Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդություններ

06/06/2008

Բերանի լորձաթաղանթն օրգանիզմի համար մեծ կարեւորություն է ներկայացնում եւ սերտ կապված է ներքին օրգան-համակարգերի հետ: Այն օգնում է մարսողության ընթացքին, շնչառությանը, խոսելու ակտին, կարգավորում է բերանի համար անհրաժեշտ միջավայր: Լորձաթաղանթի հիվանդությունները կարող են առաջանալ.

1. Ինֆեկցիաներից, այդ թվում եւ՝ սնկային։
2. Ալերգիկ ռեակցիաների հետեւանքով։
3. Այլ օրգան-համակարգերի հիվանդության պատճառով (արյան, լյարդի)։
4. Սուր ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում (քութեշ, որովայնային տիֆ, գրիպ, ադենովիրուսային ինֆեկցիա):
5. Սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում, էնդոկրին խանգարման ժամանակ։
6. Սակավարյունության դեպքում:

Օգտակար միջոցներ ատամի ցավի ու բերանի այլ հիվանդությունների համար

Եթե ցավում է ատամը, անպայման պետք է դիմել ատամնաբույժին, բայց եթե ինչ-ինչ պատճառներով այդ պահին հնարավոր չէ, ապա գոնե պետք է փորձել մեղմել ցավը: Վերցնել 1 ճաշի գդալ եղեսպակի մանրացրած տերեւները, լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ ու 10 րոպե եռացնել: Սառեցնելուց հետո կատարել ողողումներ այնքան ժամանակ, մինչեւ ցավը կանցնի:

Ատամի ցավին շատ լավ օգնում է նաեւ բրգաձեւ սոճու ձեթը: Բամբակի կտորին կաթեցնել 6-7 կաթիլ սոճու ձեթ եւ 10 րոպե թողնել ատամի վրա: Սկզբում՝ ատամի մի մասին, հետո` մյուս: Այն չի կարելի չարաշահել, որովհետեւ հնարավոր է՝ այրեք լինդը: Պրոցեդուրան կրկնել 5-6 ժամը մեկ անգամ, եթե ատամը դեռեւս շարունակում է ցավել:

Արդյունավետ միջոց է մեղրամոմը: Վերցնել ոլոռի չափ բնական մեղրամոմի մի կտոր ու դնել ցավացող ատամի անցքում: Որպեսզի մեղրամոմը փափկի, կարելի է մի քիչ տաքացնել:

Կարիեսի ժամանակ պրոֆիլակտիկ միջոց է 50 գ դաղձի խոտի, 25 գ սրոհունդի խոտի եւ 25 գ սովորական խնկածաղկի խոտի խառնուրդից պատրաստված թուրմով ողողումները: Այս խառնուրդից վերցնել 2 ճաշի գդալ, լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ ու 2-3 րոպե թողնել թույլ կրակի վրա: Այնուհետեւ 1-2 ժամ հետո քամել եւ կատարել ողողումներ: Այն նաեւ վերացնում է բերանի տհաճ հոտը:

Թարախակալված լնդերին ու ատամներին շատ օգնում է սովորական մեղրամոմ ծամելը:

Արյունահոսող լնդերին շատ լավ օգնում է կաղնու կեղեւով պատրաստված թուրմը: Վերցնել 60 գ կաղնու կեղեւ եւ 40 գ լորու ծաղիկներ: Այս խառնուրդից 1 թեյի գդալ լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ, թրմել 15-20 րոպե եւ ողողումներ անել արյունահոսող լնդերի դեպքում:

Եղեսպակի թուրմը ջրի հետ 1/20 հարաբերությամբ՝ կատարել ողողումներ բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների ժամանակ: Եղեսպակն ունի հակաբորբոքային նշանակություն:

Գետնամորու թուրմը եւս կարելի է օգտագործել նույն նպատակի համար:

Սրոհունդի ձեթը եւս շատ օգտակար է բերանի խոռոչի հիվանդությունների ժամանակ: Ձեթը պատրաստելու համար վերցնում ենք 1 բաժին սրոհունդի քրքրված ծաղիկներ, 2 բաժին դրա տերեւներից ու այս ամենը լցնում 4 բաժին ձիթապտղի յուղի մեջ: Այս բոլորը թափանցիկ շշով 2 շաբաթ թողնել արեւի տակ: Ապա քամել ստացված կարմրավուն ձեթը, տաքացնել մինչեւ 60 աստիճան ու թողնել, որ սառչի: Թաթախել բամբակն այս ձեթով ու օրվա մեջ 5-6 անգամ մաքրել հիվանդ մասերը: Արդյունքը շատ արագ կզգացվի: Ցանկալի է անել բժշկի ցուցումով:

Բերանի հիգիենա

* Եթե որոշ սննդատեսակներ (սոխ, սխտոր, պանիր) օգտագործելու արդյունքում բերանից հոտ է գալիս, բացի մածուկով մաքրելուց, այն կարելի է վերացնել 3-4 կում հում կաթ խմելով:

* Խնկեղեգի արմատներից ու կաղնու կեղեւից պատրաստված թուրմը եւս վերացնում է տհաճ հոտը` 1 ճաշի գդալ խառնուրդը 1 բաժակ եռացրած ջրի հարաբերությամբ:

* Ատամների դեղին փառը կանհետանա, եթե ատամի խոզանակին խոնավ վիճակում լցնեք կերակրի սոդա ու մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ու լվանաք ատամները: