Նույն ոգով

01/06/2008

Երեկ հրապարակվել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) կողմից փետրվարի 19-ի ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը: Ըստ զեկույցի` Հայաստանում նախագահական ընտրությունների նախընտրական եւ քվեարկության փուլերն ընթացել են հիմնականում ԵԱՀԿ պարտավորություններին համապատասխան, սակայն խնդիրներ են ծագել` հիմնականում քվեարկությունից հետո: «Թեեւ 2008թ. նախագահական ընտրությունները հիմնականում համապատասխանել էին ԵԱՀԿ պարտավորություններին եւ միջազգային չափանիշներին նախընտրական եւ քվեարկության շրջանում՝` լուրջ մարտահրավերներ ի հայտ եկան որոշ պարտավորությունների առնչությամբ` մասնավորապես ընտրության օրվանից հետո: Այն ցուցաբերեց անբավարար հարգանք ժողովրդավարական ընտրությունների հետ կապված հիմնական չափանիշների նկատմամբ եւ արժեզրկեց ամբողջ ընտրական գործընթացը: Հատկապես ձայների հաշվարկի գործընթացում ի հայտ եկան թափանցիկության եւ հաշվետվության թերություններ, իսկ բողոքարկման գործընթացները լիարժեք արդյունավետ չէին»,- ասված է զեկույցի վերջնական տարբերակում: «Հայաստանում առկա են հիմնավոր իրավական հիմքեր` ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար. մեր զեկույցում առանձնացված թերությունները ծագում են առկա օրենքների եւ կանոնների արդյունավետ եւ անկողմնակալ գործադրման վճռականության պակասի արդյունքում,- հայտարարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրեն Քրիստիան Շտրոհալը,- Հայաստանի ընտրական համակարգը պահանջում է ոչ այնքան հետագա տեխնիկական կամ իրավական բարեփոխումներ, որքան անհարկի պետական միջամտությունից զերծ եւ ԵԱՀԿ-ի չափանիշներին համապատասխանող ժողովրդավարական ընտրական գործընթացին իշխանությունների` բոլոր մակարդակներով, ինչպես նաեւ՝ այլ քաղաքական դերակատարների իրական նվիրվածություն»: Ի դեպ, ըստ ԵԱՀԿ գրասենյակի տարածած հաղորդագրության` զեկույցը ներկայացնում է կոնկրետ առաջարկություններ Հայաստանում ընտրական համակարգի բարեփոխման ուղղությամբ` ներառյալ ընտրական գործընթացներում հասարակական վստահության պակասի հետ կապված միջոցառումներ, բոլոր քաղաքացիների համար «ապահովելու ուժի գործադրումից եւ ահաբեկումից զերծ քվեարկություն, եւ հաստատելու հստակ սահմանազատում պետական կառույցների եւ իշխող քաղաքական կուսակցության միջեւ»: