Օբաման հաղթեց

06/06/2008

ԱՄՆ-ի Հարավային Դակոտա եւ Մոնտանա նահանգներում երեկ անցկացված վերջին ներկուսակցական ընտրությունների արդյունքներով` Բարաք Օբաման ստացել է Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում առաջադրվելու համար պահանջվող 2118 պատվիրակների ձայները: Օբաման հաղթել է Մոնտանայում անցկացված ներկուսակցական ընտրություններում, Հիլարի Քլինթոնը` Հարավային Դակոտայում: Եվ չնայած Նյու Յորքում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում Քլինթոնը շնորհավորել է Օբամային, սակայն, այդուհանդերձ, դեռեւս չի շտապում ընդունել իր պարտությունը: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, բացառված չէ, որ ԱՄՆ-ի նախկին առաջին տիկինը հանրապետական թեկնածու Ջոն ՄըքՔեյնի հետ դեմոկրատների հետագա ընտրապայքարին մասնակցի որպես փոխնախագահի թեկնածու: Նշենք, որ Դեմոկրատական կուսակցության կողմից իր թեկնածության հաստատվելու դեպքում Բարաք Օբաման կդառնա ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում առաջադրված առաջին սեւամորթ թեկնածուն: