Չհաջողված փո՞րձ, թե՞ ընդմիջում

01/06/2008

«Ընտրությունների ժամանակ ու դրանից հետո տեղի ունեցածը հեղափոխության չհաջողված փորձ էր, իսկ հիմա այդ հեղափոխության ընդմիջված ժամանակահատվածն է»,- երեկ ներքաղաքական մարտահրավերներին նվիրված քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը` հավելելով, թե ինքը դեռեւս ընտրություններից առաջ էր ասել, որ «կա թեկնածու եւ քաղաքական ուժ, որը պատրաստվում է ոչ թե փետրվարի 19-ի ընտրություններին, այլ հետընտրական գործընթացներին, որը քիչ կապ ուներ ընտրությունների ու դրանց արդյունքների հետ»:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` այն քաղաքական ուժը, որը պատրաստվում է հաղթել նախագահական ընտրություններում, նախ պետք է փորձի մասնակցել տեղական ինքնակառավարման, այնուհետեւ` խորհրդարանական, հետագայում` նոր միայն նախագահական ընտրություններին: Ինչ վերաբերում է արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացնելու մասին արված առաջարկներին, ապա ՀՀԿ-ական Ս. Նիկոյանը գտնում է, որ դրա համար հիմքեր չկան: Իսկ առաջարկը հնչեցնողներին նա խորհուրդ է տալիս եւս մեկ անգամ ընթերցել ՀՀ Սահմանադրությունը, որը հստակ մատնանշում է այն դեպքերը, երբ խորհրդարանը կարող է լուծարվել: «Հայաստանում տրադիցիա է դարձել. չկա մի ընտրություն, որ պարտված կողմը չբողոքարկի այդ ընտրությունների արդյունքները: Եթե հիմա նոր նախագահական կամ խորհրդարանական ընտրություններ նշանակենք, որտեղ է այն վստահությունը, որ պարտված քաղաքական ուժը նորից չի բողոքարկելու եւ իր կողմնակիցներին փողոց չի հանելու: Չկա այդ վստահությունը»,- ասաց Ս. Նիկոյանը: Ի պատասխան, ԱԺՄ-ական Վարդան Վարդանյանը նկատեց, թե այդ «տրադիցիան» հետեւանք է մեկ այլ «տրադիցիայի»։ «Սկսած 1995 թվականից՝ բոլոր ընտրությունները Հայաստանում կեղծվել են»,- ասաց ԱԺՄ ներկայացուցիչը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակից, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի հավաստմամբ էլ` Հայաստանը գտնվում է «ընդմիջված հեղափոխության» պայմաններում: «Այն, ինչ տեղի էր ունենում խայտառակ ձեւի կեղծված ընտրություններից հետո, միանշանակ խաղաղ թավշյա հեղափոխություն էր` առանց որեւէ գունավորման: Այսինքն` առանց արտաքին դրդման կամ օգնության, նույնիսկ արտաքին ուժերի ապաքաջալերման պայմաններում ընթացող հեղափոխություն էր: Դրա ապացույցները բազմաթիվ են: Մենք բոլորս ականատես եղանք, որ թե՛ եվրոպական կառույցները, երկրները, թե՛ ԱՄՆ-ը ինչքան զուսպ եւ նեյտրալ էին իրենց պահում, եւ ինչքան զուսպ սկզբնական գնահատականներ էին տալիս»,- ասաց նա` ավելացնելով, թե համաժողովրդական շարժումն ի սկզբանե ընտրել էր պայքարի «ոչ բռնի ուղի» եւ գործում էր բացառապես խաղաղ, օրինական միջոցներով, քանի որ, ըստ նրա` ակնհայտ է, որ եթե ժողովուրդը դիմում է բռնի գործողության, այդ դեպքում առավելությունը միշտ իշխանության կողմն է: Անդրադառնալով ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերին, ՀՀԿ-ական Ս. Նիկոյանը նշեց, որ դրա համար խիստ կարեւոր են մարտի 1-ի իրադարձությունների բաց, հրապարակային քննարկումները: Ըստ նրա` պակաս կարեւոր չէ նաեւ խորհրդարանական ընդդիմությանն օրենքով արտոնություններ տալը, Հանրային խորհրդի ստեղծման գաղափարը եւ ԱԺ-ում ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը: Դրանք, ըստ նրա, հնարավորություն կտան արտախորհրդարանական ուժերին ու հասարակական կազմակերպություններին՝ իրենց տեսակետները բերել քննարկման դաշտ եւ լսելի դարձնել իշխանության համար: Իսկ Կ. Ռուբինյանն իշխանություններին առաջարկեց անվերապահորեն կատարել ԵԽ ԽՎ բանաձեւի պահանջները, որոնք նաեւ ընդդիմության պահանջներն են: «Իշխանությունները կա՛մ պետք է անվերապահորեն կատարեն այդ պահանջները, եւ մեր շարժումը, ես հուսով եմ, կստիպի նրանց կատարել դրանք, կա՛մ պիտի հիմիկվա լղոզված տարբերակով փորձեն խաբել եվրոպական կառույցներին, կա՛մ պիտի խաչ քաշեն Եվրոպայի վրա, շարունակեն ճնշումները, քաղաքական հետապնդումները եւ դրանով իսկ ավելի խորացնեն հեղափոխական իրավիճակն ու ճգնաժամը»:

Ի դեպ, Կ. Ռուբինյանը երեկ իշխանություններին առաջարկեց գլխավոր դատախազի, ոստիկանապետի, Ներքին զորքերի հրամանատարի, ԱԱԾ եւ ՊՆ առաջին տեղակալներին նշանակել ընդդիմության առաջարկով, քանի որ, ըստ նրա` հենց այդ կառույցներն են առավելագույնս ապահովում ընտրությունների արդար կամ ոչ արդար անցկացումը: