Քոլեջի գանձապահը

06/06/2008 Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ

Փոքրամարմին, ալեխառն մազերով, աղքատիկ ու անփույթ հագնված կինը սուսուփուս ու աննկատ մտավ դատարանի դահլիճ: Կարելի էր կարծել, թե շրջանից մայրաքաղաք էր հասել՝ հարազատներից մեկնումեկի դատավարությանը ներկա գտնվելու համար: Մինչդեռ նրան մատնացույց արեցին ամբաստանյալների համար նախատեսված տեղը. կալանքի տակ չգտնվող ամբաստանյալ էր, իր ոտքով Վանաձորից ժամանել էր Երեւան:

Կինը նստեց, ապա կանգնեց, հետո նորից նստեց նստարանի եզրին: Անհանգիստ հայացքը պտտում էր կիսադատարկ դահլիճով: Նրա մերձավորներից ոչ ոք ներկա չէր: Կինը մենակ էր իր մտքերի ու այն արարքի հետ, որի համար դատվում է: Քրեական վերաքննիչ դատարանի այս դահլիճում առաջին անգամն է դատվում: Բայց, ընդհանուր առմամբ, կրկին անգամ է դատապարտվում՝ խոշոր դրամական միջոցների գաղտնի հափշտակության՝ գողության համար:

Աննկատ, փոքրիկ մի կին

Արտաքուստ աննկատ, համեստ, հաշվապահության աշխատակցուհի է, շրջազգեստով մի փոքրամասշտաբ Իլֆուպետրովյան Կորեյկո, որը սուսուփուս ու աստիճանաբար միլիոններ է հափշտակել ուսումնական մի հաստատության գանձարկղից, ուր որպես գանձապահ էր աշխատում:

Փոքրիկ կինը միայն Կորեյկոյին չէ, որ հիշեցնում է: Համանման աշխատակցուհիների, իրենց ոլորտի «լեյտենանտ Շմիդտի որդիների» ոչ հեռու անցյալում կարելի էր հանդիպել շատ հիմնարկությունների հաշվապահություններում, դեռ այն օրերին, երբ հաշվապահները տակավին փայտե հաշվիչներն էին չխկչխկացնում: Բայց այս կինը լավ հարմարվել էր նաեւ մեր օրերում եւ գլուխը կախ արել «իր գործը», այն է՝ գաղտնի հափշտակել գումարներ, որոնք ի պաշտոնե՝ որպես գանձապահ, պարտավոր էր միայն հաշվել ու փոխանցումներ կատարել՝ ուր հարկն է:

Նույնիսկ անունը՝ Քրիստինե, չափազանց խուճուճ է թվում տեսքից խեղճ այս կնոջ համար: 54 տարեկան է, մոտենում է թոշակառու եւ տատիկ լինելու վիճակին, սակայն ներկայումս ամբաստանյալի դերում է ու մի քանի տարի դատապարտյալի կարգավիճակում կլինի: Նրա շահերի պաշտպանն ընդգծում է, որ Քրիստինեն հաշմանդամ ամուսին ունի, երկու երեխա, ապրում է կենցաղային շատ վատ պայմաններում: Արտաքին տպավորությունը դժվար է համատեղվում այն փաստի հետ, որ նույն հաստատությունից տարբեր դրվագներով մոտ 6 միլիոն դրամ էր հափշտակել: Քրիստինե Ա.-ն գանձապահ էր Վանաձորի քոլեջներից մեկում: Երկարամյա աշխատող էր: Իր գործը լավ գիտեր: Արտաքուստ հեզ ու խոնարհ էր, իսկ դա շատերի համար անհերքելի ապացույց էր, թե նա ազնիվ աշխատակցուհի է: Ո՞րն էր Քրիստինեի գործելաոճը. ուսանողների վարձավճարներն էր յուրացնում: Գումարները մուտքագրում էր կեղծ անդորրագրերով եւ միանգամայն համեստ կեցվածքով իրեն չպատկանող փողը տանում, ծախսում էր սեփական կարիքների համար: Չէ՞ որ աշխատավարձը ցածր էր: Տեսքից միշտ էլ նույն Քրիստինեն էր. անբարենպաստ պայմաններում ապրող, մի կերպ ծայրը ծայրին հասցնող, հիվանդ ամուսնուն ու զույգ երեխաներին դժվարությամբ պահող: Ճիշտ է` այն մեծ փողը չէր, որ կարող էր նրան վեր քաշել խղճուկ վիճակից, բայց ոչ մեծ գումարները գումարվում էին իրար, աստիճանաբար վերածվում առանձնապես խոշոր չափերով բնութագրվող միջոցների:

Առաջին գրպանումները կատարում էր վախվորած եւ իրեն խոսք տալիս, որ վերցրած գումարները վերականգնելու է հենց առաջիկա աշխատավարձից: Բայց աշխատավարձը քիչ էր, իսկ կարիքները բազում էին: Այնպես որ՝ աշխատավարձն էլ էր ծախսվում, հերթական վարձավճարն էլ էր գրպանվում, ու Քրիստինեն թաղվում էր պարտքերի մեջ: Նա միշտ հավատում էր, թե առաջիկա աշխատավարձից սկսելու է պակասող գումարները վերականգնել: Մինչեւ որ մի օր ինքն էլ հասկացավ, որ պարտքերից ազատվելն իր համար անհնար է: Այդ ժամանակ նա արդեն սկսեց մտածել ոչ թե հափշտակածը վերականգնելու, այլ՝ կոծկելու մասին: Կեղծ անդորրագրեր կազմեց, իբր՝ վճարումներ է կատարել հարկային մարմիններին ու Կենսաթոշակային հիմնադրամ: Սա արդեն փրփուրից կառչող խեղդվողի որոշում էր, որովհետեւ վաղ թե ուշ վերոհիշյալ մարմիններն ահազանգելու էին, թե այսինչ ուսումնական հաստատությունն իր պարտավորությունները չի կատարում:

Առաջին դատվածություն

Սկզբում բացահայտվեց գանձարկղի պակասորդը՝ մոտ 1 միլիոն 600.000 դրամի չափով: Քրիստինեն, գործն ավելի չբարդացնելու եւ յուրացրած գումարների իրական չափը թաքցնելու համար անմիջապես խոստովանեց, թե 1 միլիոն 600.000-ն ինքն է յուրացրել, ծախսել անձնական կարիքների համար: Նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց: Քրիստինեն կանգնեց դատարանի առաջ:

Դատարանը հաշվի առավ, որ կինը նախկինում դատված չի եղել, հիվանդ ամուսին ու երկու երեխա ունի, զղջում է կատարածի համար ու խոստանում, թե աշխատանքի մեջ մնալու պայմաններում կամաց-կամաց կվերականգնի յուրացրածը: Քրիստինեն ենթարկվեց պայմանական դատապարտության, ավելին, նրա նկատմամբ համաներում էլ կիրառվեց, ու նա լիովին ազատվեց պատժից: Մինչեւ անգամ մնաց նույն պաշտոնին:

Սա կարող էր սթափեցնող ազդեցություն ունենալ Քրիստինեի վրա, կարող էր ստիպել, որ նա միջոցներ ձեռնարկի՝ հափշտակածը շուտափույթ վերականգնելու համար: Սակայն ոչինչ չփոխվեց: Քրիստինեն յուրացրածը չկարողացավ վերականգնել: Եվ օրերից մի օր կատարվեց անխուսափելին: Հարկային մարմիններն ու Կենսաթոշակային հիմնադրամն ահազանգեցին, թե ուսումնական հաստատությունը համառորեն չի կատարում պարտավորությունները: Ուսումնական հաստատությունում ապշեցին, մատնացույց արեցին առկա անդորրագրերը, որոնք պետք է որ հաստատեին, թե վճարումները կատարվել են անխափան ու ժամանակին: Բանկն էլ, ում միջոցով, իբր, կատարվել էին փոխանցումները, անհանգստացավ: Լուրջ ստուգումներ սկսվեցին: Եվ ջրի երես դուրս եկավ տխուր փաստը. գանձապահ Քրիստինեն պարզապես կեղծել էր վճարումների անդորրագրերը:

Ստուգումներն ի հայտ բերեցին, որ այս մի դրվագով էլ Քրիստինեն յուրացրել էր 4 միլիոն 800.000 դրամը գերազանցող գումար: Քրիստինեի նկատմամբ դարձյալ քրեական գործ հարուցվեց: Այս անգամ նա արդեն ազատվեց աշխատանքից:

Երկրորդ դատվածություն

Նախաքննական մարմինը դարձյալ հաշվի առավ կնոջ ընտանեկան վիճակը, այն, որ զղջում է կատարածի համար, անկեղծորեն խոստովանում, չի խոչընդոտում նախաքննության ընթացքին: Նրան կալանքի տակ չառան. որպես խափանման միջոց ընտրվեց բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Եթե կինն ավելի ճարպիկ լիներ, միգուցե հայթայթեր պահանջվող գումարն ու պատճառած վնասը վերականգներ: Դա միայն դրական ազդեցություն կունենար նրա նկատմամբ կայացվելիք դատավճռի վրա: Սակայն նյութական վնասն այդպես էլ չվերականգնվեց: Ոչ ոք չհավատաց նրան:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանն օրենքի ներողամտությունը կիրառելու տեղ չտեսավ այլեւս: Քրիստինեն չմարված դատվածություն ուներ համասեռ հանցագործության համար, առաջին դատվածությունից հետո միջոցներ չէր ձեռնարկել, որ իրավիճակը շտկի: Այնպես որ՝ դատավճիռը Քրիստինեի համար հնչեց որպես իսկական պատիժ: Նա դատապարտվեց 4 տարի 3 ամիս ազատազրկման: Բայց դատարանը կնոջը կալանքի տակ առնելու ծանր գործն իր ուսերին չառավ: Այսինքն, ըստ դատավճռի, Քրիստինեն կալանքի տակ էր առնվելու եւ սկսելու էր իրական պատիժը կրել դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո միայն: Սա եւս մեկ հնարավորություն էր, որ վնասը հատուցի: Եթե նա հասցներ ոչ միայն վերաքննիչ բողոք բերել, այլ, քանի դեռ ազատության մեջ էր, քայլեր ձեռնարկեր վնասը վերականգնելու ուղղությամբ, Քրեական վերաքննիչ դատարանը հիմք կունենար մեղմացնելու առաջին ատյանի դատարանի կողմից սահմանված պատիժը: Վերաքննիչ քրեական դատարանը մինչեւ անգամ ընդմիջում հայտարարեց Քրիստինեի խնդրանքով, որովհետեւ վերջինս խոստացավ, թե մի քանի օրում վնասը կվերականգնի: Բայց ընդմիջումից հետո դատարան ներկայացավ դարձյալ խոստումը չկատարած: Փորձեց հավատացնել, թե գումարը «ոմն մեկին» է տվել, նա էլ խաբել ու չի փոխանցել: «Մի քանի ժամով ընդմիջում տվեք, գնամ, փոխանցեմ»,- եւս մեկ անգամ փորձեց դատավճռի հրապարակումը հետաձգել ամբաստանյալը: Բայց դատարանը հիշեցրեց, որ նա ոչ թե մի քանի ժամ, այլ՝ օրեր ու ամիսներ արդեն գտնվում էր ազատության մեջ եւ ցանկության ու հնարավորության դեպքում վաղուց արդեն կարող էր վնասը վերականգնած լինել: Իսկ եթե դա աներ դեռ նախաքննության ընթացքում, հնարավոր է, որ ազատազրկվելու վտանգի առաջ ընդհանրապես չհայտնվեր:

Քրիստինեի վերաքննիչ բողոքը՝ ազատազրկման հետ չկապված մեղմ պատիժ սահմանելու վերաբերյալ, դատարանը մերժեց: Առաջին ատյանի դատարանի դատավճիռը մնաց անփոփոխ եւ անմիջապես ուժի մեջ մտավ: Դատավորների եռյակից երկուսը կին էին: Միգուցե դա էր պատճառը, որ Քրիստինեին հենց դատարանի դահլիճից կալանքի տակ չառան: Դատարանը հնարավորություն տվեց, որ նա գնա Վանաձոր, ընտանիքին մեկ անգամ էլ տեսնի, ապա իր ոտքով բռնի կալանավայրի ճամփան: Բայց պատժի սկիզբը հաշվվելու է այն օրից, երբ դատապարտյալը ներկայանա կալանավայր: