Իոսիֆ Կոբզոնը չի մասնակցել

04/06/2008

Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում նախօրեին հնչել է Միքայել Թարիվերդիեւի կողմից կինոյի համար գրված երաժշտությունը, որին մասնակցել են Թամարա Գվերցիտելին, Աննա Մայիլյանը, Շուշան Պետրոսյանը, Հովհաննես Մանուկյանը, «Մերիդիան» տրիոն, Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ այլք: Համերգին պետք է մասնակցեր նաեւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը: Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը «Panorama»-ի թղթակցին հայտնել է, որ Իոսիֆ Կոբզոնը հիվանդության պատճառով ներկա չի եղել միջոցառմանը: Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ, Իոսիֆ Կոբզոնը ծանր անգինայով հոսպիտալացված է եւ գտնվում է Մոսկվայի բժշկական կենտրոններից մեկի վերակենդանացման բաժանմունքում:

Երգիչը հիվանդանոցից դուրս կգրվի այսօր կամ վաղը: Հիշեցնենք, որ մայիսի 31-ից հունիսի 2-ը Հայաստանում եւ Արցախում անցկացվում են «Ճակատագրի 17 ակնթարթ» խորագրով միջոցառումներ` նվիրված կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիեւին: Հունիսի 3-ին «Միքայել Թարիվերդիեւի երաժշտական աշխարհը» խորագրով միջոցառումներ անցկացվելու են Շուշիում: