«Ընձի կթվա, որ ես էս երկրում ապրելու իրավունք չունիմ»,- տարակուսանքով ասում է խմբագրություն եկած Ռոզա Գեւորգյանը, ով հայտնվել է անելանելի վիճակում, քանի որ 20 տարվա միֆն այլեւս հօդս է ցնդել:
Գյումրիի Շիրակացի փողոցի 25 շենքի նախկին բնակիչ տիկին Ռոզան 1988թ. երկրաշարժից հետո տեղափոխվել է Երեւան: «Աղետից հետո մեզ տարբեր առաջարկներ արեցին՝ մնալ Գյումրիում, տեղափոխվել Երեւան, նույնիսկ՝ Ռուսաստան: Ահագին մարդ գնաց Ռուսաստան, փրկվեց: Ես եկա Երեւան՝ հույս ունենալով, որ Գյումրի քաղաքը վերականգնելուց հետո ինձ կվերադարձնեն իմ անկյունը»,- պատմում է 65-ամյա միայնակ կինն, ով ընտանիք, երեխաներ չունի: Երկրաշարժից հետո Շիրակացի փողոցի 25 շենքն, ի տարբերություն Գյումրիի հազարավոր շենքերի, որոնք հավասարվել էին հողին՝ համարվել է խիստ վթարային, եւ բնակիչները տեղահանվել են: Այնուհետեւ, որպես անօթեւաններ՝ տեղի բնակիչներն ընդգրկվել են տարբեր կատեգորիաների հերթագրվածների ցանկում, որպեսզի քաղաքը վերականգնելուն պես ապահովվեն բնակարաններով: Տիկին Ռոզան տեղափոխվել է Երեւան եւ որպես աղետի գոտու տուժած՝ տեղավորվել է «Նարինե» մանկական առողջարանում եւ նույն առողջարանում ընդունվել է աշխատանքի: Մասնագիտությամբ մանկավարժ այս կինը վստահեցնում է, որ Երեւան տեղափոխվելուն պես սկսել է թափառական կյանքով ապրել, որովհետեւ 2002թ. այդ հաստատությունը «լիկվիդացրել» են: Այնուհետեւ դիմել է Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալություն՝ խնդրելով ապաստան տալ, որից հետո Նոր Նորքի ուսանողական ավանում տիկին Ռոզայի համար սենյակ են հատկացրել: Վերջինիս հորդորել են ժամանակավորապես հանգրվանել այդ սենյակում, մինչեւ Գյումրիում բնակարան կհատկացնեն: Ասում է՝ «Այդ ընթացքում այն շենքը, որտեղ ես տուն ունեի՝ հանձնեցին շահագործման: Մեր շենքն ամրացրել էին մեկ սենյականոց բնակարանների հաշվին: Պետական տարբեր կառույցներում ամրագրված էր, որ շենքն ամրացնելուց, շահագործման հանձնելուց պարտադիր պիտի մեզ բնակարանով ապահովեն: Այսինքն՝ ես մեկ սենյականոց բնակարան ունեի, ու իմ սենյակի հաշվին էլ էին շենքն ամրացրել: Մեկ սենյականոց բնակարանների բնակիչներին մեկ այլ շենքում պիտի տուն տային»: Տիկին Ռոզան վստահեցնում է, որ շենքի բոլոր բնակիչները, բացի իրենից, այլեւս ապահովված են բնակարաններով: 65-ամյա այս կինը չի դադարում դիմումներ, նամակներ գրել ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, Տարածքային կառավարման նախարարությանը, Շիրակի մարզպետարանին եւ բոլոր հնարավոր կառույցներին՝ խնդրելով վերանայել իր կարգավիճակը: Մինչդեռ պետական բոլոր օղակներին ուղղած նամակների պատասխանը ստանում է Շիրակի մարզպետարանից, իսկ տիկին Ռոզային բնակարան չտրամադրելու պատրվակները խիստ կասկածելի են: Մեզ ներկայացրած նամակներում այդ պատճառաբանությունները հակասում են իրար եւ ամենեւին էլ համոզիչ չեն: Բանն այն է, որ ուսանողական ավանում ժամանակավորապես ապրող այս կինն աշխատանքի տեղավորվելու խնդիր է ունեցել, հետեւաբար՝ նրանից գրանցման փաստաթուղթ են պահանջել։ «Ախր ես էլ մենակ, անօգնական. ո՛չ ընտանիք, ո՛չ երեխա ունեմ: Առանց աշխատանք, առանց եկամուտի Գյումրիից եկել եմ, ո՞նց ապրեմ, պիտի մի աշխատանք գտնեմ, որ օրվա հացի փող վաստակեմ,- իր վիճակը նկարագրում է տիկին Ռոզան՝ ասելով, որ ստիպված է եղել Գյումրիի գրանցումից դուրս գալ եւ գրանցվել Երեւանում։ -Ախր դա գրանցում էլ չի, որովհետեւ Ոստիկանությունում ասացին, որ սա պարզապես հաշվառում է, ոչ թե գրանցում»: Չարաբաստիկ գրանցումն առիթ է հանդիսացել, որպեսզի Շիրակի մարզպետարանը, ՏԿ նախարարության Միգրացիոն գործակալությունը տիկին Ռոզային բնակարան չտրամադրեն: «Ինձ ասում են՝ եթե Գյումրիի գրանցումից դուրս եք եկել, ուրեմն՝ հերթացուցակից դուրս եք մնացել: Ախր բացատրում եմ, որ ես էստեղ ապրելու, գոյատեւելու խնդիր եմ ունեցել: Ինձնից ամենուր գրանցման փաստաթուղթ էին ուզում: Ես չեմ էլ պատկերացրել, որ այդ գրանցումը կարող է խանգարել էսքան տարվա իմ սպասումին: Հասկանո՞ւմ եք, շատ ծանր բան է դա: Ես վստահ եմ, որ իմ անունով բնակարանն ուրիշին են հատկացրել ու հիմա չեն կարողանում տակից դուրս գալ: Ասում եմ՝ լա՛վ, Գյումրիի գրանցումից դուրս եմ եկել, բայց հո հանրապետությունից դուրս չե՞մ եկել»,- ասում է նա: ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խ. Պողոսյանը Ռոզա Գեւորգյանի դիմումին ի պատասխան, շարադրել է. «Գյումրի քաղաքում իրականացվում է միայն երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիր: ՀՀ կառավարության 10.06.1999թ. 432 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի համաձայն` բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեն այն քաղաքացիները եւ նրանց ընտանիքի անդամները, որոնց բնակարանները երկրաշարժի հետեւանքով քանդվել կամ բնակվելու համար դարձել են ոչ պիտանի եւ որոնք ընդգրկված են Գյումրու քաղաքապետարանի երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների հերթացուցակում: Դուք ընդգրկված չեք Գյումրու քաղաքապետարանի երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների հերթացուցակում, ուստի չեք կարող օգտվել Գյումրի քաղաքում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար իրականացվող բնակարանային ապահովման որեւէ ծրագրից»: Հարկ է նշել, որ Շիրակի մարզպետարանից ստացված մեկ այլ պատասխանում էլ արձանագրված է, որ՝ «Եթե հաշվառման վերցված անձինք մշտական բնակության են փոխադրվել այլ բնակավայր, ապա հաշվառումից հանվում են: Քանի որ Ռ. Գեւորգյանը 2002թ. դուրս է գրվել նախկին հասցեից եւ գրանցվել Երեւան քաղաքում, ուստի կորցրել է որպես երկրաշարժից անօթեւան՝ Գյումրի քաղաքում հաշվառվելու իրավունքը»: Մինչդեռ տիկին Ռոզայի հավաստմամբ՝ ինքն ընդգրկված է եղել անօթեւանների ցանկում, հետեւաբար՝ իր նախկին բնակարանը համարվել է ապրելու համար ոչ պիտանի: Վերջինիս համոզմամբ՝ անօթեւանների ցուցակում հերթագրված եւ պետության կողմից իրեն հասցեագրած բնակարանը համապատասխան կառույցներն ինչ-ինչ ճանապարհներով հատկացրել են մեկ ուրիշի, դրա համար էլ ներկայումս իրեն համարում են այդ ցանկից դուրս: Շիրակի մարզպետարանի այս պատճառաբանությունն իսկապես զարմանալի է, քանի որ աշխատակազմի ղեկավարը նշել է, որ նա գրանցումից դուրս գալու պահից դուրս է մղվել նաեւ անօթեւանների ցանկից: Մինչդեռ, Ռոզա Գեւորգյանն ընդամենը Գյումրիի գրանցումից դուրս է եկել Երեւանում աշխատանք ձեռք բերելու նպատակով: Փաստորեն, ըստ նրանց` Երեւան տեղափոխվելուց հետո Ռոզա Գեւորգյանը «ձեռքերը ծալած» պիտի նստեր, սովամահ լիներ, մինչեւ 20 տարի հետո Գյումրիում իրեն բնակարան կհատկացնեին, ու հնարավորություն կունենար այնտեղ աշխատել: Հարկ է նաեւ նշել, որ Ռ. Գեւորգյանը Երեւանում մշտական բնակության հնարավորություն չունի միայն այն պարզ պատճառով, որ պետությունը նրան տեղավորել է ժամանակավոր կացարանում: Նշենք նաեւ, որ Նոր Նորքի ուսանողական ավանի սենյակի նկատմամբ տիկին Ռոզան սեփականության իրավունք չունի, քանի որ համարվում է աղետի գոտու տուժած: Այսինքն` Երեւանում նրան համարում են աղետի գոտու տուժած, որովհետեւ այդպես է հարմար, իսկ Գյումրիում նրան չեն համարում աղետի գոտու տուժած, որովհետեւ նրանց էլ այդպես է հարմար: Այսպիսով, այս կնոջ խնդիրը մնում է անլուծելի, որովհետեւ Երեւանի եւ Գյումրիի քաղաքային կամ տարածքային իշխանությունների համար ավելորդ հոգս է: Տիկին Ռոզան բազմիցս նամակներ է գրել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, բայց քանի որ նախագահին ուղղված նամակներն, ըստ նրա` տեղ չեն հասնում, նա խնդրեց այն հրապարակել մեր թերթում: «Հարգելի պրն Սարգսյան, ես՝ Ռոզա Գեւորգյանս, ծնվել եմ 1944թ. Գյումրիում: 44 տարի անց, 1988թ երկրաշարժից հետո սկսեցի թափառական կյանք վարել, բայց այնուհանդերձ մնացի հայրենիքում: 1990-ից աշխատանքի եմ տեղավորվել Երեւանի թիվ 2 հատուկ օժանդակ դպրոցում, ուր եւ աշխատում եմ մինչ օրս, չնայած արդեն 64 տարեկան եմ: 2002թ. Գյումրիից ստիպված գրանցումից դուրս եմ եկել, չնայած գրանցված էի, բայց սեփական հասցե չունեի: Պատճառն այն էր, որ իմ շենքը վերանորոգելուց եւ շահագործման հանձնելուց հետո իմ բնակարանի հաշվին ամրացրել էին շենքը՝ ինձ թողնելով առանց հասցե: Ինձ բնակարանով ապահովելու փոխարեն դուրս են թողել հասցեագրումից: 14 տարի սպասելուց հետո որոշեցի գրանցվել ներկա հասցեում, քանի որ նաեւ աշխատանք ձեռք բերելու խնդիր ունեի, փաստաթուղթ էին պահանջում: Երկու անգամ Շիրակի մարզպետարանից ստանում եմ գրեթե նույն պատասխանը. հաշվառումից դուրս եմ մնացել: Չէ՞ որ հաշվառման եմ կանգնել Երեւանում, հայ եմ մնացել եւ մնացել եմ Հայաստանում: Եթե Ադրբեջանի փախստականները եկել են Հայաստան եւ ապահովվում են բնակարանով, մի՞թե ես, որ գտնվում եմ գրեթե նույն կարգավիճակում, կորցրել եմ ամեն ինչ: Հակառակ դեպքում հնարավորություն տվեք բնակություն հաստատել մեկ ուրիշ հանրապետությունում, որ կյանքիս վերջին տարիներին ապրեմ եւ ինձ մի քիչ մարդ զգամ: Ուստի նորից ու նորից եմ խնդրում Ձեզ հատկացնել ինձ հասանելիք բնակարանը»,- ասված է ՀՀ նախագահին ուղղված նամակում: