Ցնցումների կանխազգացում
Հայաստանը հայտարարված է քաղաքական կայուն համակարգ եւ անշեղ՝ երկնիշ թվով
աճող տնտեսություն ունեցող երկիր։ Այսինքն՝ երկիր, ուր միակ լողացող
երեւույթը դրամի փոխարժեքն է։ Հենց այս պատճառով էլ երկրի մամուլի
ուշադրությունը բեւեռված է ֆինանսական համակարգի վրա։ Անցած շաբաթ
ԶԼՄ-ներին հետեւող ցանկացած մեկը կարող էր եզրակացնել, որ երկրի միակ
աշխատող կառույցը Կենտրոնական բանկն է։ ՀՀ Սահմանադրության հերթական
բարեփոխման խորհրդարանական քննարկումները պակաս, անհամեմատ պակաս են
քննարկվում մամուլում։ Հասարակությանը մեծապես հետաքրքրում է միայն այն,
ինչ կապված է սառնարանի ու ստամոքսի պարունակության հետ։ Դժվար է
միանշանակ ասել, սա արեւմտյան քաղաքական մոդելների արդյո՞ւնք է, թե՞ սովի
գենետիկ պատմական հիշողություն։
Անցած շաբաթ նորից ցնցվեց միակ լողացող երեւույթը՝ ֆինանսական համակարգը։
Այս անգամ՝ հակառակ ուղղությամբ։ Դրամն արժեզրկվեց։ Իշխանությունները
շտապեցին հայտարարել, որ կատարվածն օբյեկտիվ հիմքեր չունի եւ սպեկուլյատիվ
գործոնների արդյունք է։ Այս բացատրությունը դժվար է հերքել։ Այն միանշանակ
բնութագրում է մեր երկրի ֆինանսական համակարգը։ Իսկապես դժվար է
պատկերացնել, որ արժեթղթերի շուկա, բորսաներ չունեցող երկրում
օբյեկտիվորեն կարող է դրամի փոխարժեք ձեւավորվել։
Հոդաբաշխ բացատրության փոխարեն
Տարադրամի արժեւորումը կարող է բացատրվել ազգային դրամի զանգվածի աճով։
Տեսականորեն դրամի զանգվածը միանգամից մեծացնել կարող են միայն
կառավարությունը եւ ԿԲ-ն։ Անցած շաբաթ ոչ մեկը, ոչ մյուսը դրամի խոշոր
խմբաքանակ շուկա չի մտցրել։ Հետեւաբար, փորձագետները հրաժարվում են զուտ
տնտեսագիտական բացատրություն տալ բացատրածին։ Հայկական խիստ
մոնոպոլիզացված տնտեսության մեջ դրամի կուրսի անկում կարող է հրահրել նաեւ
խոշոր ներկրող գործարարը։ Նա կարող է որոշ ժամանակ կուտակել առեւտրից եկող
դրամը եւ միանգամից ներմուծել շուկա։ Փորձագետները նման հնարավորությունը
բացառում են, որովհետեւ երկրի ֆինանսական դաշտը խիստ վերահսկելի է։ Նման
ցանկացած գործարք կարձանագրվի եւ կդիտարկվի որպես սադրանք։ Օլիգարխի
բիզնեսին սպառնացող բոլոր հետեւանքներով։
Փոխանակման կետերի նկատմամբ ԿԲ-ի այս տարի վարած քաղաքականությունը երկակի
է։ Մի կողմից վերացվեցին ինքնուրույն գործող ֆինանսական այդ գրասենյակները
(ինչի արդյունքում տարադրամի եւ օրինական, եւ ստվերային շրջանառությունը
ներքաշվեց բանկային համակարգ)։ Մյուս կողմից տարադրամի (եւ՛ օրինական, եւ՛
ապօրինի) շրջանառությունը դարձավ ավելի վերահսկելի։ Փորձագիտական
տվյալներով ՀՀ-ում կանխիկ դոլարի ծավալը կազմում է 900 մլն-ից 1 մլրդ
դոլար։ Շրջանառության մեջ գտնվող փողի (դրամի) ողջ բազան 300 մլն դոլարի
համարժեքից պակաս է։ Կանխիկ դրամի քանակը դրա մի մասն է կազմում։
Հետեւաբար՝ անհասկանալի է՝ ո՞վ եւ որտեղի՞ց կարողացավ այդքան կանխիկ դրամ
մտցնել շրջանառություն։ Կոշտ դրամավարկային քաղաքականություն վարելով,
ԿԲ-ն իր ձեւավորման առաջին օրվանից զսպում է դրամի (հատկապես կանխիկի)
ծավալի աճը։ Այն առավել վերահսկելի դարձնելու նպատակով։ Սրանով, իհարկե,
դրամի ստվերային շրջանառությունը չի կրճատվում, հակառակը՝ խթանվում է։ Սա
պարզ նկատելի է տոնավաճառներում եւ խոշոր խանութներում։ Այսպիսի
օբյեկտներում նույն թղթադրամներն օրվա ընթացքում մի քանի անգամ պտտվում են
վաճառասեղան-փոխանակման կետ տիրույթում։ Պոետական չափազանցությամբ կարելի
է ասել, որ կանխիկ թղթադրամները (հատկապես 5000-անոց եւ ավելի) այնքան քիչ
են, որ ազգը դրանց արդեն դեմքով է ճանաչում։ Յուրաքանչյուր թղթադրամ օրը
մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցնում։
Դրամի արժեզրկումը ամենաանհարմար վիճակը ստեղծեց Ֆինանսների եւ
էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանի համար։ Նա դեռ չէր հասցրել
հասարակությանը համոզել, որ տնտեսության աճը «օբյեկտիվորեն» դրամի
արժեւորման է հանգեցնում։ Որքան էլ տարօրինակ լինի, ամենահամոզիչը լինում
են այն պնդումները, որ տարադրամի փոխարժեքն ի վերջո որոշվում է ինչ-որ
կենտրոնում եւ խիստ որոշակի շահերով։ Տնտեսական երեւույթների վրա հենված
ցանկացած բացատրություն պակաս արժանահավատ է։
Ով աշխատի, նա կուտի՛
Անցած շաբաթը մի փոքր մխիթարիչ էր։ Հատկապես նրանց համար, ում եկամուտը
տարադրամով է։ Բայց որպեսզի հայ մարդուն կյանքը մեղր չթվա եւ աշխարհն էլ
բուրաստան, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը ասուլիս
անցկացրեց։ Սպառնացող կենսաթոշակային նոր համակարգի մասին չէ խոսքը, այլ՝
հրապարակված թվերի։ ՀՀ-ում կա 450.000 աշխատող։ Նրանք իրենց ստեղծած
բարիքով պիտի պահեն սեփական ընտանիքը, սեփական հայրենիքը եւ 550.000
կենսաթոշակառու։ Բոլշեւիկներն էլ այսպես սկսեցին։ Պարենմասնատման
(ռազմական կոմունիզմի) տարիներին իրագործվում էր «ով աշխատի, նա կուտի»
կարգախոսը։ Հետո՝ նոր տնտեսական քաղաքականության (ՆԷՊ-ի) տարիներին
հայտարարեցին՝ «ինն աշխատող պիտի կերակրեն մեկ չաշխատողի»։
Հայաստանում առայժմ ստույգ հաշվառված չէ՝ քանի՞ չաշխատող պիտի կերակրի մեկ
աշխատողը։ Փոխարենը՝ երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության
արդյունքում աշխատող մարդը գերադասում է արտագաղթել։ ՀՀ-ից արտահանվող
հիմնական ապրանքը վաղուց արդեն ոչ ծիրանի չիրն է, ոչ էլ խմելու ջուրը, այլ
աշխատուժը։ Աշխատողը սեփական ընտանիքն ու սեփական թոշակառուներին
կերակրելու համար վաղուց արդեն աշխատանք է փնտրում արտերկրում։ Իսկ
հարազատ իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում նրա աշխատած ու
հայրենիք բերած արտարժույթն արժեզրկելու համար։ Տնտեսական աճի խթանման եւ
ինչ-որ առասպելական սղաճ կանխելու հայրենանվեր ձեռնարկներով։