Սամվել Օհանյանը պատիժ է կրում գողության համար: Դատապարտվել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի կողմից: ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով նա մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 2 տարի 6 ամիս ազատազրկման: Պատիժը կրել է տարբեր քրեակատարողական հիմնարկներում: 2007 թվականի մայիսից «Վանաձոր» ՔԿՀ-ում է: Հենց այդտեղից էլ միջնորդություն ներկայացվեց Լոռու մարզի առաջին ատյանի դատարան՝ դատապարտյալ Ս. Օհանյանին պատժի կրումից պայմանական-վաղաժամկետ ազատելու մասին, որովհետեւ նա արդեն կրել էր իր նկատմամբ սահմանված պատժի կեսից ավելին: 2008 թվականի հունվարի 25-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, մերժեց քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը, այսինքն՝ անթույլատրելի համարեց Օհանյանին պայմանական-վաղաժամկետ պատժից ազատելը: Դատապարտյալը բողոքարկեց որոշումը: Նա համարում էր, որ կրել է իր նկատմամբ սահմանված պատժի կեսից ավելին, կալանավայրում դրսեւորել օրինակելի վարքագիծ, տույժ չունի, գործով տուժողի կողմից քաղաքացիական հայց չի ներկայացվել, քույրն էլ երկրորդ խմբի հաշմանդամ է. ազատություն դուրս գալով՝ ինքը նրան ոչ միայն կուրախացնի, այլեւ կօգնի նյութական ու բարոյական առումներով: Օհանյանը խնդրում էր բեկանել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումն ու իրեն պայմանական-վաղաժամկետ ազատել պատժի կրումից:
Հոսանքն ի վար
Սամվել Օհանյանը գողության համար առաջին անգամը չէ, որ դատապարտվել էր: Նախկին դատվածությունը՝ դարձյալ գողության համար, դեռ չէր մարվել: Օհանյանը, հարբած վիճակում, պատուհանի ապակին ջարդելու միջոցով, ապօրինի մուտք էր գործել Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող մի ամառանոց եւ գողացել 54.100 դրամ ընդհանուր արժողությամբ գույք: Սակայն բախտը չէր բերել: Դեպքի վայրից հեռանալու պահին բռնվել էր տուժողի հարեւանի կողմից: Անակնկալի եկած Օհանյանը գողոնի մի մասը լցրել էր մոտակա գետակը: Գողոնը լողացել էր հոսանքն ի վար: Մնացածը՝ 5100 դրամ ընդհանուր արժողությամբ մեկ կոստյումը, մեկ բաճկոնը, մեկ վերնազգեստն ու մեկ զույգ գուլպան՝ ոչ թանկարժեք հագուստի մի տրցակ, Սամվելը նետել էր այլ ուղղությամբ՝ թողնելով ցամաքում: Ջուրը չնետված հագուստեղենը հետագայում հայտնաբերվել, առգրավվել ու վերադարձվել էր տիրոջը: Իսկ Օհանյանը բռնվել ու կալանավորվել էր: Նա, փաստորեն, կատարել էր գողությունը, սակայն, տեղում բռնվելով, չէր էլ հասցրել գողոնից օգտվել: Անիմաստ այս ձեռնարկի համար էր, որ դատվել ու դատապարտվել էր 2 տարի 6 ամիս ազատազրկման: Որովհետեւ այն պահին, երբ ուրիշի տուն ապօրինի մուտք գործելով, ուրիշի գույքը հափշտակելով՝ ելել էր թալանված վայրից, հանցանքը դարձել էր ավարտուն եւ՝ գողության ոչ թեթեւ մասով պատժելի:
Պարտադիր չէ
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, Սամվել Օհանյանի վերաքննիչ բողոքը քննության առնելով, արձանագրեց, որ դատապարտյալին պատժից պայմանական-վաղաժամկետ ազատելը դատարանների համար պարտադիր պայման չէ: Բոլորովին չի նշանակում, թե սահմանված պատժի՝ օրենքով նախատեսված մասը կրելուց հետո ցանկացած դատապարտյալ պարտադիր պետք է ազատվի պատժի հետագա կրումից: Նման միջնորդություն ստացած դատարանի խնդիրն է՝ ուսումնասիրել հարցի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները: Դատարանը, պատժից վաղաժամկետ ազատելու վերաբերյալ պահանջների ճշգրիտ կատարմամբ պետք է ապահովի ՀՀ Քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված՝ պատժի նպատակների իրականացումը: Այն է՝ պատժի ենթարկված անձին ուղղելը, սոցիալական արդարության վերականգնումը, հանցագործությունների կանխումը: Պատժից պայմանական-վաղաժամկետ ազատումը կարող է կիրառվել միայն այն դատապարտյալների նկատմամբ, ովքեր կրել են նշանակված պատժի՝ օրենքով սահմանված մասը, վարքով ապացուցել իրենց ուղղված լինելը: Այսինքն՝ ապացուցել են, որ ուղղվելու համար ի սկզբանե նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիքը չունեն այլեւս: Ընդ որում՝ դատապարտյալի՝ ուղղված լինելու մասին դատարանի հետեւությունները պետք է հիմնված լինեն քրեակատարողական հիմնարկում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում նրա դրսեւորած վարքի բազմակողմանի ուսումնասիրության վրա:
Խրախուսանքի չի արժանացել
Դատապարտյալ Սամվել Օհանյանի անձնական գործը մանրակրկիտ ուսումնասիրվեց: Պարզ դարձավ, որ նրա վարքագիծը դրական է գնահատվել կարճ ժամանակահատվածում միայն՝ 2007 թվականի մայիսից, երբ կրկին տեղափոխվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Նա այդ նույն հիմնարկում գտնվել էր նաեւ 2006 թվականի սեպտեմբերի 2-ից մինչեւ դեկտեմբերի 6-ը: Եվ ահա թե ինչ բնութագիր էր տրվել նրան տվյալ ժամանակահատվածի վերաբերյալ. Սամվել Օհանյանը, չնայած խախտումներ չունի, բայց խրախուսանքի էլ չի արժանացել: Նրա կրկնահանցագործության ռիսկայնության աստիճանը, հնարավոր ագրեսիայի մակարդակը բարձր է գնահատվել: Բացի դրանից՝ նա բնութագրվել է որպես «ծածկամիտ, հանցավոր աշխարհի բարքերին հարող»: Նրա վարքի մեջ «հանցածին էլեմենտների առկայություն է նկատվել»: Հաջորդ քրեակատարողական հիմնարկից, ուր տեղափոխվել էր Օհանյանը, դարձյալ առանձնապես դրական բնութագրով չէր ելել: Այստեղ եւս արձանագրել էին, որ, ճիշտ է, խախտումներ չունի, բայց խրախուսանքի եւս չի արժանացել: Նկատվել էր, որ «երբեմն կարող է առճակատումներ ունենալ մյուս դատապարտյալների հետ»:
Անձնական գործ
Ի՞նչ անցյալ էր ունեցել Օհանյանը՝ մինչեւ վերջին գողության կատարումը: Այլ անգամներ օգտվե՞լ էր, արդյոք, օրենքով նախատեսված վաղաժամկետ ազատման հնարավորությունից: Եվ, որ ամենակարեւորն է. եթե օգտվել էր, ի՞նչ հետեւությունների էր հանգել, ինչպե՞ս էր իրեն դրսեւորել: Օհանյանի անձնական գործի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ նրա նկատմամբ մեկ անգամ չէ, որ մարդասիրական վերաբերմունք էր ցուցաբերվել: Սակայն վաղաժամկետ ազատվելով հերթական պատժի կրումից՝ նա կարճ ժամանակում նորից վերադարձել էր հանցավոր կյանքին, գործել նոր հանցանքներ: Այսպես. խուլիգանություն կատարելու համար Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի կողմից 2004թ. սեպտեմբերին դատապարտվել էր 1 տարի ազատազրկման: 2005թ. մարտին, պատժի 5 ամիս 22 օրը չկրած, պայմանական-վաղաժամկետ ազատվել էր կալանավայրից: Դատվածությունը դեռ չմարված՝ նոր հանցանք էր կատարել: Այս անգամ արդեն՝ գողություն: 2006թ. մարտին նույն մարզի նույն դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ու դատապարտվել 2 տարի ազատազրկման: 2006թ. հուլիսի 11-ին, այսինքն՝ դատապարտվելուց չորս ամիս անց, Օհանյանի նկատմամբ համաներում էր կիրառվել, եւ նա ազատվել էր պատժի հետագա կրումից: Հուլիսի 11-ին ազատվել էր, իսկ օգոստոսի 30-ին արդեն գետն էր նետել նոր գողությամբ ձեռք գցած հերթական գողոնը: Այսինքն՝ արդեն երկրորդ պատժից էլ վաղաժամկետ ազատվելով՝ Ս. Օհանյանը չէր հրաժարվել նման արարքներից, չէր աշխատել, չէր զբաղվել հաշմանդամ քրոջ խնամքով, ինչպես որ խոստանում էր ներկա իր միջնորդագրով: Այսպիսի կենսագրականով էր Սամվել Օհանյանը հայտնվել Վերաքննիչ քրեական դատարանի հայացքի ներքո:
Մերժում
Պատժից պայմանական-վաղաժամկետ ազատումն ինքնանպատակ չի կարող լինել: Չի կարող նաեւ կալանավայրից ելնելու հարմար սողանցք դառնալ՝ ուղղվելու ցանկություն չունեցող դատապարտյալների համար. սա է օրենքի պահանջն ու դատարանների դիրքորոշումը: 2008 թվականի մարտի 28-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Սամվել Օհանյանի վերաքննիչ բողոքը: Նրան պատժից պայմանական-վաղաժամկետ ազատելու՝ քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը մերժելու մասին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողնվեց անփոփոխ: