Գալուստ Սահակյանը չի վախենում ընդդիմությունից

04/06/2008

Այսօր «քաղբանտարկյալ» բառը շփոթում են «հերոս» բառի հետ, այնինչ «քաղբանտարկյալն» ավելի լայն կատեգորիա է, քան` «հերոսը»:

Երեկ հրավիրված ասուլիսում նման եզրաբանական բացահայտում է արել ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը: Վերջինս նման «պարզաբանում» է ներկայացրել՝ ի պատասխան լրագրողների այն հարցի, թե ինչու իշխանությունները համաներում չեն շնորհում մարտի 1-ի դեպքերից հետո կալանավորվածների նկատմամբ: Ըստ նրա` համաներում կիրառում են այն ժամանակ, երբ մարդիկ ընդունում են իրենց մեղքը եւ դիմում են համաներման խնդրանքով: Ու քանի որ մարտի 1-ից հետո ձերբակալվածները նման դիմում չեն ներկայացրել նախագահին, ըստ Գ. Սահակյանի, համաներում կիրառվել չի կարող:

Անդրադառնալով «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին արտաքսելու մասին լուրերին, ՀՀԿ փոխնախագահն ասել է, թե իր կարծիքով` նման բան տեղի չի ունենա, եթե արտաքսման համար իրավական հիմքեր չլինեն: Իսկ եթե այդ հիմքերը չլինեն, ինչպես խոստացել է Գալուստ Սահակյանը, ՀՀԿ-ն հստակ դիրքորոշում կունենա, ու Ժ. Սէֆիլյանին չեն արտաքսի: Խոսելով ԵԽ ԽՎ բանաձեւի պահանջների մասին, Գ. Սահակյանն ասել է.«Մի մտածեք, որ մենք կարող ենք Եվրախորհուրդը դիտել որպես Տիզբոն եւ մտածել, թե մեզ պարտադրվել է: Անկախ Եվրախորհրդի նման պահանջներից, մեր ամբողջ ծրագրերը հենց այդ բաղկացուցիչներն ունեն: Այնպես որ` երբեք մեր ժողովրդի կամքի եւ ունակությունների վրա զսպման մեխանիզմներ մի դրեք»: Ըստ նրա` Հայաստանի իշխանությունները ԵԽ ԽՎ պահանջները կատարում են ոչ թե այն բանի համար, որ «հանկարծ» համաժողովրդական շարժումը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ դուրս չգա հանրահավաքների, այլ միայն այն պատճառով, որ այդ պահանջներն ամրագրված են նաեւ իրենց ծրագրերում. «Ընդդիմությունը կարող է փողոց դուրս գալ եւ՛ այսօր, եւ՛ վաղը: Մենք այդտեղ որեւէ մտահոգություն չունենք»,- հայտարարել է Գ. Սահակյանը: Ինչ վերաբերում է ընդդիմություն-իշխանություն երկխոսությանն ու հատկապես նոր ստեղծվելիք Հանրային խորհրդում ընդդիմության ներգրավվածությանը, ապա, ըստ Գ. Սահակյանի, իշխանությունն ամենեւին էլ իր առջեւ խնդիր չի դրել ամեն գնով Լեւոն Տեր-Պետրոսյանին այդ խորհրդում ընդգրկելը: «Շատ լավ կլիներ, եթե Լ. Տեր-Պետրոսյանը որոշեր մասնակցել Հանրային խորհրդի աշխատանքներին, բայց չեմ զարմանում, որ նա որոշել է չմասնակցել այդ նիստերին, քանի որ, եթե մասնակցի` ստիպված է լինելու ասել, որ վերադարձել էր քաղաքականություն, որպեսզի Ղարաբաղը հանձնի»,- իր հաջորդ «սենսացիոն» բացահայտումն է արել Գ. Սահակյանը: Իսկ լրագրողների դիտարկմանը, թե Լ. Տեր-Պետրոսյանը երբեւէ նման հայտարարություն չի արել, ՀՀԿ փոխնախագահը պատասխանել է, որ ինքը «թարգմանում է նրա այն հայտարարությունը, թե` պետք է քիրվայություն անել Ադրբեջանի հետ»:

Պատասխանելով հարցին, թե ինչպես պատահեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկ խորհրդակցություն անցկացնելով՝ կարողացավ Մաքսային ծառայությունում կոռուպցիան վերացնել, եւ ինչով էր պայմանավորված, որ նման խորհրդակցություն ժամանակին չէր անցկացնում Ռոբերտ Քոչարյանը, Գ. Սահակյանն ասել է, թե նախորդ նախագահի օրոք ստեղծվել է այն բազան, որը թույլ է տվել հասնել նման արդյունքի: «Ռ. Քոչարյանի իշխանության ժամանակ ստեղծված դրական փոփոխություններն ուղղորդումների կարիք ունեն, եւ հենց այդ փոփոխությունների շնորհիվ է, որ հիմա հնարավորություն է ստեղծվել անցնել երկրորդ սերնդի բարեփոխումներին, որոնք կատարվում են թե՛ մաքսային, թե՛ հարկային ոլորտներում»,- հայտարարել է նա: