Արձագանքեց Քրեակատարողական վարչության պետը

04/06/2008

«168 Ժամում» տպագրված` «Էս ի՞նչ տխուր կյանք ա» հրապարակմանն արձագանքել է ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ Աշոտ Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ նյութն Արցախի 32 հասցեում, ԴԵՊՈ-ի գրասենյակում ապրող Անուշ Խեչումյանի բազմազավակ ընտանիքի մասին էր: Անուշի 18-ամյա որդին` Անդրանիկը, ներկայումս գտնվում է Կանանց եւ անչափահասների «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Ա. Խեչումյանի պատմելով` Անդրանիկը բանվորությամբ գումար վաստակելու պատրվակով ալյումին էր տեղափոխել` չիմանալով, որ այն գողոն է: Նրան դատապարտել են 2 տարվա ազատազրկման: Ներկայումս լրացել է Անդրանիկի վաղաժամկետ ազատման ժամկետը, հետեւաբար 18-ամյա այս պատանու ազատություն ստանալու հանգամանքը կախված է ինչպես քրեակատարողական հիմնարկի ղեկավարության, այնպես էլ վաղաժամկետ ազատման հանձնաժողովի բարի կամքի դրսեւորումից: Երեկ ԱՆ Քրեակատարողական վարչության պետ Ա. Մարտիրոսյանը պատրաստակամություն հայտնեց ընդունել Ա. Խեչումյանին եւ մանրամասն ծանոթանալ Անդրանիկի գործին: Վարչության պետի հետ հանդիպումից հետո տիկին Անուշը զանգահարեց խմբագրություն ու ուրախությունից լաց լինելով՝ խնդրեց փոխանցել. «Խնդրում եմ, իմ խորին հարգանքն ու շնորհակալությունը փոխանցեք Ա. Մարտիրոսյանին: Նա խոստացավ Անդրանիկի ազատության համար ամեն ինչ անել: Ես էնքան ցնցված եմ նրա վերաբերմունքից: Առաջին մարդն ա էս պետության մեջ, որ մեզ օգնելու ձեռք մեկնեց: Չեք պատկերացնի, հուզմունքից չեմ կարողանում խոսեմ»։ Նա իսկապես այլեւս չէր կարողանում խոսել: Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Ա. Մարտիրոսյանն արձագանքում է մեր հրապարակումներին: Նա խոստացավ իր ղեկավարած կառույցի հետ կապված մեր հրապարակումներին հետեւողականորեն արձագանքել օրենքի շրջանակներում: