Եվրամիության երկրներում պարենային ապրանքների գները մեկ տարվա ընթացքում աճել են 7,1 տոկոսով: Գների աճի ամենաբարձր տեմպերը գրանցվել են Բալթյան երկրներում ու Բուլղարիայում: Ըստ ԵՄ վիճակագրական բյուրոյի հրապարակած տվյալների, Լիտվայում գների տարեկան աճը կազմել է 18,1 տոկոս, Լատվիայում` 21,7 տոկոս, Էստոնիայում` 18,3 տոկոս, իսկ Բուլղարիայում` 25,4 տոկոս: Գների աճի ամենացածր ցուցանիշը գրանցվել է Պորտուգալիայում` 3,2 տոկոս, Հոլանդիայում` 5,4 տոկոս, եւ Ֆրանսիայում` 5,5 տոկոս: Վիճակագրական տվյալների համաձայն, կաթի գինը ամենից շատ բարձրացել է Էստոնիայում` 35,5 տոկոսով, իսկ ամենաքիչը` Կիպրոսում` 3,4 տոկոսով: Հացի գինն ամենից շատ բարձրացել է Բուլղարիայում` 38,4 տոկոսով, իսկ ամենից քիչ` Հոլանդիայում` 6,3 տոկոսով: Իսկ մսի գինն ամենից շատ բարձրացել է Լիտվայում` 19,1 տոկոսով, եւ ամենից քիչ` Պորտուգալիայում` 0,7 տոկոսով: Ի դեպ, Հունաստանի վարչապետ Կոստաս Կարամանլիսը գների բարձրացման հետ կապված դիմել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին՝ պահանջելով գնաճի դեմ պայքարելու միջոցներ գտնել: Նա պահանջել է այդ հարցը մտցնել հունիսի 19-20-ը կայանալիք ԵՄ գագաթաժողովի օրակարգ: «Գլոբալ տնտեսությունը ենթարկվում է մեծ ցնցումների, ինչպիսիք են նավթի եւ հիմնական պարենային ապրանքների գների բարձրացումը»,- ասել է Կարամանլիսը` մեջբերելով Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները, որոնց համաձայն, նավթի գինը վերջին 2 տարվա ընթացքում աճել է 47 տոկոսով: