Մեդալները կհանձնեն

06/06/2008

Երեկ Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում է. «Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ոստիկանությունը վարչական դատարանին է դիմել` Ժիրայր Սէֆիլյանին արտաքսելու հայցապահանջով, Արցախյան պատերազմի բազմաթիվ մասնակիցներ պատրաստվում են բողոքի եւ կանխարգելիչ զանազան գործողություններ իրականացնել վարչախմբի այդ անօրինական քայլի դեմ եւ շարունակել իրենց պայքարը մինչեւ Ժիրայր Սէֆիլյանին ՀՀ քաղաքացիության տրամադրումը: Ազատամարտիկների գործողություններից առաջինը մարտական շքանշանների եւ մեդալների հանձնումը կլինի` եթե Ոստիկանությունը նույն հայցով նորից դատարանին դիմի: Հիշեցնենք, որ Ժիրայր Սէֆիլյանին արտաքսելու վերաբերյալ հայցադիմումը Ոստիկանությանն էր վերադարձվել զուտ տեխնիկական վրիպակի պատճառով, իսկ նրան արտաքսելու քաղաքական որոշման մասին հայտնի էր դարձել Ոստիկանությունում գործ հարուցելուց մեկ շաբաթ առաջ: Այս պահին Ոստիկանությունը հապաղում է նորից դատարանին հանձնել դիմումի ուղղված տարբերակը, իսկ Սէֆիլյանի ազատազրկման ժամկետն ավարտվում է հունիսի 9-ին»: