Պետք է, պետք է. պետք է….

04/06/2008

Առաջիկայում Երեւանի քաղաքապետարանի ուշադրությունը պետք է կենտրոնացած լինի բացօթյա բոլոր տեսակի սննդարտադրությունների եւ պատրաստի արտադրանքների վաճառքի՝ ղարսի խորոված, տարբեր տեսակի բլիթներ, միս-մսամթերք՝ փողոցում դրված, առանց որեւէ բժշկական հսկողության, կաթնեղեն, ձկնեղեն եւ այլն, հավուր պատշաճի եւ սահմանված սանիտարական նորմերի պահպանմամբ կազմակերպմանը: Երեկ հրավիրված ասուլիսում այդ մասին հայտարարել է Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Կարեն Գեւորգյանը: Վերջինս սակայն շտապել է նշել, որ այդ աշխատանքները հիմնականում պետք է կատարեն թաղային համայնքները, քանի որ նշված հարցում Երեւանի քաղաքապետարանը հանդիսանում է, այսպես ասած, պատվիրող եւ պահանջող մարմին: Կատարողները թաղային համայնքներն են եւ փողոցային ոստիկանությունը: «Քաղաքապետարանի ֆունկցիան է՝ տեսնել, ահազանգել, կոորդինացնել»,- ասել է Կ. Գեւորգյանը: Ըստ նրա, տեղական ինքնակառավարման մարմիններն այլընտրանք չունեն, քան կատարել օրենքով սահմանված իրենց պարտականությունները: Անցած հինգ ամիսների ընթացքում թաղային համայնքների կողմից ութ միլիոն դրամի տույժ եւ տուգանքներ են սահմանվել եւ հավաքվել՝ առեւտրի նորմերի խախտման համար, սակայն, ըստ Կ. Գեւորգյանի, դա բավարար չի եղել, քանի որ այժմ էլ մայրաքաղաքում գրեթե ամեն քայլափոխի կարելի է հանդիպել տարբեր տեսակի սննդամթերքների վաճառքի: Քաղաքապետարանի պաշտոնյան գտնում է, որ մեթոդներն էլ ավելի պետք է խստացվեն եւ, վարչական տույժից բացի, պետք է առգրավվեն սարքավորումները եւ նույնիսկ սննդամթերքը, որպեսզի կարգազանց վաճառողների համար դա դաս լինի: Կ. Գեւորգյանն ասել է, որ այս տարի խիստ հսկողություն է սահմանվելու նաեւ փողոցային զովացուցիչ ջրերի եւ լցնովի պաղպաղակների վաճառքի նկատմամբ: Ըստ նրա, հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այդ սննդատեսակները հիմնականում պատրաստվում են անհայտ հումքերից՝ առանց բաղադրությունը եւ որակը հաստատող որեւէ փաստաթղթի: Քանի որ օրենքում բացակայում է առգրավվելու կետը, պատկան մարմինների կողմից բազմաթիվ սարքեր են տարհանվել, որոնք, ըստ Կ. Գեւորգյանի, հիմնականում նաեւ ինքնաշեն են եղել: Քաղաքապետարանի պաշտոնյան երեկ թաղային համայնքներին կոչ է արել նաեւ կանոնակարգել ձմերուկի եւ սեխի սեզոնային առեւտուրը: Ըստ նրա, կարգադրվել է, որ առեւտուրը չլինի տրանսպորտային միջոցների, գազոնների միջից կամ փողոցների հատման մասերում: Առեւտրի այդ կետերը պետք է լինեն գյուղմթերքների շուկաների եւ բազմաբնակարան շենքերի հարակից տարածքներում՝ մետաղալարերով պատրաստված, ձմերուկի եւ սեխի համար նախատեսված հատուկ տարողություններով: Կ. Գեւորգյանն անդրադարձել է նաեւ արդյունաբերական ապրանքների առեւտրին` տեղեկացնելով, որ աշխատանք է տարվում այդ առեւտուրը համապատասխան տոնավաճառներում կազմակերպելու համար: Ի դեպ, քաղաքապետարանի պաշտոնյան երեկ խոստովանել է, որ քաղաքապետարանի եւ բնակչության գլխին չարիք են դարձել ոչ այնքան բացօթյա սրճարաններն՝ իրենց աղեկտուր երաժշտություններով, որքան բազմաբնակարան շենքերի առաջին հարկերում տեղակայված գիշերային ակումբներն ու զվարճանքի այլ վայրերը: Դրանց գործունեությունը կանոնակարգելու վերաբերյալ համապատասխան օրենքը գտնվում է կառավարությունում, քննարկումների փուլում: Երեւանի քաղաքապետարանի առաջարկով գիշերային ակումբները եւ զվարճանքի վայրերը պետք է տարհանվեն մայրաքաղաքից, կամ գոնե բազմաբնակարան շենքերից 200-300 մետր հեռավորությամբ տեղակայվեն՝ համապատասխան շինություններում: