Ընդդեմ անբարեխիղճ վարորդների

06/06/2008

Երեկ Երեւանի փողոցներում մի խումբ երիտասարդներ հետաքրքիր ակցիա էին կազմակերպել երթեւեկության կանոնները խախտող ավտոմեքենաների եւ վարորդների դեմ: Նրանք իրենց բջջային հեռախոսներով լուսանկարում եւ տեսանկարահանում էին երթեւեկության կանոնները խախտող մեքենաները եւ իրենց դժգոհությունն էին արտահայտում փողոցում երթեւեկության ներկա վիճակի վերաբերյալ: Տեսարանը, որին ականատես եղավ մեր թղթակիցը Երեւանի տարբեր խաչմերուկներում` բավականին ուշագրավ էր: Ակցիայի երիտասարդ մասնակիցներից մեկը մեր թղթակցի հարցին, թե ինչ կազմակերպություն են իրենք ներկայացնում, պատասխանեց, թե իրենք ներկայացնում են նորաստեղծ մի երիտասարդական շարժում, որի գործունեության սկիզբ է հանդիսանում Երեւան քաղաքի երթեւեկության խայտառակ վիճակի դեմ բողոք ներկայացնելը: Ի դեպ, հիշեցնենք, որ նախորդ օրը Պետավտոտեսչության ամենավերին օղակներում փոփոխություններ էին տեղի ունեցել: Թե որքանով այս երիտասարդների ակցիան կապ ունի այդ փոփոխությունների հետ` դժվար է ասել: Ակցիայի մասնակիցների պահելաձեւից եւ խոսակցություններից անհասկանալի մնաց նաեւ այն, թե արդյոք նրանք քաղաքական որեւէ ճամբարի հարո՞ւմ են, թե՞ ոչ: Երիտասարդները խոստացան, որ Երեւանի փողոցներում երեւանցիներն իրենց դեռ հաճախ են տեսնելու: