Մայիսի 29-ին նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում էր կազմակերպել երկրի առավել կայացած գործարարների եւ տնտեսությանն առնչվող պետական գերատեսչությունների ղեկավարների հետ:
Հանդիպման ընթացքում, նախագահը, անդրադառնալով արդեն ավանդույթի վերածված` հարկային գերավճարների խնդրին, նշեց, թե այդ հարցի առնչությամբ Հարկայինի պետն ասում է, որ գերավճարների խնդիր այլեւս չկա, իսկ գործարարները հակառակն են պնդում: Սերժ Սարգսյանն այնուհետեւ փաստացի ակնարկեց, որ լիարժեք կերպով չի հավատում ո՛չ Հարկայինի պետին, եւ ո՛չ էլ գործարարներին:
Իրականում սա ծայրահեղ մտահոգիչ մի դրվագ է, որն, այդուհանդերձ, ամբողջովին տեղավորվում է մեր իրողությունների տրամաբանության մեջ: Հանրապետության նախագահն անձամբ է փաստում, որ այսօր չի կարելի միանշանակորեն հավատալ ո՛չ պետական բարձրագույն պաշտոն զբաղեցնողներին եւ ո՛չ էլ մասնավոր բիզնեսի ներկայացուցիչներին: Որքան էլ այս իրավիճակը տարօրինակ թվա, այն առավել քան օրինաչափ է: Տնտեսությանն առնչվող պետական գերատեսչություններն ու մասնավոր բիզնեսը կամ դրա առավել խոշոր հատվածը տարիների ընթացքում սովորել են իրար հետ աշխատել, փոխլրացնել միմյանց: Ասենք` բիզնեսմենն իր բիզնեսի բնականոն աշխատանքի ու բարգավաճման ծրագրերն օբյեկտիվորեն կապում էր Հարկայինում կամ Մաքսայինում ազդեցիկ կապերի հաստատման հետ: Սրան զուգահեռ` հարկային ու մաքսային մարմինների աշխատակիցների ընտանիքների գոյատեւման, մի մասի համար` համեմատաբար հարուստ, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ ծայրահեղ շքեղ պայմաններում ապրելու հնարավորությունները պայմանավորվում էին բիզնես շրջանակների հետ ստվերային հաստատուն հարաբերությունների առկայությամբ: Այսինքն` ստեղծվել էր կայուն համագործակցության մի մոդել, որը ձեռնտու էր համագործակցող երկու կողմերին էլ, իսկ բոլոր նրանք, ովքեր չէին տեղավորվում այդ մոդելի տրամաբանության մեջ ու փորձում էին խաղի այլ կանոններ փնտրել, ընդհանրապես խաղից դուրս էին հայտնվում, իսկ որոշ դեպքերում, ինչպես «Ռոյալ Արմենիայի» պարագայում էր` ճաղերի հետեւում: Մարդիկ, ովքեր քիչ թե շատ շփում ունեն մաքսային ու հարկային մարմինների հետ, պնդում են, որ այնտեղ շրջանառվող ստվերային գումարների ծավալները կարող են համեմատական լինել ամբողջ պետական բյուջեի ծավալների հետ: Մասնավորապես, միայն ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման ոլորտում, ըստ որոշ լուրերի, ստվերային եղանակով տասնյակ հազարավոր դոլարներ են պտտվում` ՕՐԱԿԱՆ: Այսինքն` այս համակարգերը վերածվել են կոռուպցիայի ամենաիսկական որջերի: Եվ հենց դա է պատճառը, որ նույնիսկ հանրապետության նախագահը չի կարողանում լիարժեք կերպով հավատալ ո՛չ Հարկայինի պետի եւ ո՛չ էլ բիզնեսի ներկայացուցիչների խոսքերին: Հիմա. արդյոք Հայաստանում հնարավո՞ր է իրական պայքար ծավալել կոռուպցիայի դեմ: Ծայրահեղ բարդ խնդիր է: Ես փորձում եմ պատկերացնել «կոռուպցիայի դեմ պայքար» կոչվածը ոչ թե ամպագոռգոռ ձեւակերպումների լույսի ներքո, այլ մարդկային հարաբերությունների, իրական կյանքի տեսանկյունից: Վերցնենք վերը նշված` ավտոմեքենաների մաքսազերծման ոլորտը: Վերցնենք այն տեսուչին, ով ստվերային եղանակով կարողանում է օրական, ենթադրենք` մի քանի հարյուր դոլար «վաստակել»: Վերցնենք այդ տեսուչի «շեֆին», ով կարողանում է օրական արդեն մի քանի հազար դոլար վաստակել, այդ շեֆի շեֆին, ում վաստակն արդեն էլ ավելի բարձր է, ու այդպես շարունակ: Նրանք բոլորն էլ իրական մարդիկ են, ովքեր ընտանիքներ ունեն, ովքեր, ասենք` նոր առանձնատուն են ձեռք բերել ու հիմա այն վերանորոգում են, կամ երեխային փորձում են արտասահմանյան որեւէ հեղինակավոր ուսումնական հաստատությունում տեղավորել, կամ կնոջ համար նոր մեքենա են ուզում գնել եւ այլն: Ինչպե՞ս պետք է նրանք համակերպվեն այն իրողության հետ, որ «կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի շրջանակներում զրկվելու են իրենց հսկայական եկամուտներից ու բավարարվելու են պետական խղճուկ աշխատավարձով: Ինքներդ ձեզ վրա վերցրեք. կարո՞ղ եք արդյոք պատկերացնել, որ վաղվանից ձեր վաստակը կրճատվելու է մի քանի տասնյակ անգամ: Համաձայնեք` նման հեռանկարը, մեղմ ասած` այնքան էլ չի ոգեւորում: Ընդ որում, մենք խոսեցինք միայն մեկ առանձին գերատեսչության մեկ առանձին ստորաբաժանման մասին: Իսկ հիմա, եթե փորձենք կոռուպցիայի մետաստազների ամբողջ այդ խճապատկերը պրոյեկտել պետական համակարգի վրա ընդհանրապես, ապա կհասկանանք, որ «կոռուպցիայի դեմ պայքար» կոչվածը հասարակության կոնկրետ մի հատվածի, բավականին մեծ հատվածի կենսական շահերի հետ է առնչվում:
Կա՞ արդյոք մի ոլորտ, որն այսօր թաղված չլինի կոռուպցիայի մեջ: Ծավալներն ու հանրային կյանքի համար երեւույթի վտանգավորության աստիճանը, իհարկե, կարող են տարբեր լինել: Օրինակ` եթե արդարադատության համակարգի կոռումպացվածության շնորհիվ մարդասպանն ազատության մեջ է հայտնվում, դա, հանրային տեսանկյունից, ավելի վտանգավոր է, քան բուժքրոջ` հիվանդից վերցրած հազար դրամը: Սակայն դա արդեն երկրորդական է, քանի որ թե՛ արդարադատության համապատասխան աշխատակիցը, թե՛ վերջինիս շնորհիվ ազատության մեջ հայտնված մարդասպանը, թե՛ բուժքույրն ու թե՛ հիվանդը մեկ ընդհանուր` «կոռուպցիա» կոչվող երեւույթի անմիջական մասնակիցներն են: Եվ հիմա, այս ամենն աչքի առաջ ունենալով, ես փորձում եմ հասկանալ, թե ինչպես կարելի է փոխել այս իրողությունը, ինչպե՞ս եւ առավել եւս` ումո՞վ: Սա այն դեպքը չէ, երբ մարդկանց կարելի է վախեցնել դատվելու հեռանկարով: Նման հեռանկարը կարող է ազդեցություն թողնել, եթե պոտենցիալ «դատողներն» ավելի շատ են ու ավելի ազնիվ են, քան «պոտենցիալ» դատվողները: Մեզ մոտ «ուժերի հարաբերակցությունն» այդպիսին չէ: Սա նաեւ այն դեպքը չէ, երբ մարդկանց կարելի է սաստել` աշխատանքը կորցնելու վտանգով: Ի վերջո, եթե բոլոր կոռուպցիոներներին հենց վաղն ազատենք աշխատանքից, ապա պետական կառավարման համակարգում միանգամից կադրային հսկայական վակուում կստեղծվի, ընդ որում` առավելապես ղեկավար պաշտոններում, իսկ դա կարող է կաթվածի հասցնել ամբողջ համակարգը: Եվ ստեղծվում է մի իրավիճակ, երբ կոռուպցիան, ըստ էության, հանրային կյանքի քիչ թե շատ կայուն կենսագործունեության հիմնական գրավականներից մեկն է դարձել: Հասկանում եմ, որ սա ծայրահեղ պարադոքսալ է հնչում, սակայն դրանից իրողությունը չի փոխվում: Հետեւաբար, եթե իշխանությունները փորձում են իրական պայքար ծավալել կոռուպցիայի, ինչպես նաեւ՝ արատավոր այլ երեւույթների դեմ, նրանք, փաստացի, պետք է դեմ դուրս գան հանրության մի որոշակի հատվածի կենսական շահերին: Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ այդ հատվածն առավելապես հարուստ, որոշակի լծակների տիրապետող, տարբեր թելերով տարբեր այլ կառույցների հետ կապված մարդկանց մի բազմություն է, որը միավորվելու դեպքում կարող է իրական ուժ դառնալ. ասենք` մի քանի օլիգարխ, բարձր պաշտոններ զբաղեցնող մի քանի տասնյակ չինովնիկներ, միջին օղակների մի քանի հարյուր աշխատակիցներ եւ այլք: Եթե նրանց շահերը համընկնեն, կամ, ավելի պարզ ասած` նրանք բոլորը հայտնվեն «պոտենցիալ դատվողների» ցուցակում, ապա նրանք կարող են նաեւ իշխանությանն ընդդիմացող իրական ուժի վերածվել:
Այսինքն` կոռուպցիայի, ստվերային տնտեսության, հովանավորչության եւ այլ երեւույթների դեմ պայքարն իրականում ծայրահեղ լուրջ, ընդ որում` հիմնականում ստորջրյա, անտեսանելի խնդիրների հետ առնչվող մի գործընթաց է, որի արդյունավետ ծավալման համար նախապայմաններն այսօր գրեթե իսպառ բացակայում են: