Մայիսի 7-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքում նախաձեռնող խումբը համայնքի թաղապետի թեկնածու առաջադրեց Սամվել Հովսեփյանին:
Միջոցառմանը, որին ներկա էր մոտ 700 բնակիչ, ինքը՝ Սամվել Հովսեփյանը,
մասնակցեց ոչ թե որպես թեկնածու, այլ՝ որպես համայնքի բնակիչ: Ելույթ
ունեցող բնակիչների ելույթներում հիմնականում նշվում էին համայնքի առջեւ
ծառացած բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ սոցիալական ու կենցաղային,
կրթական, մշակութային ու աճող սերնդի առողջության պահպանման:
Նախաձեռնող խմբի անդամ Աղավնի Աղաբեկյանը լեփ-լեցուն դահլիճին ներկայացրեց
Սամվել Հովսեփյանի կենսագրության հիմնական էջերը: Նա ծնվել է 1959
թվականին: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է որպես վարպետի
աշակերտ: 1985-ին ընդունվել է Ռոստովի Ժողտնտեսության ինստիտուտի
Տնտեսագիտական ֆակուլտետը: Արցախյան շարժման առաջին իսկ օրերից նա կամավոր
դարձել է ՀԱԲ-ի շարքային անդամ եւ մեկնել պատերազմ: 1990-ից եղել է
«Արծիվ-24» գումարտակի հրամանատարը: Երեք անգամ վիրավորվել է, բուժվել եւ
կրկին մեկնել պատերազմ՝ մինչեւ զինադադարը: 1995-2000 թթ. Պաշտպանության
նախարարության տարբեր զորամասերի հրամանատար է: 1993-ից մինչ օրս ԵԿՄ
վարչության անդամ է: Մարտական սխրանքների համար արժանացել է ՀՀ եւ ԼՂՀ
բազմաթիվ շքանշանների: Ունի 3 երեխա:
Բազմաթիվ ելույթներում նշվում էր, որ Մալաթիա-Սեբաստիայում վատթար
վիճակում են շենքերը, փողոցների վիճակը սարսափելի է, խորհրդային շրջանից ի
վեր տանիքներն ու շքամուտքերը չեն վերանորոգվել, բակերը դարձել են
աղբանոց: Թոշակառու բնակիչները դժգոհ էին իրենց խնդիրների հանդեպ
անտարբերությունից: «Ես դեռ խոստում չեմ տալիս, իսկ եթե ընտրվեցի՝
համայնքին կներկայացնեմ իմ ծրագրերը: Իմ կատարած սոցհարցումների
արդյունքով, բնակիչներին ամենաշատն անհանգստացնում են իրենց հանդեպ
կատարվող անարդարությունները: Ցանկանում եմ նշել, որ մարդիկ պետք է ապրեն
Մալաթիա-Սեբաստիա համայնքում ու բարեկեցիկ, ոչ թե Բանգլադեշում, որի
նույնանուն երկրի վիճակին արդեն նմանվում ենք»,- ասաց Սամվել Հովսեփյանը։
Ն. Կ.