Մայիսի 26-31-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգայցերի ընթացքում Բնապահպանական տեսչության Երեւանի բաժինն առգրավել է ապօրինի որսված 185 հատ սիգ տեսակի ձուկ, կազմվել է վարչական իրավախախտման 5 ակտ (բուսական աշխարհի պահպանության կանոնների խախտման՝ 1 եւ կենդանական աշխարհի պահպանության կանոնների խախտման 4 դեպք), բնությանը պատճառված վնասը կազմել է 240.000 դրամ: ՀՀ Բնապահպանության նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` Գեղարքունիքի մարզում առգրավվել է ձկնորսական 105 ցանց, 40 խեցգետնաորսիչ, 70 կգ կարաս տեսակի ձուկ, որից 107 հատը կենդանի է եղել եւ բաց է թողնվել լիճ: Արագածոտնի մարզում արձանագրված ապօրինի արածեցման 1 դեպքի համար բյուջե մուտքագրվել է 110.000 դրամ:
Կոտայքի մարզում արձանագրված հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի համար տուգանքը կազմել է 70.000 դրամ: Տեսչության Շիրակի մարզի բաժինը հայտնաբերել է կենդանական աշխարհի պահպանության կանոնների խախտման եւ ընդերքի ապօրինի շահագործման 2-ական դեպք: Օրինախախտները տուգանվել են ընդհանուր 245.000 դրամ գումարով: