Բավական չէ՞ ճամարտակել այն մասին, թե ինչպիսին պետք է լինի մարդը. ժամանակն է արդեն մարդ դառնալ։
Մարկոս Ավրելիոս
Ահա այսպիսի զայրույթով է դիմում Մարկոս Ավրելիոսը ժամանակակիցներին, սակայն մինչ օրս մարդ դառնալու ցանկությունը, կարծես, վերջինն է մեր բոլոր ցանկություններից։ Մարդ դառնալուց առաջ նախ պետք է հարստանալ, հետո կրթության վկայական (չեմ ասում՝ կրթություն) ստանալ, հետո՝ պաշտոն, հետո ետ բերել այն ծախսերը, որ արվել են այդ ճանապարհին, իսկ այդքանից հետո ո՞վ է հիշում մարդ դառնալու՝ Ավրելիոսի պատվերի մասին, մանավանդ, որ նա ո՛չ մեր նախագահն է, ո՛չ վարչապետը, ո՛չ էլ հորեղբոր տղան։
Անկեղծ ասած, սիրտս ցավում է Մարկոս Ավրելիոսի համար, նաեւ նրանց համար, ովքեր Ավրելիոսի մտահոգությունն ունեն, ասենք՝ ՀՀ Փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանի, որ «Կենտրոնում» հարցազրույցի ժամանակ ձեռքի հետ «մասնագիտորեն» փորձում էր փրկել մեր անմեղ դատավորների կորցրած պատիվը։ Իսկապես, ի վերջո, նրանք ի՞նչ մեղք ունեն, որ հայաստանյան քաղաքացուց ավելի քան հինգ անգամ բարձր աշխատավարձ են ստանում եւ չեն կարողանում ապահովել իրենց կենցաղը եւ այդ պատճառով էլ հանգիստ ու անպատիժ շրջանցում են օրենքը։ Թեեւ այդ գործողությունների համար դեռ ոչ մի դատավոր դատական պատասխանատվության չի ենթարկվել, ու որեւէ քրեական գործ չի հարուցվել, սակայն մեր փաստաբանը համաներում էր խնդրում նրանց համար եւ առաջարկում բարձրացնել սոցիալապես տուժած այս խավի աշխատավարձը, քանզի անարդար վճիռ կայացնելու մեղքը ոչ թե իրենցն է, այլ այն անարդար վերաբերմունքի, որ ցուցաբերվում է նրանց հանդեպ։ Իհարկե, պարոն Զոհրաբյանը բարոյական վարքագծի կայունության հասնելու որեւէ թիվ չնշեց, ասենք՝ ի՞նչ արժե այն գինը, որով դատավորը հաստատ արդար կդատի (փակագծում ավելացնեմ՝ ցանկալի կլիներ իմանալ նաեւ այն թիվը, որով մարմնավաճառը, չասեմ՝ կփոխի մասնագիտությունը, այլ կհամաձայնի սպասարկել հայրենի տղամարդկանց կարիքները եւ չի բռնի արտերկրյա գործուղման ճանապարհը, կամ ինչքան պիտի վաստակի հավ գողացողը, որ հարեւանի հավին աչք չտնկի, ինչքան պիտի վաստակի բարոյական արժեքներ կրող քաղաքացին, որ պատեհ-անպատեհ զբոսանքների դուրս չգա հայրենի պողոտաներում ու չենթարկվի հարձակումների)։ Որեւէ հանրագիտարանում այդ թիվը ես չգտա, սակայն տնտեսագիտական մոգությանը տիրապետող նախկին վարչապետներից Հրանտ Բագրատյանն ասաց առանց դույզն-ինչ կասկածի՝ «տասնհինգ հազար ԱՄՆ դոլար»։ Ես անվերապահ վստահում եմ նրան եւ նրա բերած թվերին. դա հաստատ նորմալ ապրելու նվազագույն թիվ է, միայն չեմ հասկանում՝ մեր հանրապետությունում միայն դատավորնե՞րը լավ ախորժակ ու բարձր ճաշակ ունեն (իսկ ինչքա՞ն պետք է վճարել քաղաքացուն, որ չընկնի դատավորի ձեռքը)։
Այս թիվն, իհարկե, ֆանտաստիկա չէ, եթե յուրաքանչյուր ազնիվ աշխատող (ոչ միայն դատավորը) այն ստանալու հնարավորություն ունենա։ Համաձայնեք, որ այս դեպքում ոչ միայն հանցագործությունները կնվազեն, կնվազեն նաեւ բանտարկյալների ու բանտեր պահելու վրա կատարվելիք ծախսերը, կնվազի ոստիկան ու դատավոր պահելու պահանջը, հետեւաբար՝ կնվազի նաեւ գրոհը իրավաբանական ֆակուլտետների վրա, եւ նրանց չթալանած գումարների հաշվին ժողովուրդը հանգիստ կապրի։ Իսկ եթե սա, այնուամենայնիվ, ֆանտաստիկա է, ապա իրավաբանական ֆակուլտետների վրա գրոհը կնվազի նաեւ այն դեպքում, երբ ապագա դատավորը ստույգ իմանա, որ ինքը ոչ թե 220.000 աշխատավարձ է ստանալու, այլ ընդամենը 40.000, ինչպես բոլորը, եւ կաշառք վերցնելու հնարավորություն էլ (կամ որ նույնն է՝ թույլտվություն) չի ունենալու… Իսկ թույլտվություն (եթե թույլտվությունը դուրս բերենք փակագծերից) նա ստանում է դեռ ուսանողական աթոռից, որն ինքնըստինքյան (համաձայնեք) բավականին թանկ արժե։ Այսպես ասենք, «սովորական մարդու» տղան այդ ֆակուլտետի շուրջն անգամ չի կարող պտտվել, ուր մնաց՝ ներս մտնի, իսկ նա, ով ներս է մտնում, բնականաբար, սովորական մարդու տղա չէ, քանի որ նրա «պապան» թույլ չի տա, որ իր տղան, առավել եւս՝ աղջիկը, «լայեղ անի» դասախոսի առջեւ բերանը բացել, ինչ-որ հարցերի պատասխանել (բա ո՞ւր մնացին պապայի փողերը, էլ ո՞ր օրվա կամ ինչի՞ համար են)։
Տրամաբանական հարց է ծագում, չէ՞. եթե իրավաբանականի ուսանողը մի վկայական ստանալու համար մեշոկով փող է թափում, ապա ինչո՞ւ այն ստանալուց հետո իր թափած փողերը չպիտի հավաքի. բա ո՞ւր մնաց արդարությունը (համ էլ հո պապային պարտք չի՞ մնա)։
Այնպես որ, մեր իրավաբանների համար օրենքը ֆուտբոլի գնդակի պես կլոր մի բան է, եւ գրված ու չգրված օրենքներն էլ նրա համար ենթարկվում են խաղի նույն կանոններին. չէ՞ որ դրանց տիրապետողը կոչումով ու դիրքով (ուզում էի ասել՝ փողով) նա է։