«Թունանյութերը գյուղացուն պետք է տրվեն անվճար»

22/05/2005 Արսեն ԲԱՐՍԵՂՅԱՆ

– Գյուղատնտեսության նախարարության կողմից առավել տարածված
գյուղատնտեսական վնասատուներից կրծողների եւ մորեխների դեմ իրականացվում
են պայքարի միջոցառումներ ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին: 2003-ին
Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում մորեխների զանգվածային տարածում
ու բռնկում է արձանագրվել, ինչը լուրջ վնասներ է հասցրել դաշտավարությանը:
Վիճակն այնպիսին էր, որ մենք ստիպված էինք դիմել ՄԱԿ-ի Պարենի եւ
գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) աջակցությանը: Վերջինն էլ
փորձագետներ գործուղեց Հայաստան, եւ մեր մասնագետների հետ համատեղ
կատարեցին համապատասխան ուսումնասիրություններ, իրականացվեց մոնիտորինգ,
կանխատեսումներ՝ հետագա տարիներին զարգացումների վերաբերյալ եւ դրա
արդյունքում՝ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը հատուկ
ծրագիր մշակեց, եւ 2004-ից այն իրականացվում է հանրապետությունում: Այս
տարի նույնպես դա կշարունակվի (որի համար պետբյուջեից հատկացվելու է 90-92
միլիոն դրամ. – «168 Ժամ», թիվ 16), ուղարկվեցին ձեռքի եւ մեքենաների վրա
տեղակայվող սրսկիչներ: Վարակի համար վտանգավոր տարածաշրջանների
գյուղացիական տնտեսություններին տրամադրվեցին ՊԳԿ կողմից հատկացված
սրսկիչները, թունաքիմիկատները. որոշակի պայքարի միջոցառումներ
իրականացվեցին նաեւ պետական բյուջեի միջոցների հաշվին, այնպես որ,
հաջողվեց 2004-ին կանխել վնասատուների հետագա տարածումն ու զարգացումը:
Այս տարվա համար նույնպես նախատեսել ենք միջոցառումներ. շուրջ 5000
հեկտարի վրա քիմիական պայքար կիրականացվի պետական միջոցների հաշվին, իսկ
շուրջ 7-10.000 հեկտարի համար միջոցներ կտրամադրի կրկին ՄԱԿ ՊԳ
կազմակերպությունը: Անցած տարվանից օգնության կարգով ներկրված
թունաքիմիկատը դեռեւս պահպանության տակ է մեզ մոտ եւ առաջիկայում,
մոնիտորինգի աշխատանքներն ավարտելուց հետո, այն համայնքներում, որտեղ
վտանգ կա, թունաքիմիկատը կհատկացնենք: Մենք     բոլոր
հնարավորություններն ունենք իրավիճակը վերահսկելի դարձնելու եւ բոլոր
տեսակի վտանգները, զարգացումները կանխելու համար, եթե, իհարկե, դրսից
մորեխների միգրացիա չլինի:
– Ո՞ր կազմակերպությունն է ներկրում այդ թունաքիմիկատները:
– Թունաքիմիկատների ներկրումը կատարվում է մրցութային կարգով. «Գնումների
մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ Գնումների գործակալությունը հայտարարում
է մրցույթ, որը տպագրվում է համապատասխան տեղեկագրում, հայտարարությունը
հրապարակելուց հետո մեկամսյա ժամկետում անցկացվում է մրցույթը, բացվում են
մրցույթի փաթեթները եւ որոշվում է հաղթողը: Այնպես որ, որեւէ
կամայականություն չի կարող տեղի ունենալ: Օրենքով սահմանված կարգով այդ
մրցույթն իրականացվում է:
– Իսկ այս տարի կա՞ որեւէ կազմակերպություն, որ մրցույթն արդեն հաղթել է:
– Պարբերական մրցույթ Գնումների գործակալությունում անցկացվել է 2004
թվին: Դեռեւս մոնիտորինգի աշխատանքներն ընթացքի մեջ են, 10-15 օրվա
ընթացքում պարզ կդառնա: Այն տարածքները, որտեղ անանցանելի է, ուղղակի
հնարավոր չէ ձեռքի կամ տրակտորային սրսկիչներով աշխատանքներ իրականացնել,
մենք դա անպայման կփորձենք ավիացիայի միջոցներով իրականացնել:
Այնուամենայնիվ, այն միջոցառումները, որ նախարարության կողմից պետք է
իրականացվեն, բոլորն արվում են մրցույթներով:
– Նախորդ տարիներին պայքարի միջոցառումներ իրականացնելիս արձանագրվել
են թունավորման դեպքեր, նաեւ վթարի է ենթարկվել գյուղատնտեսական մի
ինքնաթիռ: Ի՞նչ տեղեկություններ կան այդ առնչությամբ:

– Մորեխների դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելիս թունավորումների
որեւէ դեպք չի արձանագրվել բացարձակապես: 2003թ. պայքարի աշխատանքները
մենք իրականացրեցինք հիմնականում ավիացիայի օգնությամբ` ՄԻ 8
ուղղաթիռներով Ապարանի տարածաշրջանում, որտեղ փայլուն արդյունք է տվել,
այնտեղ որեւէ թունավորման կամ վթարի դեպք չի եղել: 2004-ին Կոտայքի
մարզում, անտառային զանգվածում, ոսկետուտ վնասատուի դեմ պայքարի
միջոցառումներ իրականացնելիս, ինքնաթիռը վթարի էր ենթարկվել, որի
կապակցությամբ դատախազությունում գործ էր հարուցվել: Իմ ունեցած
տեղեկություններով՝ օդաչուն որոշակի անվտանգության կանոններ չէր պահպանել,
այդ իսկ պատճառով տեղի էր ունեցել վթարը, որի արդյունքում օդաչուն տեղում
զոհվել էր: Իսկ թունավորումների մասին մենք որեւէ տեղեկություն չենք
ունեցել: Մենք նաեւ կրծողների դեմ պայքարի միջոցառումներ ենք
իրականացնում: Անցած տարի առաջին անգամ թունաքիմիկատներն ուղղակի
տրամադրել ենք համայնքներին եւ տեղում իրենց ուժերով թունավոր
գրավչանյութեր էին պատրաստում: Մենք հատուկ խորհրդատվական թերթիկներ ենք
լրացրել անվտանգության կանոնների վերաբերյալ եւ թունաքիմիկատ ստացողը
պարտադիր ստորագրում է, այդ մասին ծանուցվում եւ ստանում է այդ թերթիկը,
որպեսզի անցանկալի երեւույթներից զերծ մնանք: Բացի այդ, ոչ միայն մեր
Բույսերի պաշտպանության ծառայության մասնագետներն են տեղում հսկողություն
իրականացնում, այլեւ Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնները
(ԳԱՄԿ-ները), մարզպետարանները: Համենայն դեպս, մենք որեւէ պաշտոնական
տեղեկություն չունենք թունավորումների վերաբերյալ, եւ չեմ կարծում, որ
այդպիսի բան կարող է տեղի ունեցած լինի, որովհետեւ դա անընդհատ եղել է
մասնագետների հսկողության տակ:
– Ի՞նչ կարգով է իրականացվում այդ միջոցների հատկացումը համայնքներին:
– Թունաքիմիկատների խմբաքանակը տրամադրում ենք մարզպետարաններին` նախօրոք
կատարված մոնիտորինգի արդյունքների հիման վրա: Մարզպետարաններն՝ ունենալով
վարակված համայնքների ցանկը, թունանյութերի քանակությունները նախապես
համաձայնեցնելով մեր մասնագետների հետ, տրամադրում են համայնքներին:
Բույսերի պաշտպանության ծառայության, մարզպետարանի եւ ԳԱՄԿ-ների
մասնագետների օգնությամբ տեղերում իրականացվում է հսկողությունը,
օգտագործման ճիշտ եղանակի կազմակերպումը եւ անվտանգության միջոցառումների
պահպանությունը:
– Կա՞ մեխանիզմ, որ վերահսկի գյուղացիական տնտեսություններից այս
անվճար հատկացվող թունաքիմիկատների դիմաց ապօրինի գանձումների
իրականացումը:

– Չի լինի էդպիսի բան: Համենայն դեպս, մեզ այդպիսի բան հայտնի չէ, եթե
որեւէ տեղ նման փաստ արձանագրվի, ապա խստորեն կպատժվեն: Թունաքիմիկատները
տրվում են անհատույց, այդ մասին մենք բազմիցս հայտարարում ենք: Էլ չեմ
ասում` այդ միջոցառումների իրականացման ժամանակ գրեթե ամեն օր բոլոր
լրատվամիջոցներն աշխատում են ինձ հետ, եւ ես միշտ հայտարարում եմ դա:
Մարզպետարաններում, թերթերում էլ այդ մասին միշտ գրում ենք, եւ բոլորը
գիտեն, որ մորեխների եւ մկների դեմ թունանյութերը տրվում են անհատույց:
Նաեւ պայքարի այն միջոցառումները, որոնք կատարվում են պետական ծրագրերով`
նույնպես անհատույց են:

Հ.Գ. 2004թ. Իսրայելում մորեխների դեմ պայքարում արդյունավետ
միջոցներ չգտնելով՝ որոշեցին այդ գործընթացին ներգրավել բնակչությանը,
առաջարկվեց, այսպես ասած, կենսաբանական պայքարի նոր մեթոդ, եւ մորեխներն
ընդգրկվեցին ազգային ճաշատեսակների ցանկում` տապակած տեսքով: Արեւելքում,
սակայն, մորեխները վաղուց են այդ ճակատագրին արժանացել: