Արդարությունն՝ անգլիական հանդերձանքով

06/06/2008 Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

Ոչինչ այնպես չի խոցում մարդկային արժանապատվությունը, որքան անարդարությունը, եւ ամենամեծ մեղքը մարդու հանդեպ, թերեւս, անարդարությունն է, այն, ինչի տիրապետությունն ամեն օր, ամեն վայրկյան զգում ենք մեր մաշկի վրա։

Մենք սկսել ենք արտերկրներից ներմուծել ամեն ինչ, ներառյալ՝ բարոյական արժեքները։ Արդարությունը, օրինակ, այնպիսի կատեգորիա է, որ կրթության ցենզն (արտոնակարգը) ստուգելու համար հավաստի ու արժանահավատ է միայն այն դեպքում, երբ ներմուծվում է, ասենք, Անգլիայից։

Ավելի զավեշտական բան, քան այստեղ կազմված թեստերը տանել այնտեղ տպագրել-բերել ու հայտարարել քննության արդարության ապացույցների մասին՝ չկա (հետաքրքիր է՝ որտե՞ղ են անգլիացինե՛րը տպագրում իրենց թեստերը. մի՞թե Երեւանում)։ Իհարկե, եթե մենք ոչ թե ապրում ենք, այլ շարունակական ինչ-որ խաղերի մեջ ենք ու ենթարկվում ենք այդ խաղի կանոններին, պետք է ասել, որ այս խաղն աչքակապուկի ամենավառ օրինակն է, սակայն այս խաղը խաղացողները պետք է որ լավ իմանան՝ երբեմն աչքը կապած մարդն ուղիղ հետքի վրա է ընկնում։
Անգլիաներն ու փակ սեյֆերը հենց ժողովրդի աչքը կապելու համար են, մինչդեռ իշխանական աթոռներից իրենց ու իրենց մտերիմների զավակների ընդունելության ցուցակներն առանց քննության (կամ քննության իմիտացիայով) են իջնում բուհեր։ Այստեղ խեղճ (առանց չակերտների) դասախոսները չգիտեն, թե ինչ մեխանիզմով արդարացնեն նրանց մուտքը, թեեւ մեխանիզմներն էլ թելադրվում են «ի վերուստ» (խոսքը երկնայինի մասին չէ)։ Եվ այդ բոլոր տեսախցիկները, գելավոր հատուկ գրիչներն ու ստուգման բոլոր միջոցները, այսպես ասած, արդարություն են ապահովում չինովնիկների երեխաների մուտքն անարգել դարձնելու համար (չլինի թե մի բանվորի տղա նրա առաջը կտրի)։

Անարդարությունը ոչ միայն ինքնին անարդարություն է, այլեւ ծնունդ է տալիս անպատկառությանն ու դրանից բխող մնացած նեգատիվ երեւույթներին, որի դեմ հասարակության ոչ մի խավ այլեւս պայքարել չի կարող, իսկ երբ փտախտն ընկնում է հասարակության մեջ, չինովնիկի տղան էլ չի փրկվում (թեեւ ոչ մի չինովնիկ մինչեւ հիմա սա չի հասկացել. չի հասկացել, որ իր համար 1 թշնամին իր մեծամտությունն է, որի ծակող սայրը, որքան էլ տարօրինակ է, միշտ դեպի ներս է ուղղված)։
Սույն ցուցակներով անցած արտոնյալները զբաղեցնում են առաջին տասնյակների տեղերը (չեմ բացառում բացառությունները, ուր կարող են եւ ազնիվ ճանապարհով անցածներ լինել) եւ հիմնականում սովորում են անվճար հիմունքներով (որը պահպանում են ոչ թե գիտելիքների հաշվին, այլ՝ անօրինական լրացուցիչ վճարների)։ Ի վերջո, սրանք վճարում են, սակայն այդ գումարը չի մտնում պետական բյուջե եւ չի շրջանառվում կրթության կարիքների համար։ Ցավն այն է նաեւ, որ նրանք զբաղեցնում են այն սովորող ուսանողների տեղերը, ովքեր հնարավորություն չունեն վճարելու եւ հաճախ ստիպված են ուսումը կիսատ թողնել։

Չարիքը, սակայն, սրանով չի ավարտվում. սույն արտոնյալներն իրենց տեսակը պահպանելու եւ հաստատելու խնդիր ունեն, նաեւ պետք է ցույց տան, թե ինչպես է իրենց թուրն աջ ու ձախ կտրում. ահա եւ սկսվում է ծաղրուծանակը, հալածանքը սովորողների նկատմամբ, ինչն ավելի սուր բնույթ ունի տղաների շրջանում, որը չի սահմանափակվում տվյալ բուհի շրջանակում, այլ հսկողությունը շրջում է բուհից բուհ, եւ եթե գիրք կամ տետր վերցնելու անհրաժեշտություն կա, ապա այն հայտնվում է գոտկատեղին՝ վերնաշապիկի տակ (լավ տղաները ձեռքներին գիրք կամ տետր չեն բռնում. դա չպետք է երեւա, գրադարանի կողքով չեն անցնում, իսկ անցնողին, այսպես ասած՝ ծաղրում կամ «նեղում» են)։ Մի կողմից՝ կատաղի կրթավազք է, մյուս կողմից՝ անխնա պայքար կրթության դեմ, այսինքն՝ կրթությունը, ինչպես ասում են, նրանց զենքն է (զենքն ու փողը ոչ միայն հոմանիշ են, այլեւ խորհրդանիշ): Ամեն ինչ համեմատվում է նրանց հետ ու չափվում նրանցով. հիշենք փողոցային կարգախոսները («Իմ զենքը իմ ձայնն է», «Իմ զենքը ձեր ժպիտն է», «Իմ զենքը ձեր առողջությունն է», եւ այլն): Ահա եւ զենքի պաշտամունքը։ Ուժն ու փողի զորությունը գերադասվում է մարդկային մնացած բոլոր հնարավորություններից, եւ զենքի ու փողի ուժին տիրապետող բանասերն արհամարհանքով ասում է. «Չարենցն ով ա՞, որ ես նրա գրածը կարդամ»։ Ուրեմն, այս արտոնյալները վերջին հաշվով բուհ են մտնում ոչ թե կրթություն ստանալու, այլ կրթության դեմ պայքարելու համար: Եթե մի բան իրենց հասու չէ, ապա չպետք է հասու լինի եւ այլոց։ Եվ սա, այսպես ասած՝ ոչ թե տարերային բնույթ ունի, այլ խրախուսվող պետական քաղաքականություն է, ինչի համար հրապարակ նետված միջակությունները զարդարվում են զանազան մեդալներով ու պարգեւատրվում մրցանակներով: Այս մեդալամանիան նույնպես ուժի ցուցադրման ձեւ է. ով ասես մեդալ է տալիս, ով ասես մեդալ է ստանում (ինչը մարդկանց վրա բարոյական ճնշում գործադրելու եւ նրանց ճորտացնելու պարզագույն միջոց է, որն էլ ձեռքի հետ արժեզրկում է այն ամենը, ինչը դուրս է տվյալ շրջանակից)։

Այնպես որ, համբուրգերի սովոր արտոնյալ ուսանողը գիտության գրանիտը կրծելու հավես չունի, իսկ կրթությունը նրա համար իսկապես զենք է, որը նրան թույլ է տալիս ապագայում լրացնել մեդալ ստացողների ու մեդալ բաժանողների շարքերը, եւ, ի սեր Աստծո, արդարությունը Համլետի հետ (Կլավդիոսի հանգույն) վերադարձրեք Անգլիա. այն մեր ուսերին չի նստում…