Ով է ՌԴ-ի իրական ղեկավարը

06/06/2008

«ՌԴ կառավարությունը` վարչապետ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, չի ցանկանում սահմանափակվել զուտ ներռուսաստանյան խնդիրներով»,- Պուտինի կառավարության մասին նման կարծիք են հայտնում վերլուծաբանները: Նրանց կարծիքով, կառավարության աշխատակազմը մոտ ապագայում կարող է դառնալ պետության արտաքին քաղաքական ուղեգիծը վճռող առանցքային կառույցներից մեկը` Արտգործնախարարությանը զուգահեռ: Վերլուծաբանները ասվածի ապացույց են համարում վարչապետ Պուտինի որոշումը Վաշինգտոնում ՌԴ դեսպան Յուրի Ուշակովին կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին: Ինչպես հաղորդում են ՌԴ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները` Ուշակովը համակարգելու է կառավարության արտաքին քաղաքական գործունեությունը: «Ուշակովի նման մարդու ի հայտ գալը Պուտինի աշխատակազմում՝ նշանակում է, որ արտաքին քաղաքականության հստակեցման եւ իրականացման գործառույթի մի զգալի մասը կարող է անցնել հենց կառավարության քարտուղարությանը»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ասել է Վաշինգտոնում գործող «Պաշտպանական տեղեկատվության կենտրոնի» ռուսաստանյան ծրագրերի տնօրեն, քաղաքագետ Նիկոլայ Զլոբինը: Մյուս կողմից, վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովի համոզմամբ, արտգործնախարար Սերգեյ Lավրովն իր դիրքերը հեշտությամբ չի զիջի: «Lավրովի օրոք Արտաքին գործերի նախարարությունն ուժեղացրեց իր դիրքերը: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ Lավրովը կմնա որպես ռուսական արտաքին քաղաքականության առաջին դեմք եւ այդ քաղաքականության վերջնական համակարգող»,- նշել է նա: Իսկ քաղաքագետ Անդրեյ Պիոնտկովսկու կարծիքով, Պուտինի ցանկությունը` զբաղվել նաեւ արտաքին քաղաքական խնդիրներով, վկայում է, որ Դմիտրի Մեդվեդեւն իրականում չի տիրապետում իշխանության բոլոր լծակներին: «Մեդվեդեւի պաշտոնավարման առաջին երեք-չորս շաբաթները հստակորեն ցույց տվեցին, թե ով է պետության առաջին դեմքը: Կարծում եմ, որ Մեդվեդեւն ընտրվեց որպես Պուտինի հաջորդ՝ մի շատ պարզ պատճառով. Պուտինը ենթադրում էր կամ էլ հաստատ գիտեր, որ Մեդվեդեւը համակերպվելու է ստեղծված կացությանը»,- ասել է Պիոնտկովսկին։