Առան՝ թռան

22/05/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

ՀՕՖ-ի հովանու ներքո հինգ տարի առաջ ստեղծված Գիտության եւ կրթության
հայկական ազգային հիմնադրամն առ այսօր ֆինանսավորել է գիտության տարբեր
ոլորտների շուրջ 100 գիտական թեմաներ: Հիմնադրամի հասցեով միայն անցյալ
տարի ստացվել են հայտեր շուրջ 200 գիտական խմբերից: ԱՄՆ-ում գործող
փորձագիտական հանձնախումբը՝ ամերիկահայ գիտնական պրոֆեսոր Երվանդ Թերզյանի
ղեկավարությամբ, քննել եւ ներկայացված աշխատանքներից դրամաշնորհի է
արժանացրել 27-ը: Դրամաշնորհի արժանացած գիտական թեմա իրականացնող խմբերն
ու անհատները մեկ տարվա համար կստանան 5000 ԱՄՆ դոլար՝ նախատեսված
գիտահետազոտական աշխատանքներն իրականացնելու համար: Մայիսի 10-ին ԳԱԱ
դահլիճում հրապարակվեց 2005թ. մրցույթի հաղթողների ցուցակը: Հարցին, թե
5000 դոլարն արդյոք բավարա՞ր է գիտական աշխատանք իրականացնելու համար, պրն
Թերզյանը պատասխանեց՝ «Մենք կընենք կարելին, որչափ որ կրնանք, եւ պիտի
աշխատենք ալ ավելի, որ լավ ընենք»:
Մրցանակների հանձնման արարողակարգին ներկա էր նաեւ ՀՕՖ-ի գործադիր տնօրեն
Գառնիկ Նանագուլյանը, ով այժմ Ամերիկայում է բնակվում: Նկատի ունենալով
ամիսներ առաջ կոմունիստ Խորեն Սարգսյանի մամուլում հրապարակված ՝«Տեսնում
ենք մեր հարուստներին, մեծ-մեծ խոսող նախարարներին՝ ամբիոնից անկախություն
ու հայրենասիրություն էին խոսում: Ո՞ւր են հիմա՝ Նանագուլյան, Պողպատյան,
Գագիկ Շահբազյան… էս ինչի՞ հենց փող ընկավ ձեռները՝ գնացին» հռետորական
հարցադրումը, դիմեցինք պրն Նանագուլյանին, որը տվեց ոչ հռետորական
պատասխան. «Ես Գիտությունների ազգային ակադեմիայում եմ, ՀՕՖ-ում եմ,
Դեղգործակալության տնօրեն եմ, մնացածը Խորեն Թռչունիչից հարցրեք՝ ինքն
ավելի լավ կիմանա»:
«Մոռացե՞լ են՝ էն որ պաշտոն ունեին, փողեր էին ուտում ու մեծ-մեծ խոսում:
Որեւէ մեկն էլ եթե ընդդիմադիր էր ուզում դառնալ, ասում էին՝ դե լավ, էլի,
ձեններդ կտրեք, հազիվ անկախություն ենք ձեռք բերել: Բա հիմա անկախ չե՞նք՝
իրենք ո՞ւր են, ասենք թե՝ Գառնիկ Նանագուլյանն էստեղ է, բա մնացա՞ծը, էդ
փողերը վերցրին ո՞ւր գնացին, էն Եսայի Ստեփանյան կար, Լիպարիտյան, Սեպուհ
Թաշճյան… Դե պարզ ա, որ իրենք չեն ասի, թե փող են կերել, բայց մենք հո
գիտե՞նք…»,- պնդում է Խորեն Թռչունիչը: