ կինոյում, հաջողությունների հասնել։

Վերջին մի քանի տարիների ընթացքում համատեղ խաղարկային կինոֆիլմեր են փորձում ստեղծել երեք հայաստանյան կինոխմբեր։ Այդ ֆիլմերն են. «Չնչիկը» (ռեժիսոր Արամ Շահբազյան), «Խճողված զուգահեռները» (ռեժիսոր Հովիկ Գալստյան) եւ «Ժաննան ու ձայները» (ռեժիսոր Միքայել Վաթինյան)։ Մեկն արդեն նկարահանվել է, բայց դեռ պատրաստ չէ, մյուսը՝ հինգ տարի է՝ սպասում է նկարահանման փուլին, իսկ երրորդը՝ դեռ չի էլ մեկնարկել։ Սակայն բոլոր երեք նախագծերն էլ արդեն ունեն միջազգային պարտնյորներ։ Թե ինչո՞ւ է հապաղում այդ ֆիլմերի ստեղծումն ու, ընդհանրապես՝ ինչո՞ւ ոչ մի կերպ չեն մշակվում կինոստեղծման մեխանիզմները, մենք փորձում ենք պարզել բախտի քմահաճույքով պրոդյուսերական աշխատանք անող դերասանուհի Արմինե Աբրահամյանի հետ, ով համառությամբ փորձում է «Ժաննան ու ձայները» ֆիլմի նախագիծը ֆիլմ դարձնել։ Նա վերջերս է վերադարձել Կաննի միջազգային փառատոնից, որտեղ մասնակցել է կինոպրոդյուսերների ցանցին (որպես «ժաննան ու ձայները» ֆիլմի պրոդյուսեր) ու եղել է Հայաստանի առաջին, բայց, ինչպես ինքն է ասում՝ ինքնուս պրոդյուսերը, որին հրավիրել է այդ ամենահեղինակավոր կինոփառատոնը։

Կաննի փառատոնի «Կինոշուկան», որի մի մասն է ընդամենը կազմում պրոդյուսերների ցանցը, շատ մեծ է։ Մոտ 19 հազար մարդ է ամեն տարի գալիս Կանն՝ կինոշուկայի ծրագրին մասնակցելու համար, եւ այս տարվա ուղեցույցում կա նաեւ հայկական ֆիլմի նախագիծը։ Սովորաբար ամեն երկիր իր սեփական տաղավարն է ունենում, որտեղ այցելում են վաճառքով զբաղվող գործակալները, պրոդյուսերները, փառատոների ու կինոֆոնդերի ներկայացուցիչները։ Հայաստանը սեփական տաղավարով դեռ չի ներկայացել, սակայն այս տարի ունեցել է կարճամետրաժ ֆիլմեր ցուցադրելու համար նախատեսված իր անկյունը, որտեղ իրենց ֆիլմերը ցուցադրել են Վրեժ Քասունին եւ Արման Թադեւոսյանը, իսկ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը Կաննում հայկական ընդունելություն՝ կոկտեյլ էր կազմակերպել։ Հույս ունենք, որ շուտով մեր հանրապետությունն ավելի լայն ներկայացված կլինի Կաննում, քանի որ, ինչպես զգացել է Արմինեն, Եվրոպան մեծ հետաքրքրություն ունի Հայաստանի հանդեպ։

– Բոլոր տեսակետներից էլ Կաննի փառատոնը հրաշալի մտածված փառատոն է։ Իհարկե, ես ազատ ժամանակ քիչ ունեի ու ամեն օր մեր նախագծի ներկայացմամբ էի զբաղված, բայց իմ ամենացնցող տպավորությունն այն է, որ մարդիկ Կաննում պատրաստ են մեկը մյուսին օգնել։ Մի կողմ դնելով կարմիր գորգը, երեկոյան հյուրընկալությունները, նավերի վրա կազմակերպված երեկոները, հանդիպումները, առաջին հերթին ցնցում է մարդկանց վերաբերմունքը։ Շատերն իրենց թանկ ժամանակը տրամադրում էին, որպեսզի օգնեն ինձ, ճիշտ տեղեկություն տան կամ ինձ համար պետքական մարդկանց հետ ծանոթացնեն։ Կաննում ես աջակցության մեծ ալիք եմ տեսել։ Հայաստանի ներկայացուցիչը լինելը շատ կարեւոր գործոն էր։ Երբ մարդիկ իմանում էին, որ ես Հայաստանից եմ, միանգամից զգացվում էր նրանց լավ վերաբերմունքը։ Դա շատ հաճելի էր։ Եվ ուղղակի երազում եմ, որ հայկական ֆիլմերն ու նախագծերը դուրս գան միջազգային շուկա։

– Կաննի «Կինոշուկայում» հայտնվելը հե՞շտ էր։

– Կինոշուկայի ծրագրին մասնակցելու տարբեր ճանապարհներ կան։ Ե՛վ անհատը, եւ՛ որեւէ կազմակերպություն կարող է ռեգիստրացիոն գումար վճարել ու մասնակից դառնալ։ Բայց կինոփառատոները նաեւ ավելի հետաքրքիր ու խորամանկ քաղաքականություն ունեն, իրենք իրենց ընտրելու հնարավորություն են տալիս։ Մեզ ընտրել է ու հրավիրել է Կաննի փառատոնի պարտնյորը՝ հարավ-կորեական Պուսսանի փառատոնը։ Իմ մտքով անգամ չէր անցել, որ կարելի է միանգամից դիմել Կաննի փառատոնին։ Մեր նախագիծը սկզբում մրցանակի է արժանացել Պուսսանում, հետո արդեն այդ փառատոնի շնորհիվ՝ ինձ հրավիրեցին Կանն։ Իրականում ես իրավունք էլ չունեի Կաննի կինոպրոդյուսերների ցանցում հայտնվել, քանի որ ես պետք է առնվազն մեկ լիամետրաժ ֆիլմ նկարահանած լինեի։ Իսկ ես ընդամենը մեկ կարճամետրաժ մուլտֆիլմի պրոդյուսեր եմ։ Բայց Պուսսանի փառատոնը մեզ բացառության կարգով ուղեւորեց Կանն ու ռեգիստրացիայի գումարն էլ վճարեց։ Դա հրաշքի էր նման։ Իսկ ճանապարհածախսը վճարեց Ազգային Կինոկենտրոնը։

– Կարելի՞ է ասել, որ Կաննի հրավերն օգտակար եղավ, ու հայտնվեցին պարտնյորներ։

– Հիմա մեր ֆիլմն արդեն երեք պարտնյոր ձեռք բերեց, որոնք ծրագիր ունեն իրենց երկրներից համաֆինանսավորում բերել մեր ֆիլմին ու մեզնից արդեն նկարահանված նյութեր են սպասում։ Բայց որպեսզի դա արագ տեղի ունենա, հարկավոր է, որ մեր ֆիլմն աջակցություն ունենա նաեւ Հայաստանից։ Խոսքը գնում է ֆիլմի բյուջեի 30 տոկոսի մասին։ Իսկ երբ ֆիլմի նախագիծն իր պետության կողմից տրվող այդ 30 տոկոսը չի ունենում, գործը շատ է դժվարանում։ Ֆոնդերին դիմող մարդկանց քանակը հազարների է հասնում, եւ մրցույթներն էլ շատ մեծ են լինում, բնական է, որ ֆոնդերի ներկայացուցիչների համար կարեւոր է նախագծով սեփական երկրում հետաքրքրված լինելը։ Մեր նախագիծն ունի միջազգային հետաքրքրություն, այն հինգ փառատոների է մասնակցել, բայց դա դեռ չի նշանակում, որ ֆիլմը կնկարահանվի։

– Իսկ եթե Հայաստանը 30 տոկոսը չտա, դա կնշանակի, որ ֆոնդերը կկանգնեցնեն իրենց աջակցությունն, ու ֆիլմը չի նկարահանվի։

– Դե, ամեն դեպքում մենք առանց Հայաստանի օգնության էլ կփորձենք նկարահանել՝ հույս ունենալով, որ էլի կարող է հրաշք տեղի ունենալ, բայց այդ դեպքում ֆիլմի արտադրությունը կարող է շատ երկար տեւել կամ էլ ընդհանրապես կանգ առնել։ Երբ ֆիլմն իր երկրում չունի ֆինանսավորում, կամ էլ ֆինանսավորումը շատ փոքր է, ֆիլմը ռիսկային գոտում է հայտնվում ու կարող է տապալվել։ Այդպես եղավ վրացական մի ֆիլմի հետ, որը միջազգային կինոֆոնդերից գումար պիտի ստանար, բայց այնքան ձգվեց, որ չնկարահանվեց։ Իսկ մեկ ուրիշ վրացական ֆիլմի նախագիծը, որը Եվրոպայում մեծ հետաքրքրություն ուներ, ֆինանսավորում չստացավ Վրաստանում, եւ ռեժիսորը՝ Բաբլոանին, ֆիլմի հեղինակային իրավունքները վաճառեց ֆրանսիացիներին։ Այդ ֆիլմը նկարահանվեց, շատ մեծ հաջողություն ունեցավ, բայց այն արդեն՝ որպես ֆրանսիական ֆիլմ։ Հետո այդ ֆիլմի ռիմեյկի իրավունքը գնեցին ամերիկացիները, եւ արդեն վրացական սցենարի հիման վրա ֆիլմ կանեն, որտեղ գլխավոր դերում կնկարահանվի Բրեդ Փիթը։ Այդ ֆիլմի պատմությունը շատ մեծ աղմուկ բարձրացրեց Վրաստանում, ստացվեց, որ պետությունը սխալվել էր ու չէր նկատել հաջող նախագիծը։ Իհարկե, ֆիլմի հաջողությունը նախօրոք չի կարելի գուշակել, բայց եթե կա պրոյեկտների ընտրություն, ինչո՞ւ չընտրել հաջողություն խոստացող պրոյեկտը։

– Համաֆինանսավորումը, զուտ գումար տրամադրելուց բացի, օգնո՞ւմ է դիստրիբյուցիայի, հետագա վաճառքի հարցերում։

– Եթե կա համաֆինանսավորում, ֆիլմը մեխանիկորեն ցանցի մեջ է մտնում, քանի որ այն երկրները, որոնք գումար են տալիս, անպայման քո ֆիլմն իրենց երկրներում ցուցադրում են, ուղարկում են փառատոների։ Եթե ֆիլմը որպես նախագիծ արդեն իսկ մտնում է շուկա, ապա անպայման որոշակի հաջողություններ կունենա որպես պատրաստի ֆիլմ։ Միջազգային հետաքրքրություն ունեցող նախագծերը կոչվում են «reality in film market»՝ այսինքն, նրանք իրականություն են կինոշուկայում։ Բայց կինոպրոյեկտը ռեալ է դառնում միայն այն ժամանակ, երբ այն երկիրը, որին պատկանում են հեղինակային իրավունքները, տալիս է այդ 30 տոկոսը։ Ես հույս ունեմ, որ մեր ֆիլմը կնկարահանվի 2009 թվականին, որ պրոցեսը շատ չի ձգվի։ Տարիներով ձգվող նկարահանումները բոլոր ֆիլմերին են վնասում։ Ֆոնդերը կարող են այլեւս չվստահել այն երկրին, որին գումար կամ մրցանակ են տալիս, իսկ ֆիլմը տարիներով չի նկարահանվում։ Դա վնասում է այն երկրների հեղինակությանը, որոնց հանդեպ Եվրոպան «քայլ» է արել։ Եթե հայկական նախագծի ճակատագիրն անհասկանալի պատճառներով ձգձգվում է, պարզ է, որ գումար տրամադրած ֆոնդը մեկ այլ հայկական նախագծի այլեւս փող չի տա։ Անհատների մեղքն այստեղ չկա, Հայաստանը պիտի նոր մեխանիզմներ մշակի, կինոյի մասին օրենք ստեղծի, ու ամենակարեւորն այն է, որ այդ օրենքը պիտի գործի։ Բոլոր երկրներն ունեն կինոյի մասին օրենք, որտեղ հստակ գրված է, թե պետական բյուջեն ինչպես է պետք տնօրինել։ Անկախ կինոկոմպանիաներին ու անկախ պրոդյուսերներին պետք է ավելի մեծ հնարավորություններ տալ։ Շատ ափսոս է, որ հիմա Հայաստանի հանդեպ մեծ հետաքրքրություն կա, բայց Հայաստանը դա չի ուզում նկատել։

– Իսկ ինչո՞ւ կա այդ հետաքրքրությունը։ Մենք լավ ֆիլմեր ու կայացած արտադրություն չունենք։

– Բայց տարբեր երկրների կինոարտադրության մեջ շատ հայեր են ներգրավված։ Հայազգի ռեժիսորների հաջողությունները բոլորի համար ակնհայտ են։ Նշանակություն չունի, թե նրանք ո՞ր երկրներում են ֆիլմ նկարում, նրանք հայկական մտածողություն ունեն։ Բոլորը գիտեն Փարաջանովին, Փելեշյանին, Էգոյանին, եւ երբ տեսնում են հայկական նախագծերը, նրանք, բնականաբար, հետաքրքրվում են։ Եվրոպայի համար միտքը, ոճը, յուրահատուկ պոետիկան կարեւոր են, եվրոպական պրոդյուսերները չեն էլ թաքցնում, որ նոր պոետիկա ու նոր մտքեր են ուզում մեզնից ստանալ։ Իսկ հայկական ֆիլմերը միշտ էլ ունեցել են իրենց պոետիկան։ Մեր ամենահանճարեղ ֆիլմերը միշտ էլ շատ պոետիկ են եղել։ Կարծում եմ, մենք պատրանքների մեջ ենք ընկնում, երբ կարծում ենք, որ կարող ենք միայն կոմերցիոն կինոյով միջազգային ասպարեզ դուրս գալ։ Հայաստանն արվեստում միշտ հեղինակային ոճ է ունեցել, եւ այդ ոճն է մյուսների համար հետաքրքիր։ Մեր վավերագրական ֆիլմերը ցուցադրվում են միջազգային փառատոներում ու հաջողություն ունեն, բայց խաղարկային կինոն շատ է ետ մնում։ Բայց ես հույս ունեմ, որ դաշտը կզարգանա, քանի որ կինոարտադրությունը նպաստում է երկրի հեղինակությանը։ Վրաստանն, օրինակ, հիմա ամեն ինչ անում է, որպեսզի մտնի միջազգային կինոասպարեզ։ Բայց վրացական պրոյեկտները բավականին ամերիկամետ են ու այնքան էլ հետաքրքիր չեն Եվրոպայի ու Ասիայի համար։ Հայաստանը Եվրոպայի համար ավելի հետաքրքիր է։

– Իսկ Ադրբեջա՞նը։

– Ադրբեջանը շատ մեծ գումարներ է ներդնում կինոյի մեջ, միայն 300 մլն դոլար իրենք տրամադրել են՝ իրենց կինոստուդիան նոր տեխնիկայով զինելու համար։ Բայց ադրբեջանական ֆիլմերն ու նախագծերը, որոնք մեծ ֆինանսավորում ունեն, շատ թույլ են ու ոչ մի կերպ չեն կարողանում կինոդաշտ մտնել։

– Ա՛յ, եթե մենք ունենանք Ադրբեջանի գումարը, Վրաստանի պետական մոտեցումն ու հայկական միտքը, շատ լավ կլինի։

– Դա կլինի ամենաիդեալական տարբերակը։ Բայց խնդիրը միայն պետական կառույցների ու ֆինանսների մեջ չէ։ Հենց իրենք՝ կինոգործիչները, պիտի աշխատեն, ջանք թափեն՝ իրենց պրոյեկտները ներկայացնելու համար։ Թե չէ, բոլորն ասում են՝ թող պետությունը մեզ ֆինանսավորի, ու մենք կնկարահանենք։ Այդպես չի ստացվի։ Ձգտումը կինոյի մեջ շատ կարեւոր է։ Ես ինքս պրոդյուսեր չեմ, բայց սովորում եմ այդ գործի կանոնները։ Զարմանալի է, երբ տեսնում եմ, որ երիտասարդներն իրենք ոչինչ անել չեն ուզում, նույնիսկ օտար լեզու չեն ուզում սովորել, միայն պահանջում են։

– Դա սովետական մոտեցում է։

– Բոլորս հասկանում ենք, որ պետությունը սահմանափակ գումար է տրամադրում ֆիլմերին։ Սակայն, եթե այն արդեն իսկ որոշակի ճանաչում ունեցող ֆիլմերի նախագծերին աջակցի, կնշանակի, որ որոշ աշխատանք կատարած մարդկանց է շանս տալիս։ Եթե մարդն ինքն է գնում, սովորում, ճանապարհներ է գտնում՝ իր պրոյեկտը ներկայացնելու համար, պետք է դա նկատվի։ Հիմա իրականությունն այնպիսին է, որ սարսափելի մեծ քանակի կինոծրագրեր են մշակվում Եվրոպայում ու Ասիայում, որպեսզի երկրները համագործակցեն միմյանց հետ։ Համատեղ արտադրությունների մեծ ալիք է սկսվել մեր մայրցամաքի տարածքում։ Դա արվում է ի հակակշիռ ամերիկյան կինոյի։ Նույնիսկ՝ ի հակակշիռ ռուսական կինոյի, որը մեծ թափ է հավաքում ու մեծ գումարներ ունենալով եւ ինքնուրույնություն ձեռք բերելով՝ կամաց-կամաց դուրս է գալիս եվրոպական կինոշուկայից։

– Իսկ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որն ունի «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը, օգնո՞ւմ է նախագծերը «առաջ տանելու» գործում։

– «Ոսկե ծիրանն» արդեն ստեղծել է համատեղ արտադրության պլատֆորմը, այն հրավիրում է միջազգային էքսպերտների, մասնագետների, ֆոնդերի ներկայացուցիչների, որոնց համար պրոդյուսերներն ու ռեժիսորներն իրենց նախագծերի պրեզենտացիաներն են անում։ Մեր ֆիլմն էլ է այդտեղից սկսել իր ճանապարհը։

– Իսկ ձեր ապագա ֆիլմի հերոսուհին ի՞նչ է ուզում անել այս կյանքում։

– Մեր հերոսուհին ուզում է կենդանանալ։ Նա թողնում է մեծ քաղաքն ու ճանապարհորդում է Հայաստանով մեկ։ Հիմա մարդիկ մեծ հաշվով ապրում են իներցիայով, մեխանիկորեն են ապրում ամեն մի օրը ու չեն էլ փնտրում իրենց իրական տեղն այս կյանքում։ Ճանապարհ ընկնելու ցանկությունը ենթագիտակցորեն է ծագում մեր հերոսուհու մոտ։ Եվ նա, վերջիվերջո, փրկելով մեկ ուրիշին, փրկում է նաեւ ինքն իրեն։

– Այդ գաղափարը շատ հին է ու, ինչպես ասում են, ժամանակով ստուգված է։

– Նոր գաղափարներն արվեստում միշտ շատ քիչ են։ Եվ կարծում եմ, ամբողջ հմայքը այդ գաղափարների շուրջ սեփական ձեռագրով «պտտվելու» մեջ է։