Մոնթեն կա՛…

06/06/2008 Հրանտ ՅԱՎՐՈՒՆՑ

15 տարի առաջ, 1993թ. հունիսի 12-ին զոհվեց Արցախի ազատագրական պատերազմի մարտիկը, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի ազգային հերոս, գիտության եւ մշակույթի տաղանդավար գործիչ, զորավոր Ավոն (Մոնթե Չարլզի Մելքոնյան)։

«Ես երդում տված եմ եւ կպատկանամ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։ … իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե։ … Ես երդում տված եմ… Արցախը իմ առաջին պայքարը չէ, եւ վստահ եմ, որ վերջինը չի ըլլա…»։

Մոնթե Մելքոնյան (Ավո)

«Կար, կա, կհարատեւեն՝ Անդրանիկը, Գարեգին Նժդեհը, Մոնթեն»։

Վազգեն Սարգսյան

«Ես իմ կյանքում չեմ հանդիպել որեւէ մեկին, որ այդքան նվիրված լինեն գաղափարին»։

Սերժ Սարգսյան

«Մոնթեն անմնացորդ սիրում էր իր ազգը։ Հայ եկեղեցին մի լավ աղոթ ունի, հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի։ Կարծես Մոնթեի մասին է ասված»։

Պարգեւ Սրբազան

Մոնթեն ծնվել է նոյեմբերի 25-ին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ոչ հեռու՝ Վայսեյլի ավանում։ Արտասովոր ընդունակությունների տեր, 12 տարեկանում (այդ տարիքում է նա իմացել իր հայ լինելու մասին) ծնողների հետ 15-ամյա տղան ճանապարհորդություն է կատարել Եվրոպայի, Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի 41 քաղաքներում։ Եղել է Արեւմտյան Հայաստանում, իր պապերի տանը…

Ուսումնասիրել է 1915 թվականի եղեռնի պատմությունը։

1973թ. նրան ուղարկել են Ճապոնիա սովորելու։ Մեկ ու կես տարում Օսակա քաղաքի վարժարանն ավարտելուց հետո անցնում է Հարավային Կորեա, աշակերտում բուդդայական վանականի։ Ապա անցնում է Վիետնամ. նրա լուսանկարչական ապարատը երեւակում է այնտեղ մոլեգնող պատերազմը։ Վերադառնում է Ամերիկա՝ լիովին տիրապետած ճապոներենին ու կարատեի մարտարվեստին։

1975 թվին գերազանց ավարտել է Մաունթ Ուիթնիի միջնակարգ դպրոցը։ 20 տարեկանում ընդունվում է Կալիֆոռնիայի Բըրքլիի համալսարանը։ Բացարձակ ընդունակությունների տեր՝ նա չորս տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով՝ ստանալով հնագիտության եւ ասիական պատմության մասնագետի վկայականներ։ Համալսարանում ուսանելու տարիներին հիմնում է «Հայ ուսանողական միություն» եւ կազմակերպում ցուցահանդես նվիրված Մեծ եղեռնին։

Մոնթեի ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը. թեզը պաշտպանում է 1978թվին։ Արժանանում է կրթաթոշակի՝ Օքսֆորդի համալսարանում դոկտորական պաշտպանելու համար։ Սակայն Մոնթեն Անգլիա չի մեկնում, նա գնում է Արեւմտյան Հայաստան՝ Վասպուրականի ժայռափոր դամբարանները եւ կացարանները չափագրելու եւ ուսումնասիրելու համար։

1978 թվականի աշնանը մեկնում է Իրան, ապա Լիբանան՝ մասնակցելու Բեյրութի հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։ 22 տարեկանում արդեն լիովին տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին։

1980 թվականին միանում է «Հայաստանի Ազատագրական Հայ գաղտնի բանակին» (ԱՍԱԼԱ)։ 1981 թվի նոյեմբերին Փարիզում ձերբակալվում է՝ Հռոմում թուրք դիվանագետի սպանությունը նախապատրաստելու ամբաստանությամբ, որի հերքումից հետո, այնուամենայնիվ, բանտարկվում է կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով։ Մի քանի շաբաթից ազատ է արձակվում։ Երկու տարվա ընթացքում դառնում է ԱՍԱԼԱ-ի կարեւոր դեմքը։ Հոդվածներով հանդես է եկել Փարիզի «Հայ Պայքար» եւ Լոնդոնի «Կայծեր» թերթերում, Սան Ֆրանցիսկոյի «Սարդարապատ» ամսագրում, նաեւ անգլերեն մի շարք գրքերում՝ հայոց ազգային հարցերի արդարացի պահանջի եւ իրավունքի մասին, որոնք լույս են տեսել Լոնդոնում։

1991 թվին, բանտից ազատվելուց հետո, Մոնթեն եկավ Երեւան, յոթ ամիս աշխատեց Գիտությունների ակադեմիայում «Հայաստանը եւ հարեւանները» գիրքը գրելու եւ հրատարակելու նպատակով։

Օգոստոսին ամուսնանում է լիբանանահայ ուսանողուհու՝ Սեդայի հետ, որի հետ ծանոթացել էր դեռեւս Լիբանանում եղած ժամանակ։ Արցախի ազատագրման պատերազմը սկսվելուց հետո, թողնելով գիտական գործունեությունը, մեկնում է Ղարաբաղ՝ մարտական գործողություններին մասնակցելու համար։

Սկզբնական շրջանում նրա գալն այնքան էլ ջերմ չընդունվեց։ Ամերիկահայ Մոնթեի նկատմամբ հավատ ու հույս չկար, նրա բնավորության որոշ գծեր անսովոր էին թե՛ հրամանատարների, թե՛ ազատամարտիկ տղաների համար, սակայն մի քանի ծանր ու դժվարին մարտերից հետո նա այնպիսի խիզախություններ ցուցաբերեց, երբ որ անհավանականը հնարավոր դարձնելու համարձակությամբ ապշեցրեց անգամ խորհրդային բանակի երկարամյա ծառայության փորձ ունեցող պրոֆեսիոնալ զինվորականներին։ Ճիշտ է, ծնունդով ամերիկացի էր, սակայն արյունով հայ էր ու իր ազգի հավատարիմ զինվոր։

Արցախի պաշտպանության ղեկավարությունը տեսնելով նրա խիզախությունները՝ 1992 թվի հունվարին Մոնթեին հանձնարարում է Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները։ Նրա ղեկավարած ամենապատասխանատու եւ փայլուն գործողություններից մեկն Օմարի լեռնանցքի նվաճումն էր, ուր մեկ անգամ եւս փայլեց Մոնթե հրամանատարի, զորավարի տաղանդը։ Ունենալով ընկալելու մեծ շնորհք ու հնարավորություն՝ նա ռազմի դաշտում աճում էր օրեցօր, եթե պետք էր՝ ուրեմն պետք էր գնալ այդ խելահեղ քայլին, այն բանը, որը խելամիտ մարդը չպետք է անի, նա անում էր, որովհետեւ, եթե չաներ, չէր կարող։

Մոնթեն որպես զորավար, սպա եւ հրամանատար՝ կայացավ դժվարին մարտերում, նա եւ՛ զինվոր էր, եւ՛ հրամանատար, ու եթե մի բան էր նախապատրաստում, տղաների հետ շարքում զինվոր էր ու առաջամարտիկ. ինչպես պատմում են նրա մարտական ընկերները, նա խստապահանջ էր, անզիջում կարգազանցների, վախկոտների եւ բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր խոչընդոտում էին իր ծրագրերը։

Մարտունեցիները պատմում են, թե Մոնթեն որքան հոգատար էր զինվորների նկատմամբ։ Ընկերները, հարազատները հագուստ, անհրաժեշտ այլ բաներ էին ուղարկում՝ ինքը չէր վերցնում ոչինչ։ Հաճախ լվանալ էր տալիս ու ապա կարկատել իր հնամաշ հագուստները՝ նորից հագնելու համար։ Ու երբ մի անգամ կշտամբում էին, թե գոնե քրոջդ ուղարկած հագուստներից մեկը հագիր, հերիք է կարկատածները հագնես. «Այս անգամ է հագնեմ, հետո կփոխեմ»։

Իր մարտական ընկեր Սլավիկ Հայրապետյանը պատմում է. «Արտասահմանյան զինվորական տաք բաճկոն էի ձեռք բերել, ուրախացած տարա, որ նա հագնի, որովհետեւ հագինը մաշված էր»։ Մոնթեն կտրուկ մերժել է. «Չես ամչնար, Սլավիկ, տար դիրքերը տղաներին»։ Սակավապետ, ամենաքչով եւ անգամ չեղածով գոհացող Մոնթեն նույնն ակնկալում եւ պահանջում էր բոլորից՝ հաճախ հարուցելով դժգոհություն։ Դժգոհում էին, բայց եւ ներքուստ ընդունում, որ խստությունն իրենց համար է, ընդհանուր հաղթանակի համար։ Հիշում է նաեւ երբ մի անգամ իրենից խնդրում է իր ծառայողական ՈւԱԶ մեքենան (Մարտունու ՆԳ բաժնի պետ եղած ժամանակ), որ դիրքերը գնա։ «Խնդրեց նաեւ 10 լիտր բենզին, այդ ժամանակ անչափ դժվար էր։ Մեծ դժվարությամբ ճարեցի, լցրեցի մեքենան։ Այդ օրը շատ էին ռմբակոծում Մարտունին։ Ուզում էի երեխաներիս տանել Ճարտար։ Ավոն մերժեց մեքենան տալ, ասաց՝ մեքենան բանակինն է։ Նեղսրտեցի՝ մեքենան՝ իմը, վարորդը՝ իմը, բենզինը՝ իմը, չե՞ս տալի։ Զայրացավ՝ չէ, բանակինն է։ Ծխախոտ վառեցի։ Նկատեց նեղանալս ու սրտաշահ արեց՝ «Սլավիկ, երեխաները որ ոտքով քելեն՝ առողջարար է»։ Ծիծաղեցի՝ նեղությունս անցավ»։

Դեռեւս կենդանության օրոք նա լեգենդար հերոս էր, ողջ հայության եւ արցախահայության անվերապահ սիրո եւ պատկառանքի խորհրդանիշ։

«… Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»,- Մոնթեի այս խոսքը որպես զգաստացման կոչ էր հնչում ճակատային մարտիկների, ամբողջ հայ ժողովրդի համար։ Նա անփոխարինելի դեր կատարեց հայկական առաջին ինքնապաշտպանական ուժերը կազմակերպելու եւ ապա նաեւ՝ կանոնավոր բանակ ստեղծելու մտահղացումներում։ Մոնթեն հավատում էր իր զինվորներին, մեր ժողովրդին, համոզում, որ պետք է կռվել, որպեսզի հաղթենք, առանց կռվի ոչինչ չի ստացվում թե մարտի դաշտում, թե թիկունքում։ 1993թ. հունիսի 12-ին, Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ իջնում է հրամանատարական բարձունքից՝ անձամբ ստուգելու իրավիճակը եւ դիրքավորելու իր մարտիկներին։ Աղդամի մերձակա Մարզիլի գյուղի ծայրին անսպասելի հանդիպում է հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային՝ ներսը եւ շուրջը զինվորներ։ Մեքենայից իջնելով՝ Մոնթեն դիրքավորվելով՝ կրակահերթ բացեցին, առճակատ անհավասար մարտում զրահամեքենայից արձակած հրթիռի բեկորից զոհվում է Մոնթեն։

Ետմահու արժանացել է Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների Ազգային հերոսի կոչման։ Նրա անունով է կոչվում ՀՀ ռազմական քոլեջը, Երեւանում եւ Ղարաբաղում նրա անվամբ կան դպրոցներ։

Երախտապարտ Արցախին նրա անունով են կոչել՝ Մարտունու շրջկենտրոնը վերանվանելով Մոնթեաբերդ, իսկ կենտրոնում կանգնեցված է նրա հուշարձան- կիսանդրին։

… Ամեն երեկո,
Դաշտից տուն դարձող
Մոնթեաբերդին
Հանդից քո բաժին
Ծաղիկն է բուրում
Ու գրկիդ դնում…
Հ.Յ.