Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ ռումինական «Պոլիտեխնիակայի» ֆուտբոլիստ Արտավազդ Քարամյանն Իտալիայի Ա սերիան ներկայացնող Հռոմի «Լացիոյի» հետաքրքրությունների շրջանակներում է: «Գազետա սպորտուլիոր» ռումինական թերթի փոխանցմամբ` 28-ամյա Ա. Քարամյանը «Լացիոյից» արդեն ստացել է պաշտոնական առաջարկ, եւ կողմերի միջեւ ներկայումս ընթանում են բանակցություններ: Ռումինական թերթին տված հարցազրույցում Ա. Քարամյանի եղբայրը` Արթուր Քարամյանը, ով նաեւ ֆուտբոլիստի գործակալն է, հաստատել է իտալական ակումբի հետաքրքրությունը եղբոր նկատմամբ: «Մենք ունենք կոնկրետ առաջարկ «Լացիոյից», սակայն ներկայումս բանակցությունները շարունակվում են: Երբ վերադառնանք Ռումինիա, կհանդիպենք «Պոլիտեխնիակայի» նախագահ Մարիան Յանկուի հետ, որից հետո կընդունենք վերջնական որոշում»,- նշել է նա: Ըստ թերթի`Ա. Քարամյանը եւ նրա գործակալը, օգտվելով Ռումինիայի առաջնությունում հայտարարված ընդմիջումից, վերջին ժամանակներս գտնվել են Հռոմում, որտեղ «Լացիոյի» ներկայացուցիչների հետ բանակցություններ են վարել: Թերթը նշել է, որ իտալական ակումբը ձախ կիսապաշտպանի փնտրտուքների մեջ է: Նշենք, որ Ա. Քարամյանով հետաքրքրվում էր նաեւ Ռումինիայի առաջատար «Ստյաուան» ակումբը, սակայն ֆուտբոլիստի դիմաց «Պոլիտեխնիակայի» պահանջած 3 մլն եվրոն նրանք չկարողացան վճարել: