Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հինգշաբթի օրը հայտարարել է, որ իր երկիրը «ոչ մի զիջման չի գնա իր տարածքային ամբողջականության ապահովման հարցում»: «Եթե Հայաստանը շարունակի ձգձգել խաղաղ ճանապարհով հիմնախնդրի լուծումը, Ադրբեջանը կտրականապես դրան չի համաձայնի եւ ամեն գնով կազատի հողերը: Հայաստանը պետք է դա մեկընդմիշտ հասկանա»,- ասել է Աբիեւը Էստոնիայի պաշտպանական ուժերի հրամանատար Անտս Լաանեոտսի հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ: Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հելսինկիում կարծիք է հայտնել, որ ԼՂ հարցը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով: «Խաղաղ ճանապարհը հարցի միակ լուծումն է»,- ասել է նա: Ըստ «Ֆրանսպրեսի»` Ալիեւը շեշտել է, որ նույնիսկ 14 տարվա բանակցություններից հետո իր երկիրը հավատում է, որ խաղաղությունը ՀՀ-ի հետ հնարավոր է: Նկատենք, որ այս հայտարարություններն Ադրբեջանի նախագահն արել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ առաջին հանդիպման նախօրեին: Սպասվում է, որ 2 երկրների ղեկավարների հանդիպումը կկայանա հունիսի 7-ին Սանկտ Պետերբուրգում: