ՀՀ Արտաքին գործերի նորանշանակ նախարար Էդուարդ Նալբանդյանը երեկ իր առաջին հանդիպումն է ունեցել լրագրողների հետ։ Հանդիպումը նա սկսել է բոլոր լրագրողներին առանձին-առանձին ձեռքով բարեւելով։ Իսկ հետո անցել է բուն նյութին, որը պայմանականորեն կարելի է բաժանել 2 մասի՝ արտաքին եւ ներքին։
Արտաքին քաղաքականության մասով, բնականաբար, ուշադրության կենտրոնում եղել է ԼՂՀ հակամարտությունը։ Ինչպես գիտեք, ուրբաթ օրը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ առաջին հանդիպումը։ Թեեւ Է. Նալբանդյանն այդ հանդիպումը ավելի շատ որպես ճանաչողական է դիտարկում, սակայն հույս ունի, որ այն որոշ դրական արդյունքներ կունենա։ Իսկ ըստ ՀՀ ԱԳ նախարարի, արդյունքը դրական կարելի է համարել, եթե կողմերը հայտարարեն, որ պատրաստ են շարունակել բանակցությունները։
Ի դեպ, Էդ. Նալբանդյանը նաեւ տեղեկացրել է, որ չնայած ադրբեջանական կողմի հայտարարություններին, գոյություն ունի բանակցային կոնկրետ փաստաթուղթ, որը գրանցված է ԵԱՀԿ-ում եւ 2007թ. ներկայացվել է կողմերին ԵԱՀԿ Մադրիդի վեհաժողովի ժամանակ։ Նա նշել է, որ այդ փաստաթուղթը կողմերի միջեւ երկարատեւ աշխատանքի արդյունք է։ «Այսօր խոսքը չի գնում, որ ինչ-որ նոր առաջարկներ պետք է ներկայացնի Ադրբեջանը, կամ ինչ-որ նոր առաջարկներ պետք է ներկայացնի Հայաստանը, կամ Մինսկի խմբի համանախագահները: Այսօր կան այդ առաջարկները, այդ առաջարկները բանակցությունների հիմքն են, եւ մենք պատրաստ ենք շարունակել»,- ասել է նախարարն՝ ավելացնելով, որ ադրբեջանական կողմը եւս պետք է պատրաստ լինի «շարունակել բանակցություններն այդ փաստաթղթի հիման վրա»։
Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ այս փուլում հարկավոր է զերծ մնալ որեւէ քայլից, որը կարող է խոչընդոտել բանակցություններին, կրակի վրա յուղ լցնել: Զգուշությունը կարեւոր է, մասնավորապես, մեկնաբանություններ, հայտարարություններ անելիս: Այս առումով՝ Էդ. Նալբանդյանը տարօրինակ է համարել, որ Ադրբեջանի նախագահը խոսում է բանակցությունների ճանապարհով հարցը լուծելու մասին, իսկ Ադրբեջանի մյուս պաշտոնյաները ժամանակ առ ժամանակ ռազմաշունչ հայտարարություններ են անում։ Հայկական կողմի համարժեք արձագանքն այդ կարգի հայտարարություններին, նախարարի կարծիքով, միայն ավելի կսրի իրավիճակը։
Իսկ Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հարցում ԱԳ նախարարի փոփոխությամբ չի փոխվել։ «ԼՂ հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով. բանակցություններին այլընտրանք չկա, ռազմական ճանապարհի մասին հայտարարություններն անթույլատրելի մտածելակերպի արդյունք են»,- ասել է Էդ. Նալբանդյանը՝ վստահություն հայտնելով, որ հակամարտության շարունակությունը չի բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի շահերից: «Երկու ժողովուրդների շահերը պահանջում են լուծման գալ: Սպառնալիքներով խոսելը վտանգավոր է: Որեւէ հակամարտություն լուծելիս պետք է կանգնեցնել քարոզչությունը. անհնար է որեւէ հակամարտություն լուծել, երբ քարոզչությունը, հատկապես` ռազմատենչ ոճով, շարունակվում է»,- ասել է նա։
Նախարարն անդրադարձել է նաեւ, պայմանականորեն ասած, ներքին խնդիրներին՝ մասնավորապես, ընտրական գործընթացներին։ Էդ. Նալբանդյանը, ով ՀՀ նախագահական ընտրություններին հետեւում էր Փարիզից, կարծիք է հայտնել, որ դրանք առաջընթաց էին` համեմատած նախագահական նախորդ ընտրությունների հետ: «Ա1+»-ի հարցին, թե որո՞նք են նախագահական ընտրություններում արձանագրված առաջընթացը եւ թերությունները, որոնք մեր իշխանություններն ի գիտություն են ընդունել, Էդ. Նալբանդյանը պատասխանել է. «Ես ընտրական իրավունքի մասնագետ չեմ, իսկ առաջընթացի մասին ձեւակերպումները առկա են միջազգային զեկույցներում, եւ հնարավոր է դրանց ծանոթանալ»:
Միջազգային կառույցների զեկույցները, ինչպես երեւում է, Էդ. Նալբանդյանի համար ավելի շատ դրական երանգներ են պարունակում, ինչը եւ նրան հիմք է տալիս ընտրական իրավունքի մասնագետ չլինելով հանդերձ՝ ընտրությունները գնահատել որպես առաջընթաց։ Սակայն շատերի մոտ այդ զեկույցներից միանգամայն հակառակ տպավորություններ են ստացվել, եւ լրագրողի հարցին՝ ի՞նչ է պատճառը, որ միջազգային բազմաթիվ կառույցներ, այդ թվում՝ ԱՄՆ Պետդեպարտամենտն իր վերջին զեկույցում նշել է ՀՀ ընտրական եւ հետընտրական գործընթացներում տեղի ունեցած աղաղակող խախտումների եւ բռնությունների մասին, Էդ. Նալբանդյանը պատասխանել է. «ԵԱՀԿ դիտորդական առաքելության մեջ գտնվում էին տարբեր երկրների ներկայացուցիչներ, եւ կարծեմ` այդ խմբի մեջ ամենաշատն ԱՄՆ դիտորդներն էին` 3 տասնյակ, եւ, իհարկե, այդ զեկույցն արտահայտում է բոլորի կարծիքը: Զեկույցն արտահայտում է բոլորի կարծիքը` թե՛ կազմակերպության, թե՛ դիտորդական խմբի, թե՛ մասնակից դիտորդների: Զեկույցում վերահաստատվում է, որ ընտրությունները համապատասխանում էին կառույցի հանդեպ Հայաստանի պարտավորություններին»։
Մի խոսքով, եթե նորից կարդաք հարցը՝ «ի՞նչ է պատճառը…», եւ պատասխանը, պարզ կդառնա՝ ինչ ասել է՝ «դիվանագիտական պատասխան»։