«Չնայած ուրանի հարստացումը դադարեցնելու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կոչին, Իրանը կշարունակի այդ գործունեությունը»,- հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Ալի Հոսեյնին: Հիշեցնենք, որ անցած երկուշաբթի օրը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Մուհամեդ էլ Բարադեյն Իրանի վերաբերյալ հերթական զեկույցն էր ներկայացրել գործակալության կառավարիչների խորհրդին, որում մատնանշել էր, որ Իրանը շարունակում է մեծացնել ուրանի հարստացման հզորությունները՝ վերջին երեք ամսվա ընթացքում Նաթանզի գործարանում տեղակայված գազային ցենտրիֆուգների թիվը 3 հազարից ավելացնելով մինչեւ 3,5 հազար: «Ուրանի հարստացումը մեր անկապտելի իրավունքն է, եւ դրա դեմ ուղղված բոլոր փորձերը հակասում են ՄԱԿ-ի Կանոնադրությանը»,- հայտարարել է Հոսեյնին: