Առանց քաղաքական գործիչների

06/06/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Առաջիկայում ստեղծվելիք Հասարակական պալատում նախատեսվում է ներգրավել ինչպես քաղաքական գործիչների ու հասարակական կազմակերպությունների, այնպես էլ այլ ոլորտների ներկայացուցիչների` մշակութային գործիչների, գիտնականների եւ այլոց:

Երեկ Հասարակական պալատի ձեւավորման անհրաժեշտության մասին «Հայացք» ակումբում իրենց տեսակետներն արտահայտեցին Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ռեժիսոր, «Գոյակ» մշակութային կենտրոնի ղեկավար Արմեն Մազմանյանը եւ ճարտարապետ Լեւոն Իգիթյանը: Լ. Անանյանը նշեց, որ Հայաստանում ոչ ոք չի կասկածում, որ թե՛ մեր երկիրը, թե՛ մեր հասարակությունը հայտնվել է ներքին ճգնաժամում, ու հարկավոր է միջոցներ ձեռնարկել` այդ իրավիճակից դուրս գալու համար: Ըստ նրա` պետք է պետություն-հասարակություն երկխոսության ծավալման համար ասպարեզ գտնել: Ի դեպ, Լ. Անանյանի կարծիքով` Հասարակական պալատ ստեղծելու հեղինակային իրավունքը պատկանում է Հմայակ Հովհաննիսյանին: «Այդ պալատը պիտի լինի առանձին, անկախ ու բոլորին ներգրավի` հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչներին: Այն անպայման պիտի չքաղաքականացվի, այլապես կունենանք մինի խորհրդարան: Այստեղ հասարակության կարծիքը պիտի հնչի, ու Հասարակական պալատն այն լավագույն հարթակն է, որը կարող է վերականգնել ժողովրդի հավատը: Այսօր կորել է հավատը մեր բարոյական ղեկավարության հանդեպ»,- նշեց Լեւոն Անանյանը:

Լեւոն Իգիթյանի բնորոշմամբ էլ` քաղաքական գործիչների 99 տոկոսն այսօր ծիծաղելի վիճակում է: Նրա կարծիքով` լիարժեք քաղաքական գործիչ մեր պայմաններում չենք կարող ունենալ: «17 տարի է՝ իրար գզում են` չես հասկանում, ինչ են ուզում իրարից ու մեզանից: Մենք իրենց «վարձել ենք», մեծ աշխատավարձ ենք տալիս, իրենք աշխատանքի չեն գալիս, մեզ էլ ձեռ են առնում ու դեռ անձեռնմխելի են»,- ասաց նա: Ճարտարապետի կարծիքով` Հանրային խորհրդում պիտի լինեն բացարձակ անկախ մարդիկ: «Ես Երեւանում տեսնում եմ այն մարդկանց, ովքեր կարող են լինել Հանրային խորհրդում`բժիշկներ, ուսուցիչներ եւ այլք: Բոլոր բնագավառներում էլ լավ մարդիկ կան: Հանրային խորհրդի կարիքը վաղուց կար, ուշացումով եկել ենք այդ եզրակացությանը, ու թե ով առաջինն ասաց այդ մասին, ով վերջինը` կարեւոր չի: Խորհրդում քաղաքական ոչ մի գործիչ չպիտի լինի, առողջ հասարակության ներկայացուցիչներ պիտի լինեն, միայն այդ ճանապարհով կունենանք առողջ հասարակություն»,- հայտարարեց նա:

Արմեն Մազմանյանն էլ կիսում էր մյուս բանախոսների այն կարծիքը, որ Հանրային խորհուրդ ստեղծելու կարիք վաղուց կար: Պարզապես, ըստ նրա` պետք է հասկանալ, թե պահի մեջ որեւէ բան ինչո՞ւ է արվում եւ ինչպե՞ս, դա ի՞նչ կտա: «Եթե սա պիտի մեռած երեխա լինի, չեմ ուզում, որ ծնվի, նորից մի պատուհաս այս ժողովրդի գլխին` պառլամենտ, կուսակցություններ, բդեշխական դեմոկրատիա, հիմա էլ՝ սա, մի քիչ շատ է: Ժողովուրդը հավատը կորցնում է, իսկ բեռը ծանրանում է, խորհուրդ տվողները, իմացողները շատանում են»,- ասաց նա: Ըստ նրա` խնդիրն այն է, թե ինչպես հարցին կմոտենան այդ Հասարակական պալատը ստեղծողները: «Սեփական ստատուս, պաշտոն, կորցնելու բան ունեցողներին դրա գիտակցությունը թույլ չի տալիս ազատ մտածել: Տվյալ պարագայում մենք ուզում ենք մի մարմին ստեղծել, որն իսկապես օգուտ կտա իշխանությանը, պետությանը եւ մեր ժողովրդին: Իշխանությունն ընտրվել է ոչ թե կառավարելու, այլ՝ ծառայելու ժողովրդի շահերին: Պետությունը քաղաքացիների հանրագումար է, այդ քաղաքացին եւ՛ նախագահն է, եւ՛ վարորդը: Այս ֆորմատները մոռացվել են, դրանք պետք է հետ բերվեն: Ու Հասարակական պալատի նման կառույց ստեղծելիս պիտի ընտրվեն մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ, ինքնուրույն, ազատ, կայացած մարդիկ են, կորցնելու բան չունեն ու գիտեն, թե ինչ ցավեր ու խնդիրներ ունեն ամենատարբեր ոլորտները: Բայց եթե դա հերթական գալկա է լինելու, ոչինչ չի տալու, բացի եւս մեկ հիասթափությունից»,- հայտարարեց ռեժիսորը: Ըստ նրա` եթե իշխանությունները որոշել են անհանգիստ, սկզբունքային մարդկանց ներգրավել պալատում, անկախ նրանից` այդ կառույցը նախագահին կի՞ց կլինի, թե՞ անկախ, այն շատ շուտ մեծ ազդեցություն կունենա: