«Մոժետ զավտռա, մոժետ պոսլեզավտռա….»

06/06/2008

Անցած աշնանից ՀՀ քաղաքացիները Ոստիկանությունից չեն կարողանում ստանալ վարորդական իրավունքի վկայական: Մարդիկ, ովքեր կորցրել են իրենց վկայականը կամ պարզապես նոր վկայական են ցանկանում ձեռք բերել, զրկված են այդ իրավունքից: Արդեն կես տարի է, ինչ այս քաղաքացիների դիմումները մնում են անպատասխան: Այս խնդրի հետ կապված բազմաթիվ ահազանգեր է ստացել նաեւ մեր խմբագրությունը: «Ոստիկանությունն այստեղ մեղք չունի: Պարզապես այդ վկայական տպող ընկերությունից մեզ պատասխանում են, թե սարքն է փչացել: Մենք դիմող քաղաքացիներին նույնիսկ ժամանակավոր վկայական ենք տալիս, որպեսզի վիճակը մեղմենք»,- մեր թղթակցին ասել է ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայության պետի տեղակալ Արմեն Մալխասյանը: Իսկ Ոստիկանությունն անհանգստացած չէ՞ ստեղծված խնդրով, չէ՞ որ դա կարող է ձգվել եւս կես տարի կամ ավելի երկար: «Այդ ընկերությունից մեզ արդեն ասել են, թե մի երկու օրից ամեն ինչ նորմալ կլինի»,- ասել է Ա. Մալխասյանը: Նշենք, որ «երկու օրից նորմալ կլինի» արտահայտությունը քաղաքացիներին ասում են դեռ անցած աշնանից: Հետեւողականորեն կսպասենք «երկու օր» ժամկետին: