ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո խոսնակ Շոն ՄըքՔորմաքը հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգտոնին մտահոգություն է պատճառում առանց Վրաստանի համաձայնության զինծառայողների լրացուցիչ խումբ, այդ թվում՝ երկաթուղային զորքի ստորաբաժանում Աբխազիա գործուղելու մասին Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մայիսի 31-ի հաղորդագրությունը:
«Մենք մեր մտահոգությունները փոխանցել ենք Ռուսաստանի կառավարությանը, մենք այս խնդրի շուրջ կապի մեջ ենք Վրաստանի իշխանությունների հետ»,- ասել է Պետդեպարտամենտի մամլո խոսնակը: Նրա խոսքերով, ռուսական կողմի այս քայլը հատկապես անհասկանալի է այն բանից հետո, երբ Վրաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անցած շաբաթ հաղորդել է Աբխազիայի օդային տարածքում հետախուզական ինքնակառավարվող օդանավերի թռիչքները դադարեցնելու մասին: «Ռոյթերզի» փոխանցմամբ` վրացիներն անցած ուրբաթ օրը պարտավորվել են չշարունակել թռիչքները` այդպես փորձելով փարատել Արեւմուտքի մտավախությունները, թե Թբիլիսիի եւ Մոսկվայի հետզհետե սրվող հարաբերությունները կարող են վերաճել պատերազմի:
Մայիսի 31-ին Նյու 3որքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դռնփակ նիստում քննարկվել է ապրիլի 20-ին Աբխազիայի օդային տարածքում վրացական հետախուզական օդանավը վայր գցելու հարցը: Աբխազներն ապրիլի 20-ին հայտարարել էին, թե այն խփել է իրենց հակաօդային պաշտպանության մարտկոցը, սակայն վրացիները պնդում են, որ օդանավը ռուսներն են ոչնչացրել: ՄԱԿ-ի փորձագետներն իրենց զեկույցում պաշտպանել են վրացիների տեսակետը` նշելով, թե ռադարի գրանցումները վկայում են, որ հետախուզական ինքնակառավարվող օդանավին մոտեցել է մի մարտական կործանիչ, հրթիռ է արձակել եւ սլացել դեպի Ռուսաստանի օդային տարածք: ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը հայտարարել է, թե այդ զեկույցը համապարփակ եւ համոզիչ չէ: «Մենք ցանկանում ենք պարզել բոլոր հանգամանքները, դրա համար անհրաժեշտ են Վրաստանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության զեկույցում նշված բոլոր վկայությունները, այլ ոչ թե միայն այն, ինչ տեղ է գտել զեկույցում: Մենք պատրաստվում ենք մեր մանրամասն հետաքննությունն անցկացնել, այդ թվում՝ օտարերկրացի փորձագետների մասնակցությամբ»,- ասել է Չուրկինը:
Ըստ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի փոխդեսպան Ալեխանդրո Վոլֆի` ՄԱԿ-ի փորձագետներն ասում են, որ ռուսական օդանավը ներխուժել է Վրաստանի տարածք եւ վայր է գցել ինքնակառավարվող օդանավը: «Դա շատ վտանգավոր զարգացում է, սադրիչ գործողություն, Վրաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության բացահայտ ոտնահարում»,- հայտարարել է Վոլֆը: Ըստ «Ազատության»` երեկ Վրաստանի Արտգործնախարարություն պետք է հրավիրվեր Ռուսաստանի դեսպանը` նրան բողոքի նոտա փոխանցելու համար: «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունից հայտնել են, որ դա կլինի Վրաստանում մոտ երկու տարի աշխատող Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին փոխանցված արդեն 58-րդ նոտան: